Լացե՞լ, թե՞` ոչ


Ինչո՞ւ ենք մենք լաց լինում, և ինչու՞ են երբեմն արցունքներն առաջանում, երբ ամեն ինչ կարգին է: Իսկ ինչպիսի՞ ազդեցություն են ունենում արցունքները մեր օրգանիզմի վրա, արդյոք թափանցիկ կաթիլները վատ ու վնասակա՞ր են: Գիտնականները վաղուց բացահայտել են, որ մինչև 12 տարեկանը լաց են լինում բոլոր երեխաները, իսկ հետո` գրեթե բոլոր կանայք: Շատերի և հատկապես տղամարդկանց կարծիքով կանայք լալիս են իրենց նպատակներին հասնելու համար կամ էլ ` թուլությունից: Բայց այդպես չէ. գլխավոր «մեղավորները» հորմոններն են: Գիտականորեն ապացուցված է, որ կինը մեկ անգամ լաց լինելիս արտադրում է 5 մլ արցունք, իսկ տղամարդը` 3 մլ: Լացելու ունակությունը մարդու մոտ դրսևորվում է ծիծաղից ավելի շուտ` ծնված օրվանից 5-12 շաբաթվա ընթացքում: Լացելու շնորհիվ երեխան վարժեցնում է թոքերը, ամրացնում թաղանթների պաշտպանողական հատկությունը, նաև` նյարդային համակարգը: - Լաց լինելով` մենք արթնացնում ենք անգործությունից քարացած մեր նյարդային համակարգը: Սթրեսի ժամանակ օրգանիզմում կուտակվում են շատ վնասակար նյութեր, որոնք արցունքների միջոցով դուրս են գալիս օրգանիզմից: Շատերը կարծում են, թե լաց լինելիս փչացնում են աչքերը, վատացնում տեսողությունը, սակայն պետք է նշեմ, որ արցունքների շնորհիվ աչքերի տակի մաշկն ավելի երկար է երիտասարդ մնում, բարձրանում է օրգանիզմի դիմադրողականությունը, և փոքրանում է վարակներ ունենալու հավանականությունը,- ասում է հոգեբան Նառա Պետրոսյանը: Ի վերջո, լացելը թուլության նշա՞ն է, թե՞` ոչ: Ի գիտություն բոլորի պետք է նշել, որ արցունքը պարունակում է նաև սպիտակուցներ և հանքային նյութեր: Մարդու օրգանիզմում արտադրվում է 1մլ արցունք: Ակնային գեղձում պարունակվող նյութերը պակասեցնում են տագնապի և լարվածության զգացումը: Այս պատճառով է, որ մեզ ավելի լավ և թեթև ենք զգում լացելուց հետո: Բայց պետք է հիշենք, որ չի կարելի հաճախակի հեկեկալ, քանի որ շատ լացելը կարող է նյարդային բարդ հիվանդությունների պատճառ դառնալ: Ի ԴԵՊ: Մեկ տարվա ընթացքում օրգանիզմն արտադրում է 0.5 լ արցունք: Հասմիկ Թագակչյան Ժուռնալիստիկայի ֆակուլտետ 4-րդ կուրս l