ՀՀՇ-ն, ՀԱԿ-ը, ԼՏՊ-ն...


Ամեն ինչ ժամանակի ընթացքում անխուսփելիորեն փոփոխվում ու վերարժևորվում է: Ներքաղաքական դաշտում իր տեղն ունենալու համար ստիպված է փոխվել նաև ՀՀՇ-ն, որն արդեն այսօր հասարակությանը ներկայանում է ՀԱԿ տեսքով: Գոնե տասնհինգամյա քաղաքական հիշողություն ունեցող յուրաքանչյուր քաղաքացի շատ լավ գիտի, որ դարձյալ իշխանության ձգտող լիբերալ-ծայրահեղականների այս հավաքականը երբեք էլ հայոց համազգային էություն չի ունեցել ու հիմա էլ ո°չ հայության, ո°չ ազգայնականության հետ առնչություն չունի: Այս քաղաքական միավորը հիմա փորձում է, նախ կասկածահարույց գրանտներ շնորհելու, բարձր վարձատրվող տարաբնույթ խափանարար աշխատանքների հնարավորություն ընձեռելու, կամ պարզապես առձեռն դրամագլուխ տրամադրելու միջոցով, իր շարքերում ներգրավել բոլոր այն երիտասարդներին, ովքեր չեն հիշում հհշական վարչախմբի իշխանավարման տարիները, հավակնոտ են ու իրենց չգնահատված են կարծում: Ծանր մանկություն ու վիտամինների պակաս ունեցած, մութ ու ցուրտ պայմաններում ձևավորվելու և օրգանապես արևմտապաշտ լինելու պատճառով զգալիորեն խավարամիտ մնացած երիտասարդները, անշուշտ, գերվում են «նոր իշխանության» օրոք փայլուն կարիերայի ու պայծառ ապագայի խոստումներին: Ապա իրենք էլ չեն զգում, թե ինչպես են համալրում արտասահմանյան «բարի քեռիների» ֆինանսավորմամբ կազմավորվող լեգիոնները, որոնց միակ «առաքելութ յունը» ազգային ու ազգայնական որևէ հատկանիշ չունեցող իշխանության համար ճանապարհ հարթելը պետք է լինի: Իսկ որ դա, հստակ մշակված «հեղափոխական ծրագրի» համաձայն, միշտ արվում է ազգայնական դրոշներ ծածանելու համապատկերում, համոզվել ենք Ուկրաինայի` նարջագույն, Վրաստանի` վարդերի, Մոլդովայի` հրակարմիր տարբերակների միջոցով: ՀՀՇ-ՀԱԿ-ը քաջ գիտակցում է, որ անգամ իրենց աղանդն ընդունած երիտասարդներին երկար չեն կարողանալու պահել տեսիլքի ազդեցության ներքո, քանի որ նրանք արագ են սովորում կուշտ ու անբան կյանքին, հենց հիմա են հաջողություններ տենչում. և եթե առաջին փորձից չեն հասնում ցանկալիին` շատ են հիասթափվում ու դառնում են անկառավարելի: Սրանց, այսուամենայնիվ, աղանդից փրկել է պետք, ու դա կարելի է անել որոշ բացահայտումների, պինդ փակած աչքերը բացելու, կամ լվացված ուղեղները ախտահանելու միջոցով: Ուստի մի քանի բաներ, լավ կլինի, որ հայտնի դառնա և սրանց, և բոլորին: Կան հավաստի փաստաթղթեր, որոնք բացահայտում են, որ ՀՀՇ-ն առարկայորեն նախապատրաստվում է հերթական խորհրդարանական ընտրություններին և մտադիր է քաղաքական այդ միջոցառմանը մասնակցել առանց նախկին բանսարկությունների: Ամենակարևորը, սակայն, այն է, որ ՀՀՇ-ն ամեն ինչ անում է` նաև ՀԱԿ-ի էությունը փոխելու և ընտրություններին նոր առաջնորդով գնալու համար: Ավելորդ անգամ այս կերպ շեշտվում է, որ գիտակից ու իրատես ՀՀՇ-ՀԱԿ-ականների ու արմատական ընդդիմության խելամիտ առաջնորդների համար ԼՏՊ-ն արդեն անհեռանկար քաղաքական գործիչ է, քանի որ չի կարողանում գործել իրավիճակին համարժեք և հեռու է առաջիկա քաղաքական զարգացումներն անհրաժեշտ ճշտությամբ ընկալելու կարողությունից: Եթե հաշվի առնենք, որ այս «դավադիր» ծրագիրը նախաձեռնողները ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանն ու փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանն են, ապա կարելի է վստահ լինել, որ այն իրատեսական է և որոշակիորեն ուրվագծում է ՀՀՇ-ի ու ՀԱԿ-ի հեռանկարը: Մինչդեռ նոր առաջնորդի խնդիրը լուծելու տարբերակներն այնքան էլ բազմազան չեն: Նկատի ունենալով անգամ բուռն ու աննախադեպ զարգացումների պարագայում Վանո Սիրադեղյանի ավելի քան երեք տարի շարունակվող լռությունը և գռզոներին «շարժմանը» անտեղի ու անիմաստ զոհաբերելու փաստը, կարելի է պնդել, որ վանոյական թևն ի սկզբանե է դեմ եղել ԼՏՊ-ական ավանտյուրային ու հիմա կարող է իր մասին հիշեցնել: Այժմ հետևենք ՀԱԿ-ը վերափոխելու ծրագրին: Ըստ «թեզեր» անվանումն ունեցող նախագծի, կառույցի քաղաքական ապագան խիստ անորոշ է, սակայն հստակ է նպատակը: Լինելով ազատական, ՀԱԿ-ը հանրությանը ներկայանալու է ազգային-հայրենասիրական դիմակով, որպեսզի, ինչպես արձանագրված է փաստաթղթում, նվազագույնի հասցնի ազգային ու ազգայնական ուժերի դերն ու նշանակությունը: ՀԱԿ-ը փորձելու է Քոչարյան-Սարգսյան զույգը ներկայացնել «թշնամի» թիրախի տեսքով, նաև համոզել, որ իրենք «ոչ 1991-1996-ի ՀՀՇ-ն են, ոչ որևէ տնտեսական կլանի շահերի արտահայտիչը, ոչ էլ դրսի որևէ ուժային կենտրոնի սպասավորը»: Հենց այսպես էլ իրենք իրենց մասին են գրում: Իսկ որպես ռազմավարական խնդիր, ՀԱԿ-ը դեռ չի կողմնորոշվել` միայն իշխանափոխությո՞ւն է իրականացնելու, թե՞ հետո նաև քաղաքական համակարգի մաս է դառնալու: Բայց, օրինակ, Ստեփան Դեմիրճյանից ազատվելու պրոբլեմը, նրանք արդեն կարծես լուծել են: Այս փաստաթղթին առաջիկայում դարձյալ անդրադառնալու առիթներ կլինեն, իսկ առայժմ հետևություններն ու եզրահանգումները թողնենք երկրիս քաղաքական ապագայով մտահոգվողներին:

Ռաֆայել ԳԵՎՈՐԳՅԱՆ