Ոչ ոք հատուկ կարծիք չնշեց


 

Աստանայում Նազարբաևի` Իլհամ Ալիևի նամակի ընթերցումը Հայաստանում շատերի տարակուսանքն առաջացրեց, միաժամանակ առիթ դարձավ մեր երկրի արտաքին կողմնորոշման շուրջ բանավեճի վերսկսման: Այդ մասին «Ավանգարդը» զրուցեց ԱԺ ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ ՄԻՆԱՍՅԱՆԻ և «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ, երկար տարիներ Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա ՊԱՊՅԱՆԻ հետ:

 

Լեզուն անօրենության աշխարհն է. ապականում է մարմինը և հրդեհում կյանքը:

Հմմտ. Յակոբոս 3, 6

ՏԵՍԱԿԵՏ

Ոչ ոք հատուկ կարծիք չնշեց

Գագիկ ՄԻՆԱՍՅԱՆ. «Կարծում եմ` Աստանայի գագաթնաժողովի մասին մեզանում եղած զրույցների հիմնական խոցելիության պատճառն այն է, որ մարդիկ փորձում են եզրահանգում կատարել` հատվածական վերաբերվելով ողջ գործընթացին»

Անցած տարվա նոյեմբերին մեր մի հարցազրույցում Դուք պնդում էիք, որ Մաքսային, այնուհետև Եվրասիական Միությանն անդամակցելը մեր շահից է բխում, և դրական լուծում կստանա Ղարաբաղյան հիմնահարցը: Իսկ Նազարբաևի կողմից Ալիևի նամակի հրապարակումը չի՞ փոխել Ձեր տեսակետը:

Որպեսզի չկրկնենք բոլորի սխալը, պետք է ողջ գործընթացը դիտարկենք դրա սկզբից: Սեպտեմբերի 3-ից հետո ձևակերպվեց հետևյալ բանաձևը. ՀՀ-ն ու ԼՂՀ-ը միասնական տնտեսական տարածք է և այդ երկու սուվերեն պետությունների միջև որևէ մաքսային սահման չկա ու չի կարող լինել: Երկրորդ. տնտեսական, ֆինանսական, մշակութային, ռազմական առումներով միմյանց չափազանց ինտեգրված այդ երկու պետություններից մեկը` ՀՀ-ն, սկսում է գործընթաց` անդամակցելու Մաքսային, այնուհետև Եվրասիական Միությանը: ԼՂՀ-ն չլինելով Եվրասիական տնտեսական միության տարածք, նրա տարածքը դե ֆակտո կդառնա ԵՏՄ տարածք: Այդպիսով, օգտվելով դրա տնտեսական առավելություններից, բնականաբար, դրան կհաջորդի նաև պաշտպանական ավելի բարձր մակարդակը: Եվ բնական էր, որ Ադրբեջանում չափազանց մտահոգվեցին այդպիսի զարգացումներով և իրենց ողջ ջանքերը ներդրեցին, որպեսզի նման զարգացումները խափանեն: Դրա գագաթնակետը անցած դեկտեմբերի 24-ին Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստն էր, որտեղ երեք պետությունների ղեկավարները քննարկում էին ՀՀ-ին ՄՄ ճանապարհային քարտեզ տալու հարցը: Նիստից մի երկու օր առաջ Վ. Պուտինը ստորագրել էր երկու հրամանագիր: Առաջինով վերացրել էր մաքսային սահմանը ՌԴ և Աբխազիայի միջև, երկրորդով` մաքսային սահմանը ՌԴ և Հարավային Օսիայի միջև: Իսկ դեկտեմբերի 24-ին Նազարբաևը ասաց, որ վերապահումով կստորագրի ՀՀ-ին ճանապարհային քարտեզ տալու համաձայնագիրը, որպեսզի ճշգրտվի ՄՄ սահմանը Հայաստանի պարագայում: Արդյունքում այդ առաջարկությունը երեք պետությունների ղեկավարները մերժեցին, և ամփոփիչ փաստաթղթերում ոչ ոք, նաև Նազարբաևը հատուկ կարծիք չնշեց: Սա չափազանց կարևոր հանգամանք է:

- Այդ դեպքում, ըստ Ձեզ, ո՞րն էր Նազարբաևի հարցադրման նպատակը:

- Նազարբաևը այդպիսով ադրբեջանական, թյուրքալեզու ողջ ժողովուրդների աչքում, իր տեսակետից հանիրավի ճնշված ադրբեջանցիների միակ պաշտպանը դարձավ: Իսկ մենք չափազանց մեծ բան շահեցինք նրա հիշյալ հարցադրումից: Առանց այդ հարցադրման ճանապարհային քարտեզը ստանալուց հետո ցանկացած պահի ցանկացած երկիր կարող էր մեզ հարցնել` իսկ որտեղո՞վ է անցնում ԵՏՄ սահմանը ՀՀ-ում: Հիմա, երբ այդ հարցը քննարկվել և մերժվել է, արդեն ոչ ոք ոչ բարոյական, ոչ էլ իրավական իրավունք չունի կրկին բարձրացնելու խնդիրը: Իսկ Աստանայում Նազարբաևը ներկայացրեց Ալիևի նամակը` ասելով, թե դա անում է պարզապես իրենց գործընկերներից մեկին չնեղացնելու համար: Նա նաև նշեց, որ նամակը կարդում է ամենևին ոչ քննարկելու համար: Պարզ էր, որ նախագահներն ասելու էին, թե այդ հարցը արդեն քննարկել ու մերժել են: Նազարբաևը նամակի ընթերցումով շահեց այն, ինչ շահել էր դեկտեմբերի 24-ին: Հայաստանն էլ շահեց այն, ինչ նախորդ անգամ:

- Բայց կարծեք թե մենք հաշվի չենք առնում, որ աշխարհում մեծ արագությամբ փոփոխություններ են տեղի ունենում. չեն գործում միջազգային երաշխիքները: Ինչո՞վ ենք համոզված, որ վաղը ՀՀ-ԼՂՀ սահմանում չեն հայտնվի Ադրբեջանի մաքսավորները, եթե այդ երկիրը նույնպես անդամակցի ԵՏՄ-ին:

- Իմ ասածը հենց այն է, որ ի շնորհիվ Նազարբաևի, արդեն այդպիսի զարգացման հնարավորությունը քննարկվել և մերժվել է: Այսօր արդեն այդ քայլը կատարելու համար որևէ հիմնավորում չկա ու լինել չի կարող: Այդ խնդիրը մոսկովյան և Աստանայի քննարկումների արդյունքում վերացել է. այն ուղղակի լռության է մատնվել:

-Դարձյալ պետք է բերեմ Ուկրաինայի օրինակը: Այդ երկիրը ստացել էր միջազգային երաշխիքներ, որոնց մասնակից էր նաև Ռուսաստանը: Բայց հենց ՌԴ-ն խախտեց այդ երաշխիքները և իրեն միացրեց Ղրիմը, հիմա էլ շարունակում է հովանավորել Ուկրաինայի անջատողականներին: Ի՞նչ երաշխիք, որ նման զարգացում չի լինի նաև ԼՂՀ հանդեպ:

- Չեմ ուզում քննարկել Ուկրաինայի օրինակը, որովհետև ստացվում է, որ ասում ենք ամեն ինչ հնարավոր է` երբ խոսում ենք ուժի դիրքերից: Ուժի դիրքերից եթե խոսելու լինենք, կարող է ասեն` Լոռու և Շիրակի մարզերի միջև էլ մաքսակետ տեղադրենք: Իսկ Ադրբեջանը չեմ կարծում, որ անդամակցի ԵՏՄ-ին: Այսօր աշխարհում առկա զարգացումների պարագայում, երբ Արևմուտքը կարևորում է ռուսական գազից Եվրոպայի կախվածությունը թուլացնելու հարցը, Ադրբեջանը չազազանց կարևոր դեր է ձեռք բերում: ԵՏՄ-ն, տնտեսական միություն լինելով, պետք է միասնական տնտեսական քաղաքականություն վարի և առաջին հերթին էներգակիրների հարցում: Հետևաբար, մտնելով ԵՏՄ, Ադրբեջանը կզրկվի անկախ էներգետիկ քաղաքականություն վարելու հնարավորությունից: Իսկ չմտնելու դեպքում մեծ շահաբաժիններ կարող է ակնկալել եվրոպական երկրների կողմից: Ակնհայտ է, որ նա կընտրի երկրորդ ճանապարհը: Սա տեսակետ կամ վարկած չէ, այլ փաստ է` հիմնված իրողության վրա: Ադրբեջանի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Շահին Մուստաֆաևը պատասխանելով ԵՏՄ-ին անդամակցելու հեռանկարների մասին հարցին, հայտարարել է, որ Ադրբեջանը չի քննարկում որևէ միության միանալու հարց: Ութ-ինն ամիս առաջ այդ վարկածը, թե Ադրբեջանը կարող է անդամակցել ԵՏՄ-ին, քիչ ավելի հավանական էր, քան հիմա: Իսկ հիմա դրա հնարավորությունը գործնականում չկա: