Ալյուրը մենք մաղեցինք, փախլավան ուրիշն է ուտում


Կոնդ թաղամասի խնդիրներին «Ավանգարդն» իր էջերում անդրադարձել է դեռ անցյալ տարի, երբ ՀՀ նախագահի և վարչապետի միջամտությամբ ստեղծված Երևանի քաղաքապետարանի, ԾԻԳ-ի, պետական կադաստրի և կոնդեցիների ներկայացուցիչների կազմած հանձնաժողովը ձեռնամուխ եղավ 416 ընտանիքների բնակարանների սեփականաշ նորհման խնդիրների լուծմանը: Կոնդեցիների հավաստմամբ` այսօր մնացել են «վերջին ակորդները»: Ուրեմն ի՞նչն էր «Ազդակ» ակումբում կոնդեցիների հրավիրած ասուլիսի պատճառը: Պարզվում է, որ այս անգամ ոտնահարվել են ոչ թե նրանց իրավունքները, այլ արժանապատվությունը և այն էլ ոչ այս, ոչ այն` Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի կողմից: Դրական ենք գնահատում այն, որ Պաշտպանի առաջարկները Կոնդ և Կոզեռն թաղամասերի վերաբերյալ քաղաքապետի կողմից ընդունվել են, ձեռնարկվել և իրականացվել է տվյալ տարածքներում առկա որոշակի կարգավիճակ չունեցող մի քանի տասնյակի հասնող շինությունների կարգավիճակի ճշտում, դրանց նկատմամբ համապատասխան քաղաքացիների սեփականության իրավունքի ճանաչում, ինչը վկայում է, որ «Հյուսիսային պողոտա և Կասկադ» ծրագրերի իրականացման ընթացքում թույլ տրված խախտումների վերաբերյալ քննարկումները, հրապարակային քննադատություններն անհետևանք չեն անցել, որ կատարվել է որոշակի հետևություն և քայլեր են ձեռնարկվում` նախկինում թույլ տրված սխալները չկրկնելու համար: Լրատվամիջոցներով և Մարդու իրավունքների պաշտպանի ինտերնետ կայքում տեղադրված այս հայտարարությունից դառնացած կոնդեցիները պահանջում են Արմեն Հարությունյանից իր իսկ հայտարարության հրապարակային հերքում: - Մեր պահանջը միանգամայն բնական է և արդարացի, թող ամեն անհատ իրեն չվերագրի ուրիշի կատարած աշխատանքը,- ասում է միջգերատեսչական հանձնաժողովի անդամ, Կոնդի բնակչուհի Նաիրա Ենոքյանը,- Արմեն Հարությունյանի պաշտոնավարումից ի վեր կոնդեցին որևէ հարցով չի դիմել իրեն, ինչո՞ւ է իրեն վերագրում մի գործ, որից անտեղյակ է: Հայտարարության առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանին հանդիպելու փորձերն ապարդյուն են եղել: - Հեռախոսազանգերի դեպքում նա, ինչպես միշտ, անհասանելի է, իսկ գրասենյակում նրան հանդիպելու համար պահանջեցին դիմում գրել և սպասել հերթի,- ասում է Նաիրա Ենոքյանը: Գրասենյակում ասացին «չիք», դե, նա էլ դիմեց ասուլիսին: Ի դեպ, կոնդեցիները վճռական են տրամադրված, որ եթե հերքում չտրվի, անմիջապես Պաշտպանի գրասենյակի առջև կկազմակերպվի նստացույց: Դե, հիմա, թող ինքը պաշտպանվի:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ