«ԽԱՉ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ»` ՀԱՅ ԿԻՆՈՅԻՆ ԶՈՐԱՎԻԳ


Կինոբովանդակության բազմազանությամբ աչքի ընկավ «նախածիրանային» ամենախոշոր հայկական կինոհամաժողովը` «ՄԷԿ ԿԱԴՐ» կարճ ֆիլմերի 12-րդ միջազգային փառատոնը (հիմնադիր նախագահ` Գագիկ Ղազարէ):

ՆՓԱԿ-ի լայնատարած ճեմասրահում Սերգեյ Փարաջանովի հանրահայտ «Նռան գույնի» բարձրաճաշակ «Խոստովանություն (1924-2014թթ.)» կինոկոլլաժի եռահայաց շարունակական ցուցադրությամբ մունջ արտահայտչականությամբ նշանավորվում էր աշխարհահռչակ կինոռեժիսորի 90-ամյա հոբելյանը: «ՀՈՇԿԻ ՖԻԼՄ», «ՄԻԳՈՒ հեքիաթ-ֆիլմ» և տրանսմեդիա նախագծի համացանցային մրցույթի ամենաուշագրավ մանկապատանեկան լուսանկարների համադրությամբ կինոպրոդյուսեր, դերասանու հի, գրող Արմինե Անդայի ձևավորած «Խենթ պար» ցուցահանդեսի հավաքական կերպարում աննկատ սաղմնավորվում ու հստակվում էր կինոյի նորաոճ հեքիաթի մտահղացումը: Ականավոր կինոօպերատոր Լևոն Աթոյանցի անուրանալի ներդրումը հայկական կինոյի ոսկե ֆոնդում նորովի արժևորվում էր նրա կրտսեր գործընկերների համար «Ավդոյի մեքենան» (1966թ.) և «Հատակում» (1980թ.) ֆիլմերի ցուցադրություններին հաջորդած նորահայաց ընկալմանը նպաստավոր անմիջական երկխոսությամբ ստեղծագործական կազմի «պատվիրակներ» Լևոն Աթոյանցի և Թամար Հովհաննիսյանի հետ: Հենց նրանց հետաքրքրաշարժ պատմություններով «Չտեսնված հայկական կինոյի» իրական արժեքավորությունը վերահաստատվեց` հայկական մշակույթի բարձրարվեստ գունագեղացման տեսակետից առանձնակի կարևորելով համաժողովրդական պաշտամունք Մհեր Մկրտչյանի և բազմավաստակ կինոռեժիսոր Դմիտրի Կեսայանցի անուրանալի ավանդը:

- Տարին, կարծում եմ, իսկապես բեկումնային էր հայկական կինոյի երիտասարդ սերնդի համար,- մրցանակաբաշխությունից հետո անկեղծանում է հանրաճանաչ կինոգետ Զավեն Բոյաջյանը, ով արդեն 12 տարի ՆՓԱԿ-ում հանրաճանաչում է համաշխարհային կինոարվեստը` ամենշաբաթյա կինոդիտում-քննարկումներով միաժամանակ գործնականում բացահայտելով հայկական կինոյի արդի ներուժը:-Հանձնախմբի իմ գործընկերների` սցենարիստ, ռեժիսոր Արթուր Սարգսյանի, կինոտեսաբան Շահանե Յուզբաշյանի և գրող, սցենարիստ Սարգիս Հովսեփյանի հետ լիակատար համախոհությամբ որոշեցինք «Կարճ ֆիլմեր» անվանակարգում մրցակցող 21 ֆիլմերից 4 հայկական ները առանձնահատուկ խրախուսել: Ժյուրիի հատուկ մրցանակով գնահատելով իսպանացի կինոռեժիսոր Ռաուլ դե լա Ֆուենտեի «Հանքագործների» բարձր պրոֆեսիո նալիզմը` «Լավագույն կարճ ֆիլմ» անվանակարգում հաղթող ճանաչեցինք Երևանի նոր կերպարը Նարինե Գրիգորյան-Արմեն Մարգարյան դերասանական զուգախաղով գեղագիտորեն ներկայացրած Դիանա Կարդումյանի «Դիալոգները», «Լավագույն հայկական կարճ ֆիլմ»` Համլետ Վարդանյանի «Մնաս բարով» «Վոլգա»»-ն: Ի դեպ, ուրախ եմ, որ «Հեղինակների ձայն» հատուկ մրցանակով էլ գնահատվեց համառ ինքնակրթությամբ ՆՓԱԿԻՆՈ-յում ինքնատիպ կինոմտածողությունը զգալիորեն խորացրած կինոռեժիսորը: 12 նվիրյալներով ձևավորված «ՄԷԿ ԿԱԴՐԻ» դրամական մրցանակային ֆոնդի սահմանած 100 հազարական ՀՀ դրամ 2 մրցանակներից մեկը շահելով` վստահ եմ, Համլետն անհամեմատ համարձակ առաջաքայլ կանի: «Հատուկ հիշատակում» մրցանակներով էլ սատարեցինք Հարություն Շատյանի («Մարաթոն») և Ռուբեն Ղազարյանի («Արտացոլում») ֆիլմերում ի հայտ եկած նորօրյա ազատ կինոմտածողությունն ու հրատապ սոցիալական հարցադրումների խիզախությունը:

Դժվարին փորձություն հաղթահարեցին 12-րդ «ՄԷԿ ԿԱԴՐԻՆ» «անդամագրված» կինոգործիչները: Նախնական ընտրությամբ` 28 երկրներից մասնակցության հայտ ներկայացրած մոտ 500 ֆիլմերից փառատոնի 8-օրյա գերհագեցած շրջապտույտում ներկայանալու իրավունք էին ստացել 157-ը. 70-ը` հիմնական մրցույթում, 87-ը` հատուկ ծրագրերում: Սահմանված 3 անվանակարգերում` «Մէկ կադր մէկ րոպե», «Կարճ ֆիլմեր» և «Կինո առանց սահմանի» լավագույն ֆիլմերն ընտրվեցին դերասանուհի, ռեժիսոր Թամար Հովհաննիսյանի և կինոգետ, թարգմանիչ, խմբագիր Զավեն Բոյաջյանի գլխավորած մասնագիտական հանձնախմբերի գնահատությամբ: «Մէկ կադր մէկ րոպե» անվանակարգի լավագույն ֆիլմերի` «թեժ» տարակարծություններով հագեցած ընտրությունը ստեղծագործական էներգիայի աննախադեպ խթան էր դարձել հատկապես թատրոնի և կինոյի սիրված դերասան Արա Սարգսյանի համար: Այդուհանդերձ, համակարծիք են եղել սահմանված տեսաչափի հնարավորություններն օպերետային ժանրով առավելապես ցայտուն մարմնավորած «Լավագույն կադրի»` ֆրանսիացի կինոռեժիսոր Գաբրիել Արին Պիյոյի «Պենելոպեի» ընտրության պարագայում: «Լավագույն հայկական մէկ րոպե ֆիլմ» և 100 հազար ՀՀ դրամ գլխավոր մրցանակը շնորհելով Սևակ/Սարգիս Բաղդասարյանի «Քիմերայի կապանքներում» կինոժապավենին` «Հատուկ հիշատակում»-ներով խրախուսել են տեխնիկապես բարդ խնդրին սինթետիկ հաջող լուծում գտած Արսեն Ավդալյանին («Շարֆը»), քաղաքական հակամարտութ յան կնճռոտ խնդիրը կադրից դուրս հնչող ձայնով հնարամտորեն մեկնաբանած Էդ Թադևոսյանին («Շախմատ») և անիմացիայի հնարքներով քաղաքական անդրադարձը հետաքրքրաշարժ ու սրամիտ դարձրած Մաքս Հաթլերին («Դադարեցրեք ներկայացումը», Մեծ Բրիտանիա):

«Կինո առանց սահմանի» անվանակարգում, «փառատոնի միակ տարածքում, որտեղ հնարավոր է ներկայացնել լիամետրաժ ֆիլմեր, կինոնորարարություն, ՈՒՐԻՇ ԿԻՆՈ», միակ լավագույնը փառատոնի նախագահի մրցանակին արժանացած բելգիացի կինոռեժիսոր Օլիվիեր Դեքեգելի «Երկիրը կլոր է» կինոժապավենն էր` վավերագրականի ու փորձարարականի տարուբերումներով էկրանավորված ինքնատիպ մի կինոպոեմ:

Ցուցադրություններին հաջորդած հանդիսատեսային և մասնագիտական անկեղծ քննարկումներով բարձրաձայնվեցին փառատոնային ֆիլմացանկում տեղ գտած դիտարժան աշխատանքների ակնհայտ արժանիքներն ու խոտանային թերացումները: Երիտասարդ կինոգործիչների փորձառությունը հարստացնելու նպատակով անցկացվեցին վարպետության հրատապ դասընթացներ: Հենց նրանց հետագա կայացման հանդեպ դրսևորած անօրինակ, համակողմանի բարյացակամությամբ «ՄԷԿ ԿԱԴՐԸ» անկապանք, խենթավուն արարման իր եզակի տիրույթում ավելի մեծ պատասխանատվությամբ համախմբվելու պահանջարկով հաստատվեց հայաստանցի կինոգործիչ ների անհատական և խմբային հեռանկարային ծրագրերում: Հատկանշական է, որ այդ հեռահար միտումով էլ մտահղացվել է հայկական հնամենի ժայռապատկերներից ընտրված «Խաչ պատերազմին» խորհրդանշանի բրոնզաձույլ հավերժացումը` «ՄԷԿ ԿԱԴՐԻ» մրցանակ-արձանիկը: 12-րդ կինոփառատոնի ամփոփ տպավորությամբ` փաստորեն իրատեսական է դառնում ՆՓԱԿ-ի անխոնջ մշակների` Գագիկ Ղազարէի, Վահրամ Ակիմյանի, Արթուր Շարոյանի, Սարգիս/Սևակ Բաղդասարյանի ու նրանց համարձակ նախագծերի կենսագործմանը նպաստող մշակութային զարթոնքի մի խումբ նվիրյալների փայփայած երազանքի մոտալուտ կենսագործումը. Սասունցի Դավթին օրհասական պայքարում պահպանած «Խաչ պատերազմին» կարծես թե զորավիգ է լինում նաև հայկական կինոարվեստի բարձրագնա զարգացմանը:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ