Այ թե ոնց են «ծնվում» կենդանի կուռքերը


Երեքշաբթի օրը ՌԴ մայրաքաղաքում «մեկնարկեց» Պուտինի պատկերով մարզաշապիկների վաճառքը` «Թրպ տցՑպՎ» նախագծի շրջանակներում:

«Պուտին» հագնելու հաճույքը բավարարել կամեցողները նաև ընտրության հնարավորություն կունենան. իրենց երկրի նախագահի 15 տարբեր պատկերներից նայած որը ում դուր կգա: Բա հո երկրպագուների ճաշակը չէի՞ն շրջանցելու: Օրինակ ռազմասերները հաստա´տ կընտրեն զինվորական համազգեստով Պուտինի պատկերը: Նույն ոգով` շապիկները տարբեր մակագրություններ էլ ունեն: Դիցուք` «Մարդկանցից ամենաբարեկիրթը», կամ` «Մեզ չեն հասնի»...

Այս հավաքածուի հեղինակներին ներշնչել են ռուսաստանյան վերջին իրադարձությունները (իհարկե` Պուտինին հաճոյանալուց զատ). Սոչիի օլիմպիադայում և Պարօլիմպիական խաղերում ՌԴ հավաքականների հաղթանակները, Ղրիմի վերամիավորումը, հաղթանակը` հոկեյի աշխարհի առաջնությունում:

- Այս բոլոր իրադարձությունները խոսում են աշխարհում մեր երկրի հզորացման մասին: Անկասկած, դա Վլադիմիր Պուտինի շնորհիվ է: Նա ուժեղ նախագահ է, և մենք նրանով հպարտանում ենք,- ասել են նախագծի հեղինակները (գրել է «Ինտերֆաքսը»):

Հավանաբար ի նշան երախտիքի` մարզաշապիկներն առաջինը հագել են Ռուսիա նախագահի ադմինիստրացիայի կողմից 2000 թ. ստեղծված «Միասին քայլողներ» շարժման մասնակիցները: Ճիշտ է, 2007 թ. շարժումը դադարեցրել էր իր գոյությունը, բայց դրա ակտիվիստներն ընդգրկվել են կրեմլամետ «Մերոնք» շարժման կազմում: