ՍԵԶՈՆԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Կարո՞ղ է այնպես ստացվի, որ քաղաքականությունը հետայսու սեզոնային երևույթ համարվի… Բնավ էլ ոչ: Եթե նախկինում ամառային տապը դեռ ինչ-որ տեղ մեղմում էր ներքաղաքական թեժացումները` հայրենի քաղաքական դաշտի երևելիներին ակտիվ հանգստի ուղարկելով, ապա ընթացիկ ամառը ոչ միայն հորդառատ անձրևներով, այլ նաև հասարակական-քաղաքական ընդգրկուն իրադարձություններով նշանավոր վեց: Դրանք բառի ամենալայն իմաստով հասարակական-քաղաքական էին, քանի որ ակտիվ էր թե° հասարակությունը և թե° քաղաքական դաշտը: Ղարաբաղի հարցը, իսկ ավելի ճիշտ` դրա շուրջ նոր թափ հավաքած քննարկումները հերթական անգամ ոչ միայն և ոչ այնքան արտաքին քաղաքականության օրակարգա յին խնդիր դարձավ, որքան` թեմա կամ օբյեկտ, ինչի շուրջ էլ հայրենի քաղգործիչները ամենայն պատրաստակամությամբ շարունակեցին ավանդական հակամարտությունը: Այս ամենից ղարաբաղյան հիմնախնդիրն իհարկե ոչինչ էլ չշահեց: Իր հերթին` դրանում ակտիվորեն ներգրավված արմատականների պարագայում թեև աննկատ, սակայն իշխանափոխության խնդիրը երկրորդա կան դարձավ: Ու թեև «Ղարաբաղը ծախում են» հանրությանն ահաբեկող ձևակերպման շրջանառմամբ առավելապես հենց նրանք էին շահագրգիռ, բայց սույն հոռետեսական և գործնականում անհեթեթ և իր անհիմն լինելը հերթական անգամ ապացուցած կոնգրեսականների այս թեզը իրականում նույն ՀԱԿ-ի դեմ աշխատեց: Կարևոր մի հանգամանք անտեսվել էր. հանուն խաղաղության և Ղարաբաղի, հանրությունն ու նույնիսկ Կոնգրեսի համակիրները կարող են «մոռանալ» ցանկացած իշխանափոխություն` զուգահեռաբար առաջադրվող ամեն ինչով հանդերձ: Այնպես որ, հայրենի ընդդիմությունն ավանդաբար մեռյալ, բայց այս անգամ անձրևների պես ակտիվ քաղաքական ամառը եզրափակում է ակամայից սպիտակ էջի առաջ հայտնվելով` հարկադրված ամեն ինչ նորից, գրեթե զրոյից սկսել: Ահա թե ինչու և ինչպես ստացվեց, որ Հայ Ազգային Կոնգրեսի առաջին տարեդարձը, նույնիսկ համապատասխան շրջանակներում, այդպես էլ նախորդ օգոստոսի 1-ի հիմնադիր հանրահավաքը գոնե հնարավո րության սահմաններում «կրկնելու» փորձ անգամ չարվեց: Իսկ մարզային փոքրամասշտաբ հանդիպումնե րը, ինչպես միշտ, այն փոքր ծիլերն են, որոնց առկայությունը դեռ կարող է ապագայի անելիքների ու ծրագրերի մասին մտածելու հնարավորություն ստեղծել: Թերևս հենց այս հույսով էլ կոնգրեսականներն այս օրերին օգտակարն ու հաճելին համատեղելով` մարզից մարզ են շրջում` մեր հայրենակիցների ամառային միապաղաղ առօրյան քաղաքականությամբ շաղախելու պարզ նպատակադրմամբ: Իր հերթին Լևոն Տեր-Պետրոսյանն ամենուր հայտարարում է, թե. «Չկա աշխարհում որևէ մղձավանջ, որը վերջ չունենա»: Սակայն մղձավանջներն ակնհայտորեն հենց ՀԱԿ-ին հանգիստ չեն տալիս: Թեպետ մայրաքաղաքային քարոզչության գործն այս շրջանում կիսաարձակուրդային ռեժիմով տպագրվող երևանյան ընդդիմադիր թերթերն են ստանձնել, այսուհանդերձ, գործը նրան է հասել, որ օրերս ղարաբաղյան թեմայով մոսկովյան հայտնի հանդիպումը «քողազերծող» հրապարակումներ եղան. թե իբր Ռուսաստանի մայրաքաղաքում այնուամենայնիվ ինչ-որ բան է ստորագրվել: Ակնհայտ է, սակայն` արմատականներն իրենք են խոստովանում, որ հերթական քաղաքական ամառը տանուլ են տվել` խոստանալով սկսվող աշնան շրջանակներում նոր զարգացումներ և ներքաղաքական ակտիվություն դրսևորել: Բայց հասարակությունն էլ լավ գիտի, թե նույնքան «խոստումնալից» նախադրյալներով նախկինում չկայացած թեժ աշունները որքան աննկատ ու հանդարտ, տրամաբանական ու օրինաչափ ընթացք են ունեցել: Իսկ այս անգամ առավել, քան երբևէ, բոլոր նախադրյալները կան` ենթադրելու, որ այս աշունը նույնպես բացառություն չի լինելու: Առավել ևս, որ ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ստեղծված քաղաքական թեժացումն ամռան տապին զուգահեռ նահանջում է: Իրատեսները դա ևս օրինաչափ են համարում:

Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ