ՍԵԴԱ ԱԶՆԱՎՈՒՐ. «ԿՈՒԶԵՄ ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԼ»


Մեծ Շանսոնյե Շառլ Ազնավուրի դուստրը` Սեդա Ազնավուրը, նույնպես երգչուհի է, ապրում է Ամերիկայի Կալիֆորռնիա նահանգում: 2009թ. մայիսի 18-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, ՀՀ մշակույթի և արտաքին գործերի նախարարությունների նախաձեռնությամբ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 85-ամյակին նվիրված հոբելյանական համերգաշարի շրջանակում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Քեզ համար, Հայաստան» խորագիրը կրող համերգով հանդես եկան Շառլ Ազնավուրի դուստր Սեդա Ազնավուրը և հանրահայտ ֆրանսահայ երգչուհի Լիս Սարյանը: - Ես մեծացել եմ հայկական ընտանիքում, ուր բոլորը խոսում էին հայերեն: Նույնիսկ մայրս, որ ֆրանսուհի էր, հայերեն գիտեր: Հիմա ես հայերեն վատ եմ խոսում: Երբ խոսում ես մի քանի լեզուներով և կտրված ես քո ժողովրդից ու հայկական մթնոլորտից, այդ դեպքում մայրենի լեզուդ մոռանում ես: Մեր ընտանիքում արտիստներ ու երգիչներ շատ կային, ես էլ փոքրուց նրանցից սովորեցի երգել: Բայց հայերեն երգեր չգիտեի: Երբ գնացի Ամերիկա ապրելու, այնտեղ հայեր շատ կային և ստիպեցին ինձ երգել նաև հայկական երգեր: Շատ դժվարությամբ, բայց սովորեցի և սկսեցի երգել: - Ո՞րն է Ձեր առաջին հայերեն երգը: - «Ես աղջիկ եմ Հայաստանի». միայն այդ գիտեի: Իսկ հիմա կերգեմ հայկական ժողովրդական երգեր: Շատ կսիրեմ Սայաթ-Նովային և մեծ հաճույքով կկատարեմ: Այդ երգերը լսել եմ մեծ մորիցս: Բոլորը կհաստատեն, որ նա շատ լավ կերգեր: Նա շատ ձայնապնակներ ունի, ուր հիմնականում Սայաթ-Նովայի երգերն են. կխոստովանեմ, որ դրանք շատ դժվար է կատարել: Ես հայրիկին էլ խնդրեցի, որ ինքն էլ երգի: Եվ մենք հիմա միասին կերգենք: Ինձ համար նորություն չեն հայրիկի հաջողությունները: Ես այդ ամենը տեսել եմ աշխարհի տարբեր երկրներում, տեսել եմ դեռ փոքր հասակից և շատ ուրախ եմ: Նրա ելույթների ժամանակ ես չեմ հուզվում, որովհետև կասկած չունեմ, որ հանդիսատեսը չի ընդունի: Ես նրան լսում եմ ոչ որպես հոր, այլ որպես երգչի: - Խնդրում եմ պատմեք նաև Ձեր ապագա ծրագրերի մասին: - Համերգներ պետք է տամ Ամերիկայում, Կանադայում, Ֆրանսիայում: Կուզեմ նաև Հայաստան գալ: - Երևանում եղե՞լ եք և ի՞նչ տպավորություն եք ստացել: - Այո, եղել եմ: Ես շատ սիրեցի Երևանը և երևանցիներին: Մեր ազգականները, հարազատները Հայաստանում են: Կուզեմ նորից գալ, երգել և տեսնել փոփոխութ յունները: - Մի քանի խոսք Ձեր ընտանիքի մասին: -Ունեմ երկու զավակ: Մեկը` տաս տարեկան, մյուսը` հինգ: Աղջիկս մեծն է, անունը` Քնար, մեծ մորս անունն է: Տղայիս անունը Հակոբ է: Ամուսինս ամերիկացի է: - Ի՞նչ կարծիք ունեք Հայաստանի և Սփյուռքի հայ երգիչների մասին: - Շատ եմ սիրում հայ երգը: Ճիշտ ասեմ, ավելի շատ կսիրեմ սփյուռքի հայ երգիչներին, որովհետև նրանք շատ տաք կերգեն: Ֆրանսահայ երգիչներից կսիրեմ Լիս Սարյանին, Ռոզի Արմենին, Մարտեն Յորգանցին: Միայն մեկ անգամ Կանադայում լսեցի Գոհար Գասպարյանին, շատ հավանեցի, շատ սիրեցի նրա կատարումը: - Ի՞նչ կցանկանայիք հաղորդել հայ ժողովրդին, երևանցիներին: -Կուզեմ, որ Հայաստանում ամեն ինչ լավ լինի, որպեսզի մենք օտար երկրներում միշտ հպարտ լինենք:

Ռոբերտ ԴԱՎԹՅԱՆ