Սխալ է միայնակ խաղալ Թուրքիայի դեմ


Զրույց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա ՊԱՊՅԱՆԻ հետ` հայ-թուրքական հարաբերություններում առկա զարգացումների շուրջ:

Անցած շաբաթ ԵԺԿ համաժողովում ընդունվեց Հայոց Ցեղասպանության 100-ամյակի մասին բանաձևը: Ի՞նչ կտա կամ ի՞նչ տվեց այդ բանաձևի ընդունումը հայերին:

Եթե մենք ցեղասպանության հատուցում ենք ուզում, իմ կարծիքով, ճիշտ ճանապարհով չենք գնում, Ցեղասպանության ճանաչումը չի հանգեցնելու հատուցման: Օրինակ, Ռուսաստանը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը, բայց դա չի բացառում, որ Ռուսաստանն այսօր հանդես գա որպես Թուրքիայի լավագույն դաշնակիցներից մեկը: Ստացվում է, որ ճանաչման այդ բանաձևը ինքնանպատակ է: Այսինքն, անիմաստ է դառնում մի բան անելը, որն արդյունք չի տալու: Ցանկացած գործողություն պետք է արդյունք տա և դրանով գնահատվի: Հիմա մենք հիսուն տարի հայերով քաղաքականություն ենք իրականացրել` հսկայական ջանքեր ենք ներդրել, հսկայական միլիոններ ենք ծախսել և ունենք ինչ-որ թիվ. քսանից ավելի երկրներ ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը. Հետո՞: Դա ինչի՞ հանգեցրեց: Արդյո՞ք այսօր Թուրքիան է շրջափակման մեջ հայտնվել կամ ճնշման տակ` Հայաստանին հատուցում տալու համար: Ցավոք` ոչ: Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ այս` ԵԺԿ ընդունած բանաձևին, այն որոշակի առավելություններ ունի Ցեղասպանություն ճանաչող մյուս փաստաթղթերից: Որպես կանոն, խորհրդարանների ընդունած բանաձևերը շատ կարճ, մեկ-երկու տողանոց բովանդակություն են ունենում, հաճախ անգամ չի նշվում հանցագործություն իրականացնող երկիրը: Իսկ այս փաստաթղթում շատ ավելի կոնկրետ է նշվում:

Հետաքրքիր է, որ առաջին կետում Ցեղասպանության ժամկետը ձևակերպվում է 1894-ից 1923 թվականը: Այստեղ կարևոր է, որ նշվում է հայրենազրկման մասին, նշվում է հայկական մշակույթի կամ ժառանգության ավերման, նաև Ցեղասպանության ժխտման մասին` որպես Ցեղասպանության փուլերից մեկը:

- Լավ, բայց այդ բոլորը մեզ ի՞նչ է տալիս:

- Այդ բոլորը մեզ տալիս է այն, ինչը մենք 1500 տարի տոնում ենք` Վարդանանց պատերազմում բարոյական հաղթանակ: Բայց մենք ունենք կատարման համար պարտադիր փաստաթուղթ` Վիլսոնի իրավարար վճիռը: Հիմա դա թողած, զբաղվել ինչ-որ բաներով, ընդունելի է ոչ թե պետության, այլ Սփյուռքի համար: Իսկ երբ կա պետություն, կարելի է դիմել միջազգային դատարան ու պարտադիր կատարման համար որոշումներ կայացնել, բայց ոչ հպարտանալ մի բանով, որով տասնյակ տարիներ զբաղվել է Հայ դատը` ոչ կառավարող կուսակցության գրասենյակը:

- Նշյալ փաստաթուղթը ի՞նչ կարող է ավելացնել այդ ուղղությամբ մեր ունեցածին:

- Ճանաչման փաստաթղթերը ի վերջո ոչ մի բան տալ չեն կարող: Դրանք միայն մթնոլորտ կարող են փոխել: Իմ կարծիքով, կառավարող կուսակցությունը 100-ամյակի առիթով պետք է հանդես գա հստակ ծրագրով, թե ինչպես է պատկերացնում հայկական հարցի լուծումը: Այնուամենայնիվ, քաղաքական, հոգեբանական առումներով ամբողջ աշխարհի ուշադրությունը բևեռված է այս խնդրի վրա: 100-ամյակի առավելությունն այն է, որ մենք կարողանանք մեր ձայնը հնչեցնել, մեր առջև այսօր դռներ են բացվում, որոնք մի քանի տարի առաջ փակ էին: Եթե այս ամբողջը սահմանափակվի համերգային, ցուցահանդեսային միջոցառումներով, դա կարող է և շատ վտանգավոր դառնալ, դա «Ոսկե աշուն» փառատոնի վերածվելու վտանգ է պարունակում:

- Այսինքն կարող ենք հերթական անգամ դառնալ աշխարհի հզորների խաղերի օբյե՞կտ:

- Հայկական հարցի օգտագործումը, չարաշահումը մեզանից կախված չի: Այդ հարցը հզորները օգտագործել են Թուրքիային ճնշելու համար` ինչ-որ հարցեր լուծելու նպատակով: Այսօր հարցն այն է, թե մենք ինչքանով կկարողանանք օգտագործել մեր շանսերը առաջ տալու հնարավորությունը: ԵԺԿ-ի կողմից այս բանաձևի ընդունումը նույնպես Եվրոպայի շահերից է բխում, նրանք լարված հարաբերություններ ունեն Թուրքիայի հետ` իսլամիստների առնչությամբ: Բայց խնդիր է, թե ինչքանով մենք կկարողանանք սա վերածել գործնական արդյունքի: Միակ գործնական արդյունքը, որ տվել է 50 տարվա պայքարը, աշխարհի իրազեկված լինելն է Ցեղասպանության մասին:

- Իսկ ինչպե՞ս կարող ենք հասնել հատուցման իրականացմանը:

Ակնհայտ է, որ մեր հարցը կարող է լուծվել Թուրքիայի նկատմամբ որոշակի պարտադրանքի միջոցով: Միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը օինական պարտադրանքի իրավունք ունի: Իսկ ՄԱԿ-ի համար պարտադիր է ԱԽ և ՄԱԿ-ի դատարանի որոշումը: Մենք այդ դատարանին էլ պետք է դիմենք: Վերջինիս 36-րդ հոդվածը լիազորում է որոշել գոյություն ունեցող միջազգային փաստաթղթերի կարգավիճակը: Մենք պետք է դիմենք այդ դատարանին, հիշեցնենք, որ կա իրավարար վճիռ և հստակեցնենք` այն ուժի մե՞ջ է, թե՞ չէ: Սա է միակ լուծումը: Մեր ամբողջ սխալն այն է, որ լինելով միջազգային կառույցի անդամ, փորձում ենք միայնակ խաղալ Թուրքիայի դեմ: Իսկ ԵժԿ-ի կողմից բանաձևի ընդունումը պարզապես կուսակցության` հասարակական կազմակերպության ընդունած բանաձև է:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ