Բանակին` համընդհանուր հոգածություն


ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ողջույնի խոսքը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հիմնադրման 15-րդ տարեդարձի և ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների հերթական հոսքի առթիվ (հատված) Հայաստանի Հանրապետության մեծարգո Նախագահ, Վեհափառ Տեր, պարոնայք գեներալներ, սպաներ և կուրսանտներ, հարգելի հյուրեր. Սրտանց ողջունում եմ բոլորիդ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության սպայական խոշորագույն կրթօջախի` Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կազմավորման 15-րդ տարեդարձի և բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների հերթական հոսքի կապակցությամբ: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը ստեղծվեց 1994 թվականին` պատերազմի և զինադադարի սահմանագծին, երբ կամավորական ջոկատների հիմքի վրա ձևավորված հայկական բանակն արդեն մարտական գործողությունների հսկայական փորձ էր ձեռք բերել: Դա մեր պատմության և զինված ուժերի աստեղային այն պահերից էր, երբ կադրային զինվորականության փորձը եկավ միաձուլվելու կամավորականների անօրինակ նվիրումին, որը մարտից մարտը և յուրաքանչյուր նոր զինատեսակի կիրառմամբ վերածվելու էր նաև ռազմական փորձի և գործնական գիտելիքների: Սակայն ինչպես յուրաքանչյուր բնագավառ և անգամ ավելի, քան մյուս բնագավառները, զինված ուժերը կարիք ունի պարբերական համալրման և նորացման: Ահա այս պատճառով հրամայական անհրաժեշտութ յուն էր սպայական նոր սերնդի ձևավորումը, որպեսզի ռազմաճակատում հաղթանակը կռած իրենց զինակից ավագ ընկերների կողքին նրանք շարունակեին իրականացնել մեր հայրենիքի պաշտպանության և Զինված ուժերի մարտունակության շարունակական բարձրացման դժվարին ու պատասխանատու գործը: Այսօր ուրախալի իրողություն է, որ հրամանատարական տարբեր օղակներում զինված ուժերի ղեկավարման պատասխանատվությունը հավասարապես կիսում են արդեն մեր` Հայաստանի Հանրապետության բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններն ավարտած ավելի քան չորս հազար սպաներ` մոտոհրաձիգներ, հրետանավորներ, տանկիստներ, հետախույզներ, զինվորական բժիշկներ ու օդաչուներ, հակաօդային պաշտպանության ու ավիացիոն մասնագիտությունների սպաներ, և նրանք բանակում զբաղեցնում են հրամանատարական գրեթե բոլոր պաշտոնները` դասակի հրամանատարից մինչև գնդի հրամանատար: Այսինքն` մեր ռազմաուսումնական հաստատությունները, արդեն միանշանակ կարելի է փաստել, որ կայացել են ու ծառայում են իրենց նպատակին, ինչը բոլորիս մեծ երազանքի մարմնավորումն է ու խորհրդանշում է դրա իրականացումն այսօր: Անցնող տարիները վկայեցին, որ Հայաստանի բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունները պատրաստեցին արժանի հերթափոխ, հրամանատարական կազմ, որը շարունակում է թե° Հայկական բանակի հերոսական ավանդները և թե` լավագույնս է տիրապետում այսօրվա զինվորական գործին: Իսկ վերջինս ունի մի պարզ բանաձև` «Ուժի ուղղորդումը ժամանակի և տարածության մեջ»: ...Մեր բանակը եղել է և կլինի համընդհանուր հոգածության առարկա: Բանակի խնդիրները` զինվորական ների սոցիալական վիճակից և բնակարանաշինությունից մինչև ռազմավարական խնդիրներ, միշտ եղել են պետության ուշադրության կենտրոնում, և այն, որ մեր բանակն այսօր պատվով պաշտպանում է հայրենիքի սահմանները և պատրաստ է դիմագրավելու ցանկացած մարտահրավերի, արդյունք է հանրապետության նախագահի, մեր պետության ղեկավարության ու հայ ժողովրդի ուշադրության դեպի զինված ուժերը: Այդ ուշադրությունը նաև պարտավորեցնում է շարունակել ամենօրյա ուսուցմամբ կատարելագործվել, հզորանալ, մեծացնել մարտունակությունը ու համաքայլ ընթանալ 21-րդ դարի բանակներին ներկայացվող բավական խիստ պահանջներին: ... Սրտանց շնորհավորելով մեր բոլոր նորընծա սպաներին` մաղթում եմ քաջառողջություն, խաղաղ ծառայություն, զինվորականի դժվարին ուղով անսայթաք քայլելու և բարձունքներ նվաճելու կամք ու վճռականություն: Գիտակցեք, որ սպայի մասնագիտությունը հերոսական է, հպարտացեք դրանով և եղեք ուժեղ ու հաջողակ բոլոր ձեռնարկներում: Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը կայցելի ՀՀ ՊՆ մարշալ Հ. Բաղրամյանի անվան ուսումնական կենտրոն` խաղաղապահ և հատուկ նշանակության ուժերի մարտավարական զորավարժությունների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով: