Հարբածին գնացքն էլ չարթնացրեց


Հարբածի համար ծովը ծնկներից է, իսկ թե ծով չկա` երկաթգիծն էլ փափուկ անկողին կթվա:

Ալաբամայի Սալեմ քաղաքի 22-ամյա բնակչուհի Լինսի Հորին հարբած քնել է երկաթգծին: Այնքան խորն է քնել, որ նույնիսկ մոտեցող գնացքի շչակը չի արթնացրել նրան: Անհավատալիորեն նրա բախտը բերել է. աղջիկը նույնիսկ վնասվածք չի ստացել: Գնացքը բաղկացած է եղել երկու քարշակից և մեկ վագոնից, ու վագոնավարը կարողացել է ճիշտ ժամանակին արգելակել: Բախտի ընտրյալ Լինսիին նախ հիվանդանոց են տեղափոխել` բուժզննության, ապա պատասխանատվության կանչել` հարբած վիճակում հասարակական վայրում գտնվելու և կարգը խախտելու համար:

Աղջկա այս արարքը` վաղ առավոտյան հարբած` ռելսերին քնելը, զարմացրել է նրա ընկերներին, բայց ինքը` հերոսուհին, համառորեն լռում է, թե ինչ «մոծակից խայթված» է այդքան խմել: