Մի կյանքի պատմություն


Իմ հերոսուհին շուտով կբոլորի իր 104 տարին… Մեկ դար և չորս տարի ապրում է նա` Մարի Վարդանյանը (Խբիկյան), ապրում է զարմանալիորեն խաղաղ էությամբ, անվրդով` իրեն շրջապատող հարազատներին, ծանոթներին ու ազգականներին, առաջին անգամ հանդիպողներին իսկ մշտապես անակնկալի բերելով իր ապշեցնող, տարողունակ, պայծառ հիշողությամբ ու հուշերով… Հուշեր, ուր Արևմտյան Հայաստանի մալաթիացի Ստեփան Խբիկյանի և Սաթենիկ Մազմանյանի` տիկին Մարիի ծնողների լուսավոր կերպարներն են, Թուրքիայի կառավարության անդամ` պապիկի` Գևորգ էֆենդի Մազմանյանի, եղեռնին զոհ գնացած քեռիների, նրանց կանանց, մորաքույրների, հարևաններից շատ-շատերի երբեք չմոռացվող դեմքերը… Տիկին Մարիի ճերմակ, բարակած, նշխարի պես թափանցիկ մաշկի վրա շատ քիչ խորշոմներ կան, կարմրած կոպերի տակից մի քանի կաթիլ արցունք է գլորվում այտերն ի վար, երբ պատմում է իր հայրենի Ինդարա սարից բխող սառը ջրի մասին, անմահական խաղողի, ճաքող ձմերուկների ու նռան, իր մանկության արահետների, Էրգրի ծով երկնքի ու աղբյուրների, դաշտերի ու ձորերի, համադամ կերակուրների ու քաղցրահամ բլիթների մասին… «50 թթի ծառ ունեինք, չէինք հասցնում թափ տալ, ինքն իրեն թափվում էր գետնին, չամիչ դառնում, ամեն տեսակ բերք ու բարիք կար, թուրքն ամեն ինչ ավերեց ու թալանեց, արուն արեց, արցունք էլ չմնաց, որ լացեինք, մեռելները թաղող չմնաց»,- մորմոքով պատմում է Մարի տատիկը: …Մալաթիայի փողոցները ջուր բերելու պատրվակով հայ տղամարդկանց տանում էին փոսեր փորելու և գնդակահարում, տանում են և Մարիի հորը, իսկ այն ընտանիքներին, ում տղամարդը չկար, աքսորում էին անհայտ ուղղությամբ: Ինքը տատի հետ ևս բռնում է աքսորի ճամփան, հետո հայտնվում է որբանոցում, հրաշքով փրկված մայրը միանում է նրանց: Մարին Հալեպում հանդիպում է իր երկրորդ կեսին` Կարապետ Վարդանյանին, ամուսնանում են, ծնվում են Անահիտը, Լուսինեն, Արմենը, Անգինը… Կյանքը շարունակվում է, բայց չի վերջակետվում Մարի տատիկի ծով կարոտը, աչքերում միշտ սպասման ու թաքուն հույսի մի աղոտ լույս է առկայծում: Հալեպից մայր Հայաստանում հանգրվանած նրա ընտանիքը բնավորվում է վերածնված նոր Մալաթիա թաղամասում, Երևանում: Մեծանում են զավակները, քիչ թե շատ սպիանում են վերքերը, ինքը դարձյալ շարունակում է պատրաստել Էրգրի ճաշատեսակներն ու թխվածքները` կարնյարեխն ու իշտլի քյուֆթան, յուղով բլիկը, գործում է, կարում, ասեղնագործում` նույնիսկ մինչև հիմա, երբ մեկ դար և չորս տարի երկիր մոլորակի բեռան մի մասն էլ ինքն է կրել իր ուսերին: Տղան` Արմենը, հարսը` Արաքսը, աղջիկները` Անահիտն ու Անգինը (Լուսինեն մահացել է), այն երջանիկնե րից են, ովքեր հանձին Մարի տատիկի, վայելում են մեր պատմության էջերից մեկը, վայելում են իրենց մոր ներկայությունն ու սովորում նրանից ապրել արևի նման ու լույսի, ամեն մի բացվող լուսաբացի փառք տալ Տիրոջը: Զափթիե, օսման, ենիչերի բառերը պղտորում են դար անցած հայուհու հոգին ու չի ուզում ետ նայել, վերհիշել, վերապրել… Բարձրահարկ շենքի բնակարաններից մեկում ապրում է մեր պատմության մի պատառիկը, սրբահունչ մի մագաղաթ, 104 ամյա տաճարի մի վեմ ու մի խորան, մի մարմրող ճրագ, մասունք` Մարի Վարդանյանը:

Կարինե ԱՎԱԳՅԱՆ