Հանգուցյալը քաղաքապետարանից շինթույլտվություն է ստացել


Քաղաքի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը հեռուստաշոուներից մեկում հայտարարեց, որ մայրաքաղաքի Կենտրոնում «հողային լիմիտը սպառվել է», բայց չասաց, որ «վերևինը» նոր է սկսված: Վարդանանց փողոցի N 15 շենքի 3-4-րդ մուտքերի տանիքները վերածվեցին մանսարդային հարկերի: «Որբ» մնացին 1-2 մուտքերի ձեղնահարկերը, որոնց տիրակալը պետք է շենքի ամենահարուստը լիներ: Քնած չէր 2-րդ մուտքի 2-րդ հարկի բնակիչ Յուրի Սահակյանը: Իմանալով, որ ըստ «ՀՀ բազմահարկ շենքի կառավարման մասին» օրենքի, կառուցողին շինթույլտվություն է տրվում միայն շենքի բոլոր բնակիչների համաձայնության դեպքում, քանզի նրանցից յուրաքանչյուրն այդ ձեղնահարկի սեփականատերն է, նա թակեց հարևանների տան դռները: Ամեն մեկին մի ձևով համոզեց և շենքի 54 սեփականատերերից, դեռ մի բան էլ ավելին` համասեփականատերերից միայն 16 բնակչի ստորագրություն հավաքեց, համաձայնություն, որ Յու. Սահակյանի դուստրը տվյալ շենքի տանիքում շինաշխատանքներ կատարի, հետագայում սեփականաշնորհելու իրավունքով: Ոտնահարելով 1-ին մուտքի վերջին հարկի բնակիչների (7,8 բն.) սեփականատերերի իրավունքները` քաղաքի գլխավոր ճարտարապետ Ս. Դանիելյանը 2006 թ. հունվարի 12-ին ընդամենը 5 բնակարանի սեփականատերերին տվեց N 263 շինթույլտվությունը, որի կառուցապատողը դարձավ Յու. Սահակյանը: Թեև ձմեռնամուտ էր, բայց դա չմտահոգեց կառուցողին. սկսեց 1 և 2-րդ մուտքերի տանիքների քարուքանդը: Ջրհոսքը լցվեց վերջին հարկի բնակիչ Ս. Պ.-ի բնակարանը` վնասելով նաև բնանկարները: Նույն ավերված վիճակում են հայտնվել նաև N 7, 8 բնակարանները: Յու. Սահակյանը, պատճառաբանելով, որ տարածքը գնել է, նկարչից տարածքի 1 քմ-ի համար պահանջեց 1000 ԱՄՆ դոլար, իմանալով, որ վերջինս արվեստանոցի կարիք ունի: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան դիմեցին նկարիչը, N 7, 8 բնակարանների սեփականատերեր Ք. Զաքարյանն ու Տ. Մարտիրոս յանը, պահանջելով անվավեր ճանաչել քաղաքապետարանի N 263 շինթույլտվությունը: Նիստը Լ. Հովհաննիսյանի քարտուղարությամբ նախագահում էր դատավոր Վ. Լալայանը: Գործի մանրակրկիտ ուսումնասիրությամբ դատարանը պարզեց, որ ըստ Քաղ. օր.-ի 191 հոդվածի 1-ին կետի «Բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը տիրապետվում և օգտագործվում է դրա բոլոր մասնակիցների համաձայնությամբ»: Պարզեց նաև, որ քաղաքապետարանը շինթույլտվություն է տվել նաև N 20 բն. բնակիչ, 2002 թ. մահացած Լիլիա Չալախյանին: Դատարանը պատշաճ չհամարեց 16 բնակիչների ստորագրությունները, որոնց հիման վրա քաղաքապետարանը տվել է N 263 շինթույլտվությու նը: Այս և հայցվորների բերած բազմաթիվ փաստերից հետո էլ քաղաքապետարանի ներկայացուցիչ Դավիթ Ազիզյանը ջանում էր դատարանին ապացուցել, որ շինթույլտ վությունն օրինական է, տրամադրվել է օրենսդրության սահմաններում: Ելնելով այն փաստից, որ հայցվորները որպես սեփականատերեր իրենց համաձայնությունը չեն տվել Յու. Սահակյանին և մյուս 3-րդ անձանց ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող նշված շենքի տանիքում (հատկապես 1-ին մուտքի) մանսարդային հարկ կառուցելու, ղեկավարվելով ՀՀ Քաղ. օր.-ի 224, 132, 14 հոդվածի 2, 3, 6, 9 կետերով, 191, 192 հոդվածներով, դատարանը վճռեց հայցը բավարարել: Անվավեր ճանաչեց քաղաքապետարանի հունվարի 12-ի, 2006 թ. N 263 շինթույլտվությունը. «դադարեցնել շինաշխատանքները, պարտավորեցնել Յու. Սահակյանին կառուցման հետևանքով քանդված տանիքը իր միջոցներով վերականգնել, բերել նախկին տեսքի»: Երևում էր, որ տարիները դատավոր Վ. Լալայանի կողքով դատարկ չեն անցել: Տարիները նրան տվել են աշխատանքային փորձ, ճիշտ կողմնորոշվելու, արդար վճիռ կայացնելու ունակություն: Վճիռը դուր չեկավ քաղաքապետարանի ներկայացուցիչ Դ. Ազիզյանին ու պատասխանող Յու. Սահակյանին: Վերջինս հայտարարեց, որ Վճռաբեկ դատարան բողոք կբերի անձամբ քաղաքապետ Երվանդ Զախարյանի ստորագրությամբ, ոչ թե գլխավոր ճարտարապետի, որը տվել էր N 263 շինթույլտվությունը, հաստատել կնիքով ու ստորագրությամբ: Մեր հեռախոսազրույցի ժամանակ Յու. Սահակյանը քաղաքապետի անունից հայտարարեց, որ «շուտով որոշում կկայացնի տանիքների տարածքները աճուրդի հանելու մասին»: Թե ով էր նրան այդքան իրավունք տվել շահարկելու քաղաքապետի անունը` այդպես էլ մեզ անհայտ մնաց: Բայց որ բողոքը դատարան մտավ քաղաքապետի ազգանվամբ` ակնհայտ էր: Դատական նիստերին գործով նախագահող դատավոր Վ. Ավանեսյանին ոչ մի հարց ու պատասխան չհետաքրքրեց: Ակտիվ էին դատավորներ Կ. Հակոբյանն ու Վ. Խաչատրյանը: Ըստ նրանց, 2/3-ով հավաքագրած բնակիչների ստորագրությունները չէին կարող ոտնահարել մյուս սեփականատերերի իրավունքները: Եթե նիստը առաջին օրն ավարտվեր, անշուշտ, առաջին ատյանի դատարանի վճիռը ուժի մեջ կմնար, սակայն, գործի բերումով հանրապետությունից բացակայեց դատավոր Վ. Խաչատրյանը, իսկ Կ. Հակոբյանը գլխիվայր շրջեց նախորդ նիստին հրապարակած իր մեկնաբանությունները: Դատարանը հարկ չհամարեց ուսումնասիրել «ՀՀ բազմահարկ շենքի կառավարման մասին» օրենքի 12 հոդվածի (4, 5, 7, 9), 13 հոդվածի (1, 5, 7), 14 հոդվածի (1) կետերի պահանջները, ներկայացրած փաստաթղթերի իսկությունը, այլապես կհավատար հայցվորներին, որ շենքում ժողով չի եղել, որ բնակիչների 2/3-րդ ստորագրությունները սոսկ ստորագրահավաք է, կեղծիք: Ինչ է, չորս տարի առաջ մահացած Լիլիա Չալախյանի մայրն ու եղբայրը չգիտեի՞ն, որ հանգուցյալին տվել են իրենց համաձայնությունը մանսարդային հարկ կառուցելու: Դատարանն էլ շարունակել է հանգուցյալին ընդգրկել համասեփականատերերի ցուցակում: Դատարանը չէր կարող «Սեփականատերերի ընդհանուր ժողովի մասին» փաստաթուղթը հիմք ընդունել, քանի որ չի ներկայացվել այդ ժողովի պատշաճ վավերացված արձանագրությունը, օրը, ժամն ու տարեթիվը: Հայտնի չէ` այդ ստորագրությունների հեղինակները բնակիչնե՞րն են, թե՞ այլ անորոշ անձինք: Դատարանը խախտել է նաև «ՀՀ բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3, 4, 5 կետերի, 11-րդ հոդվածի 8-րդ ենթակետի, 15 հոդվածի պահանջները: Այսպես ՀՀ քաղգործով Վերաքննիչ դատարանում ոտնահարվեց հայցվորների իրավունքները: Նրանց վճիռը անմահացավ ՀՀ Վճռաբեկ դատարանի փակ դռների ետևում: Ներկայումս Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում, նույն դատավոր Վ. Լալայանի նախագահությամբ, լսվում է հայցվորներ Ք. Զաքարյանի և Տ. Մարտիրոսյանի` Վարդանանց փող. N 15 շենքի առաջին մուտքի ձեղնահարկում մանսարդային հարկի կառուցապատող ճանաչելու պահանջների մասին քաղհայցերը: Վնասի փոխհատուցման մասին հայցվորները դատարանից խնդրում են կիրառել ՀՀ Քաղ. օր.-ի 224 հոդվածի պահանջները, որի համաձայն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց են պատկանում... նաև շենքի տանիքները և իրավունքը, ներկայումս այնտեղ կառուցվող մանսարդի նկատմամբ: Կիրառվի «ՀՀ բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի 11 հոդվածի 3-րդ կետի պահանջը. «Շինության յուրաքանչյուր սեփականատեր ժողովում օժտված է իր բաժնին հավասար ձայների քանակով»: Ոչ ոք և ոչ մի Ժողով 7 և 8 բնակարանների սեփականատերերին չի զրկել այդ իրավունքից: Անշուշտ, դատարանը չի ոտնահարի հայցվորների սեփականության իրավունքները, և զուր են քաղաքապետարանի ներկայացուցիչ Դ. Ազիզյանն ու պատասխանող Յու. Սահակյանը ջանում ճնշում գործադրել դատավորի վրա, չտարբերելով նախկին ու ներկա քաղհայցերի պահանջները: Նրանց հայտարարած բացարկը դատավորի դեմ մերժվեց դատարանի նախագահ պարոն Ժ. Վարդանյանի կողմից: Պատասխանող Յու. Սահակյանը շարունակում է շանտաժել հայցվորներին: Այս անգամ իր ուսերին է վերցնում զինկոմիսարիատների իրավունքները, սպառնում է ավարտական կուրսի ուսանող Տ. Մարտիրոսյանին 2-րդ անգամ զինծառայության ուղարկելու, որտեղից (սահմանամերձ գոտի) նա վերադարձել է պատվոգրերով: Սպառնում է այն դեպքում, երբ իր որդին չի կատարել իր պարտքը Հայրենիքի հանդեպ: Ուսանողին վարկաբեկելու նպատակով այցելում է ինստիտուտի ղեկավարներին, առանց իմանալու, որ նա քննությունները հանձնել է «գերազանց» գնահատականներով և բարերարության համար արժանացել ռեկտորատի շնորհակալագրի: Այլ բանով է սպառնում հայցվոր Ք. Զաքարյանին. «Փողով գիտե՞ք ինչ կանեմ ձեզ: Բուզանդի փողոցի բնակիչները ինչ արեցին, որ դուք ինչ անեք»: Ի՞նչ է հարկավոր քաղաքի գլխավոր ճարտարապետ, ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ պարոն Ս. Դանիելյանին, դատական ատյանների դատավորներին, որպեսզի վերականգնվի թոշակառու Ք. Զաքարյանի, ուսանող Տ. Մարտիրոսյանի սեփականատերերի ոտնահարված իրավունքները` առանց հանգուցյալ լինելու հանգամանք ներում: