Ինչո՞ւ է ջղաձգվում Ադրբեջանը


Երբ Հայաստանը ֆուտբոլային դիվանագիտության առաջին քայլերն արեց, և Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն ընդունելով Հայաստանի իր պաշտոնակցի հրավերը, մեծ պատվիրակության գլուխն անցած, ժամանեց Երևան, Ադրբեջանի համար մղձավանջային օրեր սկսվեցին, և առայժմ դրանց վերջը չի երևում: Բայց ճշմարտության դեմ չմեղանչելու համար հարկավոր է նշել, որ նրանց մղձավանջը սկսվել էր դեռ Ադրբեջանի համար չարաբաստիկ 1988-ի այն օրը, երբ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակեր տում հավաքված ժողովրդի շուրթերից հնչեց ինքնաբուխ «Միացումը» ու արձագանքվեց աշխարհի տարբեր ծագերում ծվարած յուրաքանչյուր հայի սրտում… Այդ պահից ի վեր մղձավանջը դարձավ Ադրբեջանի առօրյայի անբաժան ուղեկիցը, և քանի գնում, ավելի է թանձրանում, ավելի մռայլ գույներ է ստանում: Ախր, մեղադրելու էլ չի. բժիշկներն ասում են, որ գարնանն ու աշնանը բոլոր, այդ թվում նաև հոգեկան հիվանդութ յունները սրվում են: Իսկ աշունը հեռու չէ: Աշնանը Անկարայում կայանալու է Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային պատասխան հանդիպումը, և չի բացառվում, որ այս անգամ էլ Սերժ Սարգսյանը Թուրքիայի իր պաշտոնակցի հրավերով հատի հայ-թուրքական սահմանը: Ու այդ դեպքում Ադրբեջանում փսիխոզը կանցնի ընկալելի բոլոր չափերը: Ահա թե ինչն է անհանգստացնում ադրբեջանցիներին, և ահա, թե որն է հատկապես ինտերնետային կայքերում ադրբեջանցի մեր գործընկերների` ցնդաբանության աստիճանի հասնող վերլուծությունների պատճառը: Սակայն, չարժե ժամանակ ու էներգիա վատնել` դիցուք ոմն Ալի Մամեդովի մտքի փայլատակումները վերծանելու վրա: Նրա ու նրա նմանների ճամարտակությունների սնանկությունը ներկայացնելու փոխարեն մեր պապերի իմաստնությամբ նորից փաստենք` խևին խրատն ինչ կանի, սևին օճառն ինչ կանի: Անցած շաբաթ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինն այցելեց Անկարա: Իր թուրք պաշտոնակցի հետ նրա բանակցությունները, ինչպես նշում են ռուսաստանյան լրատվամիջոցները, բարդ էին, բայց դրանց արդյուն քում կնքվեցին շուրջ երկու տասնյակ պայմանագրեր: Իր կարևորությամբ դրանցից առանձնանում է հատկապես Թուրքիայի ջրային տարածքով` Սև ծովի հատակով Ռուսաստանից դեպի Եվրոպա «Հարավային հոսք» գազամուղի անցկացման մասին փաստաթղթի ստորագրումը: Ընդ որում, նախատեսվում է` այդ գազամուղով երկու անգամ ավելի շատ գազ մղել, քան «Նաբուկոյով»: Այսինքն, «Հարավային հոսքը», Եվրոպային գազ մատակարարելու խաղից Ռուսաստանին դուրս մղելու «Նաբուկոյի» հակակշիռն է: Կարևոր է նշել, որ «Նաբուկո» խողովակաշարի գազով հիմնական մատակարարը Ադրբեջանը պետք է լիներ: Իսկ «Հարավային հոսքի» ծնունդով Ադրբեջանը զրկվում է տարածաշրջանում Եվրոպային գազամատակարարի գրեթե մենաշնորհից, ինչը, անշուշտ, քաղաքական մեծ շահաբաժիններ կարող էր բերել Բաքվին: Եվ ահա, վերջինիս համար այս ոչ շահավետ «Հարավային հոսքի» կայացման մեջ իր գործուն մասնակցությունն է ունենում նրա ավագ եղբայր Թուրքիան: Որքան էլ Ադրբեջանի և Թուրքիայի մասին ասվի մեկ ազգ, երկու պետություն, որքան էլ Բաքուն հոխորտա իր Անկարա ավագ եղբոր շվաքի տակ, այնուամենայնիվ իրողությունն այն է, որ Թուրքիան ունի Ադրբեջանի շահերին հակասող ի°ր շահերը, որոնք երբեք չի զոհաբերի` նույնիսկ հանուն Բաքվի հետ ունեցած արյունակցական կապերի: Ռուսաստանյան ԶԼՄ-ների տեղեկատվության մեջ կար մի կարճ նախադասություն: Ըստ այդմ, Վ. Պուտինն -Էրդողանի հետ զրույցում ասել է, թե Ռուսաստանը չի կարող փոխարինել ղարաբաղյան հակամարտության կողմերին և հիշատակել է Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հետ ՌԴ նախագահի հանդիպումնե րը: Իրոք, համառոտ տեղեկատվությունից կարելի է հասկանալ, որ Էրդողանը փորձել է քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը, սակայն նրա ռուս գործընկերը հասկացրել է, որ այս հարցում Թուրքիան անելիք չունի: Ղարաբաղյան թեմատիկայով ՌԴ վարչապետի հետ զրույց ծավալելու Էրդողանի փորձը կարելի է բացատրել երկու հանգամանքով: Առաջինը` մոտենում է հայ-թուրքական սահմանը բացելու համար Հայաստանի նախանշած ժամկետը, և Թուրքիայի վարչապետը թերևս փորձել է ստանալ Ռուսաստանի համաձայնությու նը` սահմանը բացելու հարցը պայանավորել ղարաբաղյան հակամարտության լուծմամբ: Սա չստացվեց: Երկրորդը. ցույց տալ Ադրբեջանին, որ Անկարան փորձում է օգտակար լինել Ղարաբաղի հարցում և այդպիսով մեղմել հայ-թուրքական հարաբերություններում առկա գործընթացով պայմանավորված` Ադրբեջանի խանդը: Իհարկե, հայ-թուրքական սահմանի բացումը կարող է շոկային ազդեցություն ունենալ Ադրբեջանի համար. այդպիսով կվերանա Հայաստանի շրջափակումը: Բայց սահմանի բացումն այս պահին, թերևս շատ ավելի անհրաժեշտ է Թուրքիային: Վերջինս ձգտում է կարևոր դիրք զբաղեցնել Հարավային Կովկասում, դառնալ տարածաշրջանային «ավտարիտետ»: Սակայն այդպիսին դառնալու համար նա պետք է նորմալ հարաբերություններ ունենա տարածաշրջանի բոլոր պետությունների հետ: Բացի այդ` պարզ չէ, թե հայ-թուրքական սահմանը չբացելու դեպքում Անկարան ինչպես պետք է արդարանա Եվրամիության և իր դաշնակից ԱՄՆ-ի առջև: Վերջինը քիչ ջանքեր չի գործադրել սահմանի բացման համար: Չմոռանանք` Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Թուրքիայի Ազգային ժողովում հայտարարեց, թե հայերի ցեղասպանության հարցում ինքը չի փոխել իր դիրքորոշումը: Իսկ դա նշանակում է, որ սահմանը չբացելու դեպքում Թուրքիայի վրա Նահանգների ճնշումները կարող են և չբացառվել: Բացի այս ամենից, մոտ ապագայում կսկսի կառուցվել Հայաստան-Իրան երկաթուղին, ինչն ինքնին կվերացնի Հայաստանի շրջափակումը: Ավելին, դրանից հետո հայ-թուրքական սահմանը փակ պահելը, նույնիսկ ուշացումով բացելը արդեն իսկ դառնում է անիմաստ: Այս ամենն իհարկե հաշվարկում են նաև Բաքվում: Եվ հասկանալի է, որ աշնան, այսինքն` Հայաստանի հետ Թուրքիայի սահմանը հնարավոր բացման ժամկետի մոտենալուն զուգահեռ Բաքվում արդեն վաղուց սկսված մղձավանջը վերածվում է ջղաձգությունների:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ