«Ինչքա՞ն ենք զիջելու Ռուսաստանին»


- Ինձ համար շատ ավելի կարևոր և սկզբունքային հարց է, թե ով և ինչպես որոշեց, որ մենք գնում ենք ինչ-որ միության կազմում ընդգրկվելու: Մենք հանրաքվեով ենք ԽՍՀՄ-ից անկախացել, հետևաբար որևէ այլ միության կազմի մեջ մտնելու համար նույնպես հանրաքվե է պետք: Չէ՞ որ մտնելով Եվրասիական Միության մեջ, մենք կորցնում ենք մեր անկախությունը:

Ցանկացած միությանն անդամագրվելը անկախության հարցում որոշակի զիջո՞ւմ է ենթադրում :

- Չկա որևէ երկիր, որը առանց հանրաքվեի մտած լինի Եվրոպական Միություն: Մենք առանց հանրաքվեի ինչպե՞ս ենք որոշում, որ ցանկանում ենք մտնել Եվրասիական Միության մեջ: Այս հարցը երկրի կարգավիճակի փոփոխություն է առաջացնում, սա սովորական պայմանագիր չի: Շատերը փորձում են Եվրասիական Միության անդամակցելը և Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը դնել նույն հարթության վրա` ասելով, թե այնտեղ էլ էինք անկախության որոշ չափի կորուստ ունենում: Ոչ, այն պարզապես առևտրային համաձայնագիր է, որը որոշում է երկկողմ առևտրային հարաբերությունները: Իսկ Եվրասիական Միությունում մենք կարգավորում ենք ոչ թե երկկողմ հարաբերություններ, այլ նաև մեր մյուս հարևանների` Վրաստանի, Իրանի հետ, նրանց հետ մեր հարաբերությունները դնելով Եվրասիական Միության անդամ երկրների վերահսկողության տակ: 2009թ. Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ժամանակ դրան կողմ հանդես եկողները գովք էին անում Հանրային` մեր բոլորի փողերով պահվող հեռուստատեսությամբ: Իսկ պարզվեց, որ ճիշտ էր փոքրամասնությունը, որն ասում էր, թե այդ արձանագրությունները չեն աշխատի: Հիմա էլ նույնն է. բա որ սխա՞լ դուրս գա էս ամբողջը, հետևանքները եթե բացասական լինեն, ո՞վ է պատասխան տալու:

- Մենք բազմիցս լսել ենք, որ Սերժ Սարգսյանը գնաց այդ քայլին` զուտ անվտանգությունն ապահովելու համար: Չե՞ք կարծում, որ Ս. Սարգսյանը նկատի ուներ Արցախի անվտանգությունը, և արդյո՞ք ՀՀ ղեկավարությունը մտավախություն չուներ, որ հակառակ պարագայում Ռուսաստանը կարող էր ագրեսիա իրագործել ԼՂՀ նկատմամբ:

Այո, ես էլ եմ նույնը լսել` ավելի լայն առումով, ոչ միայն Ղարաբաղ: Բայց այս կարգավիճակով, որով մենք ենք մտնում` առանց ԼՂՀ-ի, Ղարաբաղի վիճակը շատ ավելի ծանրանում է: Մեզ հստակ ասել են, որ Հայաստանն անդամակցում է միջազգայնորեն ճանաչված` նախկին ՀԽՍՀ սահմաններով: Ս. Սարգսյանն էլ է ասել, որ Հայաստանը մտնում է Եվրասիական Միություն առանց Ղարաբաղի:

Ս. Սարգսյանը մի ուրիշ բան էլ է ասել` այդ Միությունը սահմանների հարց լուծելու լիազորություններ չունի:

- Համաձայն եմ, Միությունը սահմանների հարց չի լուծում: Բայց եթե մենք ընդունում ենք, որ Հայաստան ասվածը ՀԽՍՀ-ն է, հետևաբար ՀԽՍՀ-ի արտաքին սահմանները դառնում են Եվրասիական Միության սահմաններ, որոնք միության բոլոր անդամների համար ունեն նույն սահմանային ռեժիմ: Կարող է նաև այդպես չլինել, եթե մենք ՀՀ-ԼՂՀ սահմանի համար վերապահում ունենանք պայմանագրում նշված: Եթե նման վերապահում չունենանք, էական չի լինի, թե ինչ է ասել Ս. Սարգսյանը: Կարևորը կլինի այն փաստաթուղթը, որը մենք կստորագրենք: Իսկ եթե այն նախատեսում է մաքսակետեր տեղադրել Եվրասիական Միության սահմանին, ուրեմն այդ մաքսակետերը կդրվեն:

Բայց չմոռանանք, որ մեր Գերագույն խորհուրդը 1989 թ. ընդունել է Հայաստանին Ղարաբաղի վերամիացման մասին որոշումը, որը չեղյալ չի համարվել: Ըստ էության, ՀՀ-ն և Ղարաբաղը դե յուրե միացած են, և խնդիրը պարզապես աշխարհին դա ապացուցելն է:

- Ինքս այդ մասին բազմիցս գրել եմ: Ավելին, մեր Սահմանադրությամբ 1995 և 2005թ. վերախմբագրումով վերահաստատել ենք դեկտեմբերի 1-ի այդ որոշումը: Շատերն են մոռանում, որ մենք ՀԽՍՀ-ի սահմաններով չենք անկախություն հռչակել: Մենք ՀՀ և Արցախի միասնական անկախությունն ենք հռչակել: Իրավաբանական հիմքը մենք ապահովել ենք: Բայց դրա մասին պետք է ասվեր:

Ուզում եք ասել, որ Նազարբաևին պետք է հիշեցվե՞ր այդ մասին:

- Իհարկե: Բայց Ս. Սարգսյանն ասաց հակառակը` օրենսդրորեն և մեր պատկերացումներով Ղարաբաղը Հայաստանի մաս չի: Դա ընդունելի չի: Հետո այլ հանգամանք ներ էլ կան. ՀՀ տարածքի բնակիչն է հայաստանյան անձնագիր ստանում: Իսկ եթե ԼՂՀ-ն Հայաստանի մաս չի, այդ ինչպե՞ս են ԼՂՀ բնակիչները Հայաստանի անձնագիր ստանում: Առաջանում են նաև բազմաթիվ կարևոր հարցեր` զինակոչի, դրան առնչվող այլ խնդիրներ: Այն տեսակետը, որ Լեռնային Ղարաբաղը ՀՀ մաս չի, մեզ կգցի լրջագույն իրավական խնդիրների մեջ: Ես պատրաստ էի որոշ ինքնիշխանություն, մեր երկրի բարեկեցության որոշ մաս զոհել` հանուն Ղարաբաղի:

Դրան, կարծում եմ, շատերը կհամաձայնեն :

- Բայց եթե հակառակը լինի, ինչի՞ եմ այդ քայլին դիմելու: Այսինքն` նժարի վրա պետք է դնես: Ինձ չեն հիմնավորում, որ Եվրասիական Միություն մտնելը լավ կլինի մեզ համար:

Դեկտեմբերին Նազարբաևը ինքը չստորագրեց Հայաստանի անդամակցության վերաբերյալ իր առաջարկած վերապահումների մասին փաստաթուղթը: Այս դեպքում արդյոք չի՞ արժեզրկվում Ալիևի նամակի ընթերցումը:

- Տարբեր պատճառներ են լինում` սեփական առաջարկը չստորագրելու համար: Երբ տեսնում եմ, որ արդեն հասել եմ առաջարկիս նպատակին, այլևս չեմ ընդունի արածս առաջարկությունը: Իսկ դեկտերմբերին արված առաջարկից Աստանայում ասվածը շատ ավելի պրոադրբեջանական է: Աստանայում մեզանից հստակ հայտարարություն են պահանջել, որ Ղարաբաղը Հայաստանի մաս չի: Ընդհանրապես, Եվրասիական տնտեսական միության իմաստը շատ հակաժամանակակից է, հետամնացության միտում է պարունակում: Իսկ ժամանակակից աշխարհում գնում են մաքսակետերի վերացման, ընդհանուր` հնարավորինս մեծ մաքսային գոտիների ստեղծման: Սա արդի միտումներին դեմ է: Այս մի քանի երկրներն ուզում են կտրվեն աշխարհից, փակեն իրենց շուկան: Հայաստանի համար կրկնակի վատ է:

Կրկին հանգում ենք նույն` անվտանգության խնդրին: Մերժելու դեպքում արդյո՞ք չենք վտանգի մեր երկիրը` որպես դաշնակից կորցնելով Ռուսաստանը:

Անհրաժեշտ է հստակեցնել` Ռուսաստանը մեզ բարեկամ երկիր է, թե՞ չէ: Եթե բարեկամ է և հարգում է իր պարտավորությունները, որևէ խնդիր չպետք է առաջանա: Եթե թշնամի երկիր է, որովհետև նման վերաբերմունք ունենում են թշնամի երկրները. ՌԴ-ն իրեն այդպես է պահում` ասելով, եթե իմ ուզածը չանես, այսպես ու այնպես կանեմ: Ուրեմն պետք է մտածել, թե ինչպե՞ս ենք ելք գտնում: Իսկ նման երկրների հետ Եվրասիական Միություն մտնելը, կնշանակի, որ երաշխիք չունենք, թե վաղը նույն սպառնալիքը չի կրկնվելու: Իսկ եթե վաղը ասի Զանգեզուրը պետք է զիջեք Ադրբեջանին, հետո էլ… Եթե ՌԴ-ն այդպես է ասում, մենք էլ պետք է ասենք` ոչ…

- Բայց կարո՞ղ ենք:

- Ինչու չենք կարող: Ռուսաստանը շահ ունի մեզ մոտ ռազմաբազա ունենալ, մենք էլ ասում ենք` զորքերդ վերցրու-գնա: Շատ երկրներ կան, որ կերազեին այստեղ ռազմակայան ունենալու, դեռ մի բան էլ կվճարեն դրա համար: Հարկ լինի` կկռվենք. չասեք` չենք կարող. 90-ականներին Մոսկվան չէր ասում` Ղարաբաղը Ադրբեջանինն է, 22 անգամ ավել զենք էր տվել Բաքվին, բայց կռվեցինք ու հաղթեցինք: Ուղղակի երկրում և´ իշխանությունը, և´ ժողովուրդը, և´ բանակը իսկապես պետք է միասնական լինեն… Ի վերջո մենք մի գիծ պետք է քաշենք ու հասկանանք` ինչքա՞ն ենք պատրաստ զիջելու Ռուսաստանին:

Հարցազրույցները վարեց

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ