2 ՀԱՐՑ


 

Հարցերին պատասխանում է Հայաստանի Դեմոկրատական

կուսակցության առաջնորդ Արամ Գասպարի ՍԱՐԳՍՅԱՆԸ

- Նախընտրական քարոզարշավի ընթացքում բոլորը շռայլ խոստումներ են տալիս, իսկ ընտրություններից հետո մոռանում թե´ իրենց խոստումները, թե´ ընտրողին: Գոնե Հայաստանի Դեմոկրատական կուսակցությանը ձայն տվողները հետագայում հնարավորություն կունենա՞ն տեղեկանալ ծրագրային դրույթների իրագործման կամ դրանց ճանապարհին ծառացած խոչընդոտների մասին ու նաև առաջարկներ ներկայացնել:

- Վստահ կարող եմ ասել` մենք սոսկ նախընտրական խոստումներ չենք տալիս. մենք մշակել ենք հստակ ծրագիր, որտեղ գրված է, թե ինչպես պետք է այդ ամենն իրականացնենք: Մենք պատասխանատու ենք ժողովրդի առջև: Պատասխանատու կլինենք նաև այն դեպքում, երբ կունենանք Ազգային ժողովում բոլոր այդ օրենսդրական նախաձեռնութ յուններով հանդես գալու հնարավորությունը: Եթե ուզում ենք, որ ծրագիրն ընդհանրապես ամբողջական ձևով առաջարկվի ու իրականացվի, ապա մենք պետք է նաև ստանանք մեծամասնություն, որպեսզի Կառավարություն ձևավորենք կամ մասնակից լինենք ապագա կառավարության ձևավորմանը:

Մենք, այո´, պատրաստ ենք և´ հաշվետու լինել, և´ իհարկե ընտրողների առաջարկությունները հաշվի առնել: Այդպես է միանշանակորեն: Կապն ընտրողի հետ մշտապես կլինի, քանի որ այդ պարագայում մենք և´ շատ հաճախ կլինենք տարբեր մարզերում, տարբեր շրջաններում, և´ կունենանք համապատասխան մեր գրասենյակները, որտեղ կարող են դիմել տարբեր հարցերով: Ինքս էլ հաշվետու կլինեմ` խորհրդարանում ամեն անգամ հանդես գալով այն օրենսդրական նախաձեռնություններով, որոնք անհրաժեշտ են:

Միանշանակորեն մենք կարևորում ենք ժողովրդին հաշվետու լինելը: Դա մեր գլխավոր սկզբունքներից է: Վստահ ենք, որ հենց ժողովուրդը պետք է վերահսկի մեր խոստումները: Ընդգծեմ` մենք սին խոստումներ տալու ցանկություն չունենք:

- Ձեր նախընտրական ծրագրի հիմնական դրույթներից մեկը համակարգի փոփոխությունն է, ինչի անհրաժեշտությունն իսկապես մեծ է: Կա՞ն արդյոք մեխանիզմներ, որոնք կերաշխավորեն դրանց կենսագործումը:

- Մեխանիզմներ, իհարկե, կան և դրանք կիրականացվեն: Սակայն, ինչպես արդեն նշեցի` առաջին հերթին մեզ պետք է հնարավորություն տալ, որ մենք ձևավորենք գործադիր իշխանություն: Այդ ուղղությամբ թիրախն այս եռամիասնությունն է` ստվեր, մենաշնորհ, օլիգարխիա: Մեկը ծնում է մյուսին, մեկի մահը վերացնում է բոլորին: Եթե այս եռամիասնութ յունից չազատվենք, մենք որևէ լուրջ քայլ չենք կարող իրականացնել: Պետք է կազմաքանդել այս տիպի համակարգը, որովհետև անթույլատրելի է, որ երկրում միջին խավ չլինի: Միջին խավը 70-80 % պիտի լինի, որից 10 տոկոսը մի փոքր ավելի շատ հարստություն կարող է ունենալ, 10 տոկոսն ավելի քիչ` տարբեր պատճառներով: Բայց եթե այդպիսին չէ հասարակությունը, չի կարող գոյատևել և հարատևել, որովհետև հենց միջին խավն է հաստատուն պահում պետությունը: Այս մեխանիզմն իրականացնելու համար հստակ ծրագիր է մշակվել: Թե ով է մեզ խանգարելու` մենք շատ լավ հասկանում ենք: Նրանք, ովքեր այս համակարգը ստեղծել և օգտվում են դրանից: Ոմանք ասում են, թե Դեմոկրատական կուսակցությունը մտավորականների կուսակցություն է. ինչպե՞ս են պայքարելու «գայլերի» դեմ: Շատ հանգիստ. քաղաքական տիրապետում մենք ունենք և մտավորականին վայել արժանապատվությամբ չենք հրաժարվելու մեր ստանձնած պատասխանատվությունից: