Սնունդը` մատնադրոշմով


Վենեսուելայում որոշել են արգելել «ավելորդ» սննդամթերք գնել: Դե, պատճառն այն չէ, որ իշխանությունները ցանկանում են մարդկանց վարժեցնել չմտահոգվելու վաղվա օրվա մասին. պարզապես պարենն է քչություն անում:

Այնտեղ պատրաստվում են մեծ խանութներում շուրջ 20 հազար մատնահետքեր դրոշմող սարքեր տեղադրել և գումարից բացի նաև գնորդների մատնադրոշմը վերցնել: Ինչո՞ւ: Որպեսզի կառավարության կողմից սահմանված չափաբաժնից ավելի ամենօրյա ապրանք գնող չլինի:

Անցյալ տարվանից Վենեսուելայի խանութներում ամենատարրական ապրանքների մատակարարման համատարած խաթարումներ են գրանցվել: Արդյունքում` հետզհետե մեծանում են հերթերը, երբ որևէ տեղ առօրյա օգտագործման ապրանք է հայտնվում:

Երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն պնդում է, որ պակասության մեղավորը վերավաճառողներն են. նրանք ուշացնում են մատակարարումը, որպեսզի գները բարձրացնեն: Փետրվարին ձերբակալվել են դեղատնային և մթերային խանութների մի քանի ցանցերի սեփականատերեր` արհեստական հերթեր ստեղծելու մեղադրանքով: Բացի այդ, հարևան Կոլումբիայից մաքսանենգներն են պետական խանութներից գնում վերահսկվող գներով մատչելի ապրանքները:

Պարենամթերքի և դեղորայքի անբավարարությունը վենեսուելցիների դժգոհությունն է հարուցում` ավելի հաճախակի դարձնելով զանգվածային բողոքները, որոնք հաճախ ավարտվում են բռնություններով: