Մերկապար` տաճարում


 

Ավելի մեծ սրբապղծություն դժվար է պատկերացնել: Իրենց ֆեմինիստուհի հռչակած մի խումբ կանայք չգիտես ինչի կամ ում դեմ իբր բողոքի ակցիա են կազմակերպել Հին Ռուսիայի գլխավոր սրբավայրերից մեկում` Կիևի սբ. Սոֆիայի տաճարի տարածքում: Իրենց մերկ մարմիններով նրանք թռել են բեմ, այնտեղ «մկրտվել» են, ծունկի են իջել ու սկսել են թռչկոտել` մինչև հոգևոր ծառայողները հաջողեցրել են դուրս վռնդել անպատկառներին:

Բնականաբար` սա հանցանք է, որը պետք է պատժվի: Եվ ուկրաինական FEMEN շարժման այս ակտիվիստուհիներին առնվազն 5 տարվա ազատազրկում է սպասվում. այն էլ` քրօրենսգրքի 2 հոդվածներով` «Խուլիգանություն» և «Շիրիմի անարգում»: Հանցանքը ծանրանում է, քանի որ խմբային է, ու դա բացառում է խոշոր տուգանքով մեղքը քավելը: Սա` խուլիգանության մասով: Ինչ վերաբերում է «Շիրիմի անարգմանը», ապա.

- Սոֆիայի տաճարն Ուկրաինայի գլխավոր սրբատեղերից է,- Life News-ին պատմել է փաստաբան Մ. Պլատոնովը:- Դրա տարածքում հուղարկավորված են Յարոսլավ Իմաստունը և նրա կինը, 11 արքեպիսկոպոսներ և ուրիշ սրբեր: Այդ պատճառով FEMEN-ի գործողությունները լիովին կարող են որակվել 297 հոդվածի հատկանիշներով: Այստեղ պատիժը 3 տարի ազատազրկում է կամ մինչև 600 ռուբլի տուգանք: