«Կառուցենք արդար Հայաստան»


Հայաստանի դեմոկրատական կուսակցության կողմից Տավուշի մարզում (Իջևան, Դիլիջան, Նոյեմբերյան, Բերդ) կատարված սոցիոլոգիական հարցումների արդյունքները ՀԴԿ-ի համար երաշխավորել են 6,5 տոկոս քվե: Ըստ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի, այս տվյալները հավաստի են: - Մենք պետք է աշխատենք պահպանել ընտրությունների ժամանակ ստացված իրական ձայները: Այդ պատճառով մենք դիմեցինք ընդդիմադիր բոլոր կուսակցություններին, առաջարկելով ձևավորել նախընտրական շտաբ, որի հիմնական նպատակը կլինի արձանագրությունների հավաքագրումը: Արամ Սարգսյանը մեկ այլ դիմում-առաջարկ էլ ներկայացրել է ԱՊՀ և եվրոպական դիտորդական առաքելություններին` որպեսզի ընտրության ամբողջ ընթացքում առավոտից մինչև տեղամասի փակվելը նրանց ներկայացուցիչները մնան ընտրատեղամասում: Դեմոկրատական առաջնորդը համոզված է, որ դա կեղծիքների բացառման միակ ճանապարհն է: - Առաջինը, դա կլինի մշտական մոնիտորինգ և հետո հնարավորություն կտա համեմատել հարևան ընտրատարածքների հետ, որտեղ չի եղել այդպիսի դիտորդական առաքելություններ: Այդպես կհամոզվեն թե° իրենք և թե° մենք: Քարոզարշավի ընթացքում կիրառվող տեխնոլոգիաներից Արամ Սարգսյանը կարևորում է գաղափարական բանավեճերը, որոնք ավելի տեսանելի կդարձնեն, թե ով է հզոր մտքով և գաղափարով: Այն, որ ժողովուրդն իրոք հոգնել է և կարծես ոչինչ չի հասկանում մշուշապատ գաղափարախոսություններից, փաստ է, քանի որ շարունակ ականատես է լինում խոստում-դրժում գործելաոճին: Պատճառը, պարզվում է` ծրագրերի ու գաղափարախոսությունների առատությունը չէ, այլ այն, որ ընտրությունն այսօր կատարվում է շատ ու քիչ կաշառք տվողի միջև: Ժողովրդի հիշողության մեջ դեռ թարմ է ԱԺ-ում միավորված ընդդիմության բոյկոտը` «Ի՞նչ արեցին այն ժամանակ, որ հիմա ինչ անեն»: Այս մասին Արամ Սարգսյանի դիրքորոշումն այլ է: Ըստ նրա, ընդդիմության անկարողությունը պայմանավորված էր հենց դաշինքի առկայությամբ: Նա համոզված է, որ նոր խորհրդարանում հանդես են գալու առանձին խմբակցություններով և չեն բոյկոտելու ԱԺ-ի աշխատանքները: Իսկ եթե դարձյալ չհաջողվի աշխատել, ապա վայր են դնելու պատգամավորական մանդատները:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ