ԿՐԿԵՍԱՅԻՆ ՀՈԳՍԵՐ


- Երևանի կրկեսն այսօր յուրօրինակ մշակութային կենտրոն է, ժանրերի սինթեզ,- ասում է «Երևանյան կրկես» մշակութային կենտրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար, միջազգային տարբեր մրցույթների դափնեկիր, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Սոս ՊԵՏՐՈՍՅԱՆԸ: 90-ականների մութ ու ցուրտ տարիներին, մշակութային շատ օջախներից, նաև կրկեսից, փոքր-ինչ հեռացավ հանդիսատեսը: Հակամշակութային անբարենպաստ պայմանները մարդկանց միտքը կենտրոնացրել էին կենցաղային հոգսերի վրա` աստիճանաբար ետին պլան մղելով արվեստը: Սակայն կրկեսի` դժվարությունների առջև չընկրկող արտիստները նույնիսկ այդ տարիներին շարունակեցին իրենց աշխատանքը` չտրտնջալով ցածր աշխատավարձից: Բնական է, ովքեր երբևէ վայելել են իրենց արվեստի փառքը, երջանկացել են հանդիսատեսի բուռն ընդունելությունից, գիտեն հոգևոր հացիվի իրական արժեքը: Եվ այսօր սոցիալապես անապահով խավի, մանկատների և մինչև 3 տարեկան երեխաներին կրկեսում հնարավորություն է ընձեռվում անվճար ներկա գտնվելու ներկայացումներին: Սակայն մարզերից եկող հանդիսատեսի պակասը զգացնել է տալիս: - Ներկայանալով իբրև մեր աշխատակիցներ` մարզերում շրջում են 2-3 անորակ դերասաններ, ովքեր, գումար տալով մշակութային հարցերով զբաղվող մարդկանց, ելույթներ են ունենում` պատվազրկելով և° կրկեսի արհեստավարժների անունը, և° նվազագույնի հասցնելով մարզային հանդիսատեսի այցը,- մտահոգվում է Ս. Պետրոսյանը: Չստանալով պետությունից ոչինչ, կրկեսը հավուր պատշաճի կամ գոնե բավարար պահելու դժվարին հոգսը ստանձնել է տնօրենը` առաջնահերթ խնդիր համարելով ջեռուցման համակարգի կարգավորումն ու վերանորոգման աշխատանքները (որոնք 1962 -ից չեն կատարվել): Բավական բարդ է նոր կենդանիներ բերելու խնդիրը: Դժվարությունն այլ երկրների հետ պայմանագրեր կնքելը չէ, այլ ճանապարհային բարդությունները: Մինչդեռ կրկեսային ներկայացումների հիմքը կենդանիներն են համարվում: Տնօրենը չի թաքցնում, որ անհամեմատ հեշտ է կրկեսի յուրահատուկ ծրագրերը պատրաստել մարզիկների հետ` դրանք դարձնելով արվեստի գործ, բեմադրություն, ստեղծելով կերպարներ: Կրկեսն իր մեջ ներառում է սպորտի և արվեստի մի քանի տեսակների տարրեր: Եվ պատահական չէ, որ տնօրենի նախաձեռնությամբ այստեղ գործում են պարային խմբակ և Լ. Ենգիբարյանի անվան դպրոց-ստուդիան` Նաիրա Պետրոսյանի ղեկավարությամբ: Նրանց պատրաստած առանձին համարները ընդգրկվում են ներկայացումների մեջ: Դպրոց-ստուդիայում կարող են և ուսանում են այս արվեստի երկրպագուներ, որոնցից, ի դեպ, ոչ բոլորն են պատրաստվում բեմ դուրս գալ: Ինչպես շատ մշակութային հիմնարկներում, աշխատանքային չսահմանափակվող ժամերի պատճառով շատերը չեն դիմանում: Մինչդեռ կրկեսն ունի կադրերի պակաս: Շուտով մեր կրկեսի 12 դերասաններ ներկայացումներով հանդես կգան Ֆրանսիայում: Հրավերը ստացվել է Լիոն քաղաքի գործարար Հ. Տերտերյանի կողմից: Տնօրենի ցանկությունն է նաև` մասնակիցը դառնալ «Հայաստանյան օրերը Ֆրանսիայում» ծրագրին: Կրկեսային կյանքը ընթացքի մեջ է: Այն չի խաթարվում տարատեսակ դժվարություններից, որոնք ֆինանսական սուղ միջոցներով են պայմանավորված: Բայց և գաղտնիք չէ, որ դերասանի համար ամենակարևորը ճշմարիտ արվեստասերի` հանդիսատեսի ներկայությունն ու գնահատանքն է: