Մենք ենք, մեր մշակույթը


Կենտրոնացումից` ապակենտրոնացում Մշակույթի մարդիկ ասում են, թե մեր կյանքի բոլոր արատները մշակույթի պակասի հետևանք են: Ո՞նց թե մշակույթի պակասի: Ախր ի՞նչ պատահեց մեզ: Էլի էն դարավոր մշակույթ ունեցող ժողովուրդը չե՞նք: Ենք ու չենք: Մշակույթը, ավելի ճիշտ մշակույթի զարգացումը հետանկախության տարիներից ի վեր ընթացավ գոնե մեզ ծանոթ և ընդունելի օրինաչափ կանոններից դուրս: Մոգական մի զորությամբ և մեր երևի թե բնատուր օտարամոլությամբ լեզվից մինչև մշակույթի որ ոլորտն ուզեք, ներմուծեցինք այլոցը, և շաղախը անհամ ու անձև մի բան ստացվեց, որ ամեն բան կարելի է կոչել, բացի մշակույթից: Ազգային «պոռալով» գնացինք դեպի օտարինը, բարձր մշակույթ ասելով` սլացանք դեպի անճաշակություն: Մեր իրականության մեջ մշակույթի խափանման մի դրսևորում էլ մշակույթի կենտրոնացումն էր մայրաքաղաքում: Դրսից համերգային խմբեր ու անհատներ են գալիս, ելույթներ պիտի ունենան Երևանում, երկրի մշակութային գլխավոր իրադարձությունները նշվում ու տոնվում են հիմնականում Երևանում: Մինչ Երևանը «խեղդվում է» մշակութային խմբերի, հանրապետական ու քաղաքային փառատոների ու մրցանակա բաշխությունների անսովոր առատությունից, մարզերում այս ամենին կարոտ են մնում: Շիրակի մարզպետարանի մշակույթի բաժնի պետը մի առիթով վրդովված ասաց. «Ինչո՞ւ է մշակութ ային կյանքը կենտրոնացվել Երևանում: Ի՞նչ է, գյումրեցիները պակա՞ս մշակութասեր են: Միջոցառումները` Երևանում, հեռուստահաղորդումների հյուրերը` Երևանից: Երկիրը հոգնել է միշտ նույն դեմքերը տեսնելուց: Չի՞ կարելի մեկ-մեկ էլ մեզ հրավիրել: Ի՞նչ է, միայն երևանցինե՞րը կարող են երկրին բարի լույս մաղթել ու երկրի մշակութային իրողություններից խոսել»: Դժգոհությունը, որ բավական տեղին էր, ուղղված էր մշակույթի կենտրոնացման դեմ, ինչի մասին խոսում էին ոչ միայն ներքևները, այլև վերևները: Այսինքն` տեսեք-տեսեք, մենք էլ ենք ասում, որ պետք է մտածել ապակենտրոնացման մասին: Ապակենտրոնացման գաղափարը ասպարեզ բերվեց դեռևս Մշակույթի երբեմնի նախարար Թամարա Պողոսյանի օրոք` մնալով, սակայն, խոսքի մակարդակում, ինչպես մեզանում սովորաբար լինում է: Հասունացած, աչքներս մտնող խնդիրը լուծելու կոնկրետ քայլեր անելու փոխարեն կարող ենք տարիներով երկար-բարակ խոսել այդ խնդրի մասին, մինչև որ գա քայլ անելու ժամանակը: Այստեղ տեղին է ապավինել ասացվածքներին ու պատկերավոր արտահայտություններին. «Լավ է ուշ, քան երբեք» կամ` «Էլի բան է»: Երկուսն էլ պատշաճում են վերջերս Կառավարության հաստատած մշակույթի զարգացման եռամյա ծրագրին: Ինչպես Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն է ասում. «Էսօրվա օրով մշակույթի զարգացման ծրագիր ենք բերել»` ծրագրին վերապահելով երկիրը մշակութացնելու, հայ մարդու համար կարևոր մշակութային մատչելիություն ապահովելու դեր: Ծրագիր, որը, նախարարի խոսքով, միաժամանակ, ազգային անվտանգության խնդիր է լուծելու: Ծրագիրը մեկնարկել է մոնիտորինգով` նպատակ ունենալով պարզել մարզերում մշակույթի վիճակը: Որ մանավանդ ծայրամասային շրջաններում մշակույթը լքյալ կարգավիճակ ունի, դրանում ոչ ոք չի կասկածում: Մոնիտորինգի տվյալներն էլ, ինչպես ասում են, ձեզ նվեր: Համայնքներ կան, որ մշակութային կազմակերպություններ առհասարակ չունեն (սերո¯ւնդ ենք տուրը տալիս, սերո¯ւնդ) և որոնց ղեկավարները, սակայն, մշակույթին աջակցելը իրենց պարտադիր լիազորությունների մեջ չեն դիտում: Մոնիտորինգի ծրագրով մարզերում կիրականացվի հաշվառում, գույքագրում և էլի նման բաներ, որոնց նպատակը վերջնարդյունքում ապակենտրոնացման գործընթացը Երևանից դեպի մարզեր վերահասցեագրելն է և միջմարզային մշակութային համագործակցությունն ակտիվացնելը: Հարկ է, որ գեղեցիկ խոսքերին հետևի գեղեցիկ գործը: Մեր մշակութային ժառանգությամբ վեր-վեր թռչելուց, մեր ազգային գիտակցությունը սնապարծությամբ և մեծամտությամբ սնելուց առաջ, մեր մշակութային ազգ լինելը այլոց և մեկս մյուսի աչքը խոթելուց առաջ հարկ է պահպանել ազգային մշակութային ժառանգությունը, պահպանել պետականորեն, պետական ծրագրերով երաշխավորելով ու խրախուսելով: Ձևով քաղաքակիրթ, իսկ բովանդակությա՞մբ Քաղաքապետարանի 1 պատուհանը կամ ծրագրի անվանմամբ Փաստաշրջանառության «ԷԼՓԱՍ» համակարգը այսօր համարվում է ամբողջապես ներդրված: Թե° քաղաքապետարանում և թե° Երևան քաղաքի բոլոր թաղային համայնքներում գործող էլեկտրոնային կապը դիտելի է դարձնում միմյանց աշխատանքը, հնարավորություն է ստեղծում կրճատել տեղական ինքնակառավարման մարմիներին քաղաքացիների կողմից ուղղված դիմումների շրջապտույտը: Համակարգը կոչված է քաղաքացիներին ազատել բյուրոկրատական քաշքշուկներից, չինովնիկների հետ միջնորդավորված հանդիպումներից, բյուրոկրատ պաշտոնյաների անիրավ աշխարհը գցելուց: «ԷԼՓԱՍ»-ը երևանցիների առջև բացել է քաղաքապետարանի դռները: Դիմումը 1 պատուհանում մուտքագրվում է, պատասխանն այնտեղից էլ ստացվում: Համակարգի ներդրումից ի վեր դիմումների կտրուկ աճը փաստում է, որ քաղաքի կառավարիչներին իրենց դիմումը հասցնելու այս ձևը ընդունելի է երևանցիների համար: Դռները բաց են, բողոքելու առիթներն ու պատճառներն էլ` բոլ-բոլ: Քաղաքացիներն իրենց դիմումները կարող են քաղաքապետարանին հասցնել նաև էլեկտրոնային կապով, ինչպես նաև իրենց համայնքի թաղապետարան հանձնելով: Եթե առաջ կար կապի մերթ-մերթ խափանումների խնդիր, ապա այսօր նման խափանումները բացառված են` համակարգը նոր, օպտիկական կապին միացնելով: Համակարգն, իրոք, լավն է, բյուրոկրատական քաշքշուկն, իսկապես, վերացել է: Մնում են բյուրոկրատները: Բյուրոկրատական մտածողությունն ու գործելաոճը: Բյուրոկրատ ների հե՞տ ինչ պիտի անենք: Քաղաքացուն ժամանակին և ժպտալով ու քաղաքավարությամբ պատասխանելը դեռևս չի նշանակում բավարարել նրա խնդիրը կամ պահանջը (խոսքը, իհարկե, իրավացի և օրինական պահանջի մասին է): Մարդու իրավունքների պաշտպանն օրերս հենց դրանում էլ մեղադրեց քաղաքապետարանին: Քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Գրիգոր Մելքումյանը փոխադարձեց իրենց հասցեին հնչած մեղադրանքը: Օմբուդսմենը, ըստ նրա, իրերի ընթացքից անտեղյակ է և չգիտի` ինչն ինչոց է: Իսկ մեջտեղում մի խումբ երևանցիների` իմա Կոնդի բնակիչների` քաղաքապետարանի հետ իրենց սեփականատիրական իրավունքները հստակեցնելու խնդիրն է: Թե ինչպես և ինչքան են մեզանում խախտվում օրենքները, ոչ մեկի համար գաղտնիք չէ: Եվ օրինազանցությունները շատ հաճախ են դիպչում երևանցու շահերին: Նման դեպքերում այդ մասին քաղաքապետարանին ահազանգող քաղաքացիների դիմումներին տրվող արագ ու քաղաքակիրթ եղանակով պատասխանների մեջ օրենքը, օրինազան ցությունը կանխելն ինչպիսի՞ անդրադարձ կունենա: Այ սա° է խնդիրը. այսինքն, պատասխանի որակը: Այսինքն` ոչ միայն ձևը, այլև բովանդակությո°ւնն է կարևոր:

Սուսաննա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ