ՊԱՇՏՈՆԱԿԱՆ


ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին եւ միության Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանին: Նրանք շնորհավորել են Սերժ Սարգսյանին` նշանակման կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ, ընդգծելով, որ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, ինչպես մինչ այժմ, այսուհետ եւս իր հնարավորությունների սահմաններում կաջակցի հայրենի կառավարությանը` իր շարունակական ներդրումն ունենալով Հայրենիքի ամրապնդման ու մեր ժողովրդի բարեկեցության ապահովման գործում: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀԲԸՄ-ի նախագահին` շնորհավորանքի եւ աջակցության պատրաստակամության համար, անչափ կարեւորելով միության գործունեությունը ինչպես Սփյուռքում, այնպես էլ Հայրենիքում: Սերժ Սարգսյանն ընդգծել է հատկապես կրթության բնագավառում Հայկական բարեգործական ընդհանուր միության շահագրգիռ աշխատանքը: Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվել է միության դերակատարությունը նաեւ Սփյուռքում հայապահպանության, Սփյուռքի համայնքների ներուժը միավորելու եւ Հայրենիքի հզորացմանը նպատակաուղղելու գործում: Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը ՀՀ վարչապետին ներկայացրել է միության առաջիկա ծրագրերը, խոսել` Հայաստանում հաջողությամբ անցկացված Հայկական բարեգործական ընդհանուր միության 100-ամյակի միջոցառումների մասին: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայկական բարեգործական միության ծրագրերը համահունչ են ՀՀ կառավարության ծրագրերին, ինչն առավել արդյունավետ է դարձնում փոխգործակցությունը եւ ՀՀ կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել շարունակել սերտ համագործակցությունը: n Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն այցելել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին: Վեհափառ Հայրապետը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայրապետական օրհնությամբ եւ շնորհավորանք ներով է սկսել հանդիպումը` հույս հայտնելով, որ ՀՀ կառավարության ղեկավարի բարձր ու պատասխանատու աշխատանքում Սերժ Սարգսյանն իր փորձառությունն ու կարողությունները մեծ նվիրումով ի սպաս կդնի ի շահ մեր ժողովրդի եւ պետության: Ամենայն Հայոց կաթողիկոսը վարչապետին մաղթել է քաջառողջություն եւ հաջողություններ` կառավարության առջեւ դրված խնդիրների լուծման ճանապարհին: Շնորհակալություն հայտնելով հայրապետական բարեմաղթանքների համար` ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունն այսուհետ եւս կշարունակի եկեղեցի-պետություն հարաբերություններն ամուր հիմքերի վրա պահելու եւ ի նպաստ մեր պետության ու ժողովրդի այն ծառայեցնելու իր որդեգրած քաղաքականությունը: Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են եկեղեցի-պետություն հարաբերություններին եւ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցերի: