Հայրենիքի սերը բոլորին էր հերոսացնում Գրպանահատը


Հայրենական պատերազմի մասնակից մայոր Սամվել Մովսիսյանի հուշերից ... Ահեղ մարտերը տեղափոխվել էին «Լեսնայա» կոչվող բարձունքի շրջակայքը: Թշնամին տիրում էր բարձունքին, և ոչ մի կերպ հնարավոր չէր կապ ստեղծել բարձունքի հակառակ կողմում տեղակայված մեր ստորաբաժանումների հետ: Կապը անհնար էր, որովհետև թշնամին անընդհատ ռմբահարում էր այն տեղամասը (բարձունքի շրջակայքը), որտեղից անցնում էին մեր զորքերի կապի միջոցներն ապահովող (անտառով անցնող) մալուխները: Այն մալուխները, որոնք անրնդհատ կտրվում էին ռմբակոծության հետևանքով, և կապը մեր զորքերի հետ համարյա անհնար էր դառնում: Թշնամին զորքերի տեխնիկային մեծ վնասներ ու կենդանի ուժի կորուստներ էր պատճառում: Վիճակն ավելի էր բարդանում, երբ գիշերը փոխարինում էր ավելի հեշտ վերահսկվող կեսօրին: Ստորաբաժանումը, որի հրամանատարն էր մայոր Սամվել Մովսիսյանը, իրեն ենթակա սպաների հետ, փորձում էր կապ ստեղծել, բայց դա նրան չէր հաջողվում, քանի որ թշնամին բարձունքի վրա կարողացել էր պաշտպանության կետեր ստեղծել և բացի ռմբակոծելուց, կրակի տակ էր պահում լեռան ամբողջ ստորոտը: Ստորաբաժանումն իր կազմի մեջ ուներ կապի մասնագիտացված ջոկ, որը պարտավոր էր ապահովել կապը, բայց դա, ինչպես պարզվեց, հնարավոր չէր: Արդեն մի քանի կապավորներ էին գնացել կապը վերականգնելու, բայց նրանք, ավա¯ղ... Հերթական դադարի ժամանակ էր, երբ բարձունքի գագաթից լսվում էին հատ ու կենտ կրակոցներ, որոնք զգոնության կոչ էին անում մեր մարտիկներին: Ահա այդ ժամանակ էր, բոլորը վշտացած էին չվերադարձած կապավորների համար: Մայոր Մովսիսյանը սկսեց ավելի հանգամանորեն ծանոթանալ Խորհրդային Միության տարբեր ծայրամասերից զորակոչված զինվորների ու սերժանտների հետ, իմացավ նրանց ընտանիքների սոցիալական վիճակի մասին: Պարզվեց, որ համարյա բոլորը գյուղերից եկած հողագործի որդիներ են: Մովսիսյանը շատ էր հուզված, քանի որ նրանցից մի քանիսն արդեն իրենց մահկանացուն կնքել էին դադարի վայրից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա` անտառի խորքում: Մայորը մտովի տեղափոխվեց նրանց ընտանիքները և պատկերացրեց, թե ինչպես կընդունեն նրանց հարազատները, երբ որ ստանան այդ նահատակների «սև թղթերը»` զոհվելու գույժը: Դառնալով փոքրամարմին մի զինվորի, որին Իգոր էին կոչում, մայորը հարցրեց. «Երիտասարդ, իսկ դու ինչո՞վ էիր զբաղվում քաղացիական կյանքի ընթացքում»: Երիտասարդը քմծիծաղ տվեց և պատասխանի փոխարեն աջ ձեռքի ցուցամատի և միջնամատի մկրատաձև շարժում կատարեց: Մայորը, որ կլիներ 35-40 տարեկան, չհասկացավ 19-20 տարեկան այդ երիտասարդ զինվորի մատների շարժման իմաստը: Մինչ այդ շատերն էին կամեցել գնալ ու կապը վերականգնել, իսկ մայորը` տեսնելով, որ գնացողները չեն վերադառնում, այլևս չցանկացավ որևէ մեկին ուղարկել: Երիտասարդը խնդրում էր, որ իրեն ուղարկեն, բայց մայորը մտովի տեղափոխվել էր նրա հարազատների մոտ, և տեսնում էր, թե ինչպես են նրա ծնողները կարդում երիտասարդի «սև թուղթը»: Նա ասես արթնացավ քնից և սարսափեց հետագա հերթական զոհից: Մայորի աչքերը խոնավացան, բայց երբ սթափվեց ու նորից հարցրեց, թե ինչ է նշանակում մատների այդ շարժումը, երիտասարդը նորից քմծիծաղ տվեց ու չպատասխանեց: Նրա փոխարեն պատասխանեց մեկ ուրիշ զինվոր. «Ընկե°ր մայոր, նա գրպանահատ է եղել»: Մայորի գլխին կարծես եռացող ջուր լցրեցին, և նա չարությամբ տրամադրվեց այդ զինվորի նկատմամբ, ու կարծես, չուզեց նրա կողմը նայել: Երիտասարդը` Իգորը, նորից խնդրեց, որ իրեն ուղարկեն կապը վերականգնելու, չնայած ինքն էլ էր նկատել մայորի դեմքի արտահայտությունը: Երկար մտորելուց հետո, տիրապետելով իր հույզերին, մայորը դժվարությամբ, բայց համաձայնվեց նրան ուղարկել հետախուզության, որպեսզի կապը վերականգնվի: Կարծես ուրախանալով, որ իրեն վստահել են այդ պատասխանատու գործը, Իգորը պատրաստվեց, վերցրեց զինվորական բոլոր իրերը և հաջողություն ցանկանալով բոլորին` անհետացավ անտառի մթության մեջ: Անցան րոպեներ, ժամեր ... ու ոչ մի փոփոխություն կապի մեջ: Վերջապես լսվեց բարձունքի հակառակ կողմում գտնվող կապավորի հստակ ձայնը: Մայորը կապվեց փոխգնդապետ Իվանովի հետ, որը հանդիսանում էր մյուս կողմում գտնվող ստորաբաժանման հրամանատարը: Կապը երկար ժամանակ պահպանվեց, բայց Իգորը այդպես էլ չվերադարձավ... Կապի այդ երկար տևողությունը մեծ հնարավորույուն տվեց, որպեսզի երկու կողմերում գտնվող ստորաբաժանումները կարողանան միասնական հարձակում կազմակերպել և բարձունքի վրա գտնվող գերմանական զորքի մի մասը ոչնչացնել, իսկ մյուսին` գերի վերցնել: հսկայական տեխնիկա գերեվարվեց, և հետագայում մեր զորքերր հնարավորություն ունեցան առաջ շարժվել ու իրենց հսկողության տակ պահել բարձունքը: Բարձունքն ազատագրված էր, շրջապատի գյուղերով ու բնակավայրերով: Խորհրդային բանակը նոր հաջողություններով առաջ էր ընթանում, ազատագրելով տաժանակրության մեջ տառապող հազարավոր մարդկանց: Մայոր Մովսիսյանը կարծես չէր ուրախանում այդ մեծ հաղթանակի համար: Նա մտորում ու մտորում էր և չէր կարողանում իր տեղը գտնել, չնայած ձեռք բերվածը մեծ էր ու կարևոր: Նրա ստորաբաժանման մասին արդեն լեգենդներ էին պատմում և զինվորական թերթերում բազմաթիվ թղթակիցներ գրել էին այդ մասին: Նրա սիրտը ճմլվում էր: Նա մտովի թռել, հասել էր Իգորի ծնողների, հարազատների, ինչու չէ, գուցե և գոյություն ունեցող սիրած աղջկա մոտ, զրուցում էր նրանց հետ, կիսում անտանելի վիշտը: Նա տրտում էր ու մտազբաղ, չէ որ ինքն էր նրան ուղարկել «զոհվելու», իսկ մայրը, մայրն իհարկե դա գիտեր: Երազում մեկ անգամ նա տեսնում է Իգորի մորը, որը ծնկաչոք, որդու գերեզմանին իջած` ողբում էր ու հառաչում. «Ախր ինչո՞ւ, ինչո՞ւ ...»: Իգորի հայրը ևս մեկնել էր ռազմաճակատ ու 1942 թ. ամռանը զոհվել: Ահա և որդու կորուստը: Սևազգեստ մի մայր էլ ավելացավ. Առավոտյան կրակոցի ձայնից մայորը վեր թռավ ու թվաց, թե սրտից մի ծանր քար է կախված: Ստորաբաժանման բոլոր զինծառայողները զգում էին նրա հոգեկան ծանր վիճակը և ջանում մեղմել այն, մինչդեռ, մայորը սրտի խորքում մղկտում էր ու լացում, ինչպես որդեկորույս հայր£ Մայորը մի պահ հիշեց իր հարազատներին, որոնք Հայաստանի հեռավոր շրջաններից մեկի փոքրիկ գյուղում էին ապրում: Նա այնտեղ թողել էր ոչ միայն ծնողներին, այլ նաև փոքրիկ որդուն ու սիրելի կնոջը` Անահիտին: Մտածում էր, որ Աստված մի արասցե, գուցե մի օր էլ իր հարազատները ստանան այդպիսի մի թուղթ, ինչպես բոլոր զոհվածների հարազատներն են ստանում, ու սարսափեց, զարհուրեց այդ մտքից: Գլուխն առավ ափերի մեջ և սկսեց անձայն արտասվել: Լույսը բացվել էր: Մայորը վեր կացավ և կարծես ցավ զգալով ասաց. «Այսօր մենք պետք է գտնենք կապը վերականգնող զոհված զինվորներին»: Նրանք բոլորին գտան և հուղարկավորեցին բարձունքի լանջին: Երկար որոնելուց հետո ականատես եղան մի սրտաճմլիկ տեսարանի: Մայորը մոտեցավ, ծնկի իջավ և համբուրեց Իզորի սառած ճակատը£ Իգորը հենց սկզբից մետր առ մետր ստուգելով հասել էր այն տեղը, որտեղ մալուխը կտրվել էր: Ճանապարհին նա տեսել էր իր հինգ ընկերներին, որոնք դեռևս տեղ չհասած զոհվել էին թշնամու մահաբեր արկերի բեկորներից: Բազմապատկվել էր նրա մեջ կուտակված ատելությունը թշնամու հանդեպ: Երդվել էր` պետք է վերականգնի և պահպանի կապը: Վերջապես գտնում է կտրված մալուխը, որը պատճառ էր դարձել կապի խզման: Իգորը մեծ արագությամբ միացնում է մալուխների ծայրերը, որոնք անջատվել էին, հավանաբար բեկորի հարվածից: Զգալով, որ կրակն ուժեղանում է և զոհվելն անխուսափելի է դառնում, ատամներով սեղմում է մալուխների նոր միացրած մասը, ապա սեղմած ու մեջքի վրա պառկած` աջ և ձախ կողմերից երկու ձեռքերով ամուր կառչում է մալուխին` այն փաթաթելով թևերի վրա: Ըստ երևույթին, մտածել էր, որ եթե ինքը զոհվի, ապա կապը մարմնով կհաղորդվի: Այդպես էլ եղել էր: Նա զոհվել էր լարերին կառչած, զոհված վիճակում էլ կապը շարունակվել էր: Ի¯նչ սխրագործություն ու անձնազոհություն... հուզված էին բոլորը: Դա հասարակ հուզմունք չէր, նրա մեջ կար և° ցավ, և° ափսոսանք, և° հիացմունք, և° հպարտություն, և°... Սթափվելով` մայոր Սամվել Մովսիսյանը հրամայեց Իգորի դին տեղափոխել բարձունքի գագաթ, հուղակավորել հերոսին վայել ձևով: Զենքերի բոլոր տեսակներից ժայթքող համազարկերի ներքո մարտիկի դին հանձնեցին հողին: Մայոր Մովսիսյանի հրամանով հարդարվեց գերեզմանաթումբը և տեղադրված փայտե խաչի վրա փորագրվեց` «Կյանքս թերի մնաց, մայրս այրիացավ ու որբացավ, իսկ հայրենիքս ազատագրվեց ու բարգավաճեց: Ոչի°նչ, որ առանց ինձ: Իգոր...»£ Այսպես ենք հասել հաղթանակի: Հայրենիքի սերը բոլորին էր հերոսացնում: Ռ. Հ. ԱՐԱՄՅԱՆ