«ՃՇՄԱՐՏԱԽՈՍ» ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ


 

ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանն առաջադրվել է թիվ 4 ընտրատարածքում, որտեղ առաջադրված են նաև Զարուհի Փոստանջյանն ու Սաթիկ Սեյրանյանը: «Ջենթլմեն» Արամ Մանուկյանը կանանց իրեն մրցակից չի համարում, սակայն հայտարարում է, որ պայքարելու է միայն ՀՀԿ-ի դեմ, որովհետև հենց ՀՀԿ-ն է դարձել արտագաղթի, կոռուպցիայի և գնաճի մեղավորը:

Երևի ՀՀՇ-ական ժամանակներում Վանաձորի պիոներ-պալատի խմբակներից մեկի ղեկավարի համեստ դիրքից ՀՀ մշակույթի առաջին փոխնախարարի պաշտոնին հասած Ա. Մանուկյանը մոռացել է, որ արտագաղթը սկիզբ առավ իր կուսակցության իշխանության տարիներին, որ մեր նշանավոր շատ արվեստագետներ (Կ. Օրբելյան, Ա. Դավթյան, Խ. Աբրահամյան, Ն. Հովհաննիսյան և ուրիշներ) արտագաղթի ճամփան բռնեցին իր փոխնախարար եղած ժամանակ: Երկրից հեռացավ նաև Վարդուհի Վարդերեսյանը, ով մոտ երկու տարի անց վերադարձավ: Մոտ մեկ միլիոն մարդ լքեց Հայաստանը ՀՀՇ կառավարման տարիներին:

Արամ Մանուկյանը «մոռացել» է և այն մասին, որ կոռուպցիան ծաղկում ապրեց իր կուսակցության շնորհիվ, գնաճը նույնպես այդ տարիներին ճամփա բացեց իր համար: Քրեաօլիգարխիկ համակարգի սյուները սկսեցին բարձրանալ այդ ժամանակ, ու կայծակնային արագությամբ սկսեցին հարստանալ Սուքիասյանները, Նուշիկյանները, ուրիշները…

Մշակույթի փոխնախարարի աչքի առջև խանութներ ու տոնավաճառներ դարձան մայրաքաղաքի կինոթատրոնները, «Արամ Խաչատրյան» համերգասրահից վռնդվեցին Հայաստանի պարի պետական, Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլները, գրեթե կազմաքանդվեց Օրբելյանի ղեկավարած աշխարհահռչակ էստրադային նվագախումբը:

Այս ամենի մասին հիմա Արամ Մանուկյանը չի հիշում և մեղադրանքներ է ներկայացնում ուրիշներին: Այսպես ձեռնտու է, մանավանդ որ մարդիկ ուզում են մոռացության տալ մղձավանջային տարիները ու չհիշել նաև վարչապետ Հրանտ Բագրատյանի ցինիկ հայտարարությունը, թե 5 հազար դրամով կարելի է գնել մի քիչ հաց, մի քիչ պանիր, մի քիչ կարագ և ապրել մի ամբողջ ամիս…