Միջազգային


Կիրակի օրը Իրանը հաղորդել է, որ չի քննարկելու միջուկային վառելիք ստանալու իր «ակնհայտ իրավունքը»: Սակայն Իրանը պատրաստ է շարունակել բանակցությունները, որոնք կարող են համոզել արեւմտյան երկրներին, որ Իրանի միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում եւ ուղղված չէ միջուկային զենք արտադրելուն: Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Մոհամմեդ Ալի Խոսեյնին հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը «պատրաստ են պաշտպանել երկիրը, եւ Իրանը պատրաստ է ցանկացած հնարավոր ռազմական հարվածներին»: ԱՄՆ-ը, որը վստահ է, որ Իրանն ուզում է միջուկային զենք ստանալ, ձգտում է ճգնաժամի դիվանագիտական կարգավորմանը, սակայն չի բացառում բանակցությունների ձախողման դեպքում ռազմական օպերացիայի անցկացումը: Reuters n ԱՄՆ-ն քննադատում է Թուրքիային Իրանի հետ ռազմավարական համագործակցության համար` էներգետիկայի բնագավառում: Այդ մասին հայտնում է Turkish Daily News-ը` հղում կատարելով Անկարայում ԱՄՆ դեսպանատանը առկա դիվանագիտական աղբյուրին: «Մենք ուշադրությամբ հետեւում ենք այդ իրավիճակին»,- նշել է ամերիկացի դիվանագետը, ով ցանկացել է անհայտ մնալ: Թուրքիան եւ Իրանը համաձայնագիր են կնքել էներգետիկական սեկտորում երկարաժամկետ համագործակցության, մասնավորապես նավթահորերի եւ գազահորերի հորատման մասին` Եվրոպա իրանական գազ մատակարարելու համար: Թերթի կարծիքով, այդ համագործակցությունը կարեւոր է եւ բխում է Թուրքիայի կենսական շահերից, ով ցանկանում է գլոբալ խաղացող դառնալ էներգետիկայի շուկայում: PanARMENIAN.Net n The New York Times-ի խմբագրական խորհրդի 2004 թվականի որոշմամբ, 1915 թվականի իրադարձությունները համարվում են «ցեղասպանություն» եւ այդ թեմայով հոդվածներ հրապարակելիս խմբագրությունը միշտ օգտագործելու է «ցեղասպանություն» բառը: Ապրիլի 5-ի նորություններում, որոնք պատմում էին ԱՄՆ Կոնգրեսում սպասվող քվեարկության մասին Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի վերաբերյալ, Օսմանյան Թուրքիա յում 1,5 միլիոն հայերի զանգվածային սպանությունները XX դարի սկզբում անվանել են «կոտորած»: Խմբագրությունը ճշտում է կատարել, որ դրանք ոչ թե «կոտորած էին», այլ ցեղասպանություն: Նույն ճշտումը վերաբերում է նաեւ մարտի 29-ին լույս տեսած հոդվածին` «Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը բարկացրել է Թուրքիային», որում 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը եւս «կոտորած» է անվանվել: PanARMENIAN.Net