ՆՈՐ «ՀԱՆՔԱՏԵՍԱԿ»


որը մի քանի հազարամյակ կպահպանի մարդկության հիշատակը Երկիր մոլորակում

Գիտնականները նոր նյութ են հայտնաբերել, որը գոյացել է որպես աղբ նետված պլաստիկե առարկաների և լեռնային ապարների կտորտանքի, ավազի և օրգանական ու անօրգանական ծագմամբ այլ մասնիկների փոխազդեցությունից (գրել է iflscience-ն):

Այդ նոր նյութը, որն անվանել են պլաստիկույտ (կամ պլաստիհանք` պլաստիգլոմերատ), ամենայն հավանականությամբ ընդմիշտ կմնա Երկիր մոլորակի երկրաբանական պատմության քարտեզին ու ապագայում կարող է դառնալ այստեղ մարդկության գոյության «իրեղեն ապացույցը»:

Իր աղտոտվածությամբ հայտնի Հավայական Կամայլո լողափում գիտնականները հայտնաբերել են այս նոր նյութի «քարեր»: Ուսումնասիրությունները հանգեցրել են այն ենթադրությանը, որ պլաստիգլոմերատն առաջանում է խարույկների բարձր ջերմաստիճանի ազդեցությունից, երբ կրակի մեջ հալչող պլաստիկը միախառնվում է ավազի, ծովախեցիների հետ:

Իսկապես` բնության ավերման, ինչպես գիտնականներն են «կնքել»` անտրոպոցենի դարաշրջանի վկաներ, որոնք էլ հենց կարող են դառնալ մարդկության վերացման բաղկացուցիչներից մեկը:

Անցյալ դարի 50-ական թվականներից ի վեր մարդկությունն արտադրել է շուրջ 6 միլիարդ տոննա պլաստիկ իրեր, որոնք առ այսօր տարածվում ու շարունակում են տարածվել ամենուր` ընդհուպ մինչև քաղաքակրթությունից հեռու, անգամ անմարդաբնակ անկյուններում: Օգտագործման համար հարմարավետ պլաստիկե տարաները թափոն դառնալով` շրջակա միջավայրն աղտոտող ու վնասող աղբ են դառնում` այդպես պահպանվելով տասնյակ տարիներ և լուրջ խնդիրներ ստեղծում բնության ու դրա տերերի համար: Պլաստիկը ոչնչացնում է ծովային կենդանիներին և թռչուններին, որոնք դա ուտում են որպես կեր, վտանգելով իրենց գոյությունը: