Եթե յուրաքանչյուրը թանգարանից տանի իր հետ մեկ կաթիլ Վազգեն, մեր երկիրը անպաշտպան չի մնա


Սպարապետի ծննդյան նախօրեին մեր զրուցակիցն է Վազգեն Սարգսյանի

տուն-թանգարանի էքսկուրսավար Երանուհի ՄՈՒՍԻԿՅԱՆԸ:

Հայ ազգը վառ անհատականությունների պակաս երբեք չի ունեցել, բայց միշտ էլ զգացել է պետականամետ այնպիսի գործիչների կարիք, ովքեր, համատեղելով ռազմական, քաղաքական ու ստեղծագործական գործունեությունը, նաև բացել են ազգի առջև ծառացած հրատապ խնդիրներին հասնելու ճանապարհը: Ազատագրական պայքարի վերելքի ամեն մի շրջան ծնում է իր հերոսներին, իսկ հերոսների շարքից առանձնանում է առաջնորդը…

Ավաղ, մեր ժողովուրդը հաճախ ժամանակին չի ճանաչել իր Առաջնորդին, և հենց դա էլ եղել է նրա դժբախտությունը: Մեր պատմությունը վկա:

Այս անհատներից է Սպարապետ Վազգեն Սարգսյանը, ով մեծ ավանդ ունեցավ Հայոց պետականության հիմնարկեքի ու բանակաշինության գործում:

1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո` դեկտեմբերին նա հետմահու արժանացավ Հայաստանի «Ազգային հերոսի» կոչման և «Հայրենիք» շքանշանի:

Նրա անունն է կրում այսօրվա Ռազմական ակադեմիան: Երևանում կա համանուն փողոց, իսկ ծննդավայր Արարատի մարզի Արարատ (Դավալու) գյուղում գործում է տուն-թանգարանը:

2000 թվականին ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց Հայաստանի Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան ստեղծելու մասին:

Տուն-թանգարանը բացվել է 2001 թ. մարտի 5-ին` Վազգենի ծննդյան տարեդարձի օրը, Արարատի մարզի Արարատ գյուղում:

Թանգարանում ամփոփված է Վազգեն Սարգսյան գրողի, զինվորի, սպարապետի, պետական գործչի կյանքն ու կենսագրությունը ներկայացնող պատմությունը:

Տուն-թանգարանի բակում տեղադրված է Սպարապետի կիսանդրին:

- Պատմեք մի փոքր թանգարանի մասին:

- Սպարապետի տուն-թանգարանը գտնվում է Արարատ գյուղում` իր տանը կից և կառուցվել է ընտանիքի ֆինանսավորմամբ: Դրա երկու մեծ սրահներում տեղադրված են Սպարապետի անձնական իրերն ու նվերները` սկսած Վազգեն-անհատից (մանկավարժ, ֆուտբոլիստ, գրող-արձակագիր), ներառյալ ռազմական գործիչ և պետական այր լինելը: Թանգարանի աշխատանքային առօրյան սկսվում է ամեն օր` առավոտյան ժամը 10-ից մինչև 20-ը: Հանգստյան օրը` երկուշաբթի, մուտքը` անվճար:

- Իսկ ովքեր են հիմնական ձեր այցելուները:

- Թանգարան այցելում են աշխարհի տարբեր ծայրերից, հանրապետության տարբեր մարզերից` անկախ տարիքից, պաշտոնից, սոցիալական վիճակից: Հիմնական այցելուները դպրոցականներն են, ուսանողությունը, տարբեր կազմակերպություններ, երկրապահները:

- Ինչպե՞ս կներկայացնեք մեր Սպարապետին:

- Վազգեն Սարգսյանը Աստծո կողմից ուղարկված պարգև էր հայ ժողովրդին, ով եկավ և դարերի փոշին մաքրելով` գոտեպնդեց այս ժողովրդին, կրելով իր ծանր խաչը` հավերժացավ:

Վազգեն անհատն իր տեսակով ազնվագույն, մաքուր, երկիր սիրող, մայրապաշտ, երեխասեր, ժողովրդական, տիպիկ ազգային նվիրյալ, մտավոր բարձր ունակութ յունների տեր անձնավորություն էր:

- Ի՞նչ հետաքրքիր դեպք կպատմեք մեր Սպարապետի կյանքից:

- Հետաքրքիր դեպքերը Սպարապետի կյանքում անչափ շատ են եղել: Դրանցից մեկը սա է. խորհրդային ժամանակներում, երբ դեռ ինքը «Գարուն» ամսագրի հրապարակախոսական բաժնի ղեկավարն էր, իր գրչակից ընկերների հետ գնում է Արցախ: Ճանապարհին, անցնելով Էդիլլու գյուղի ցուցանակի մոտով, կանգնեցնում է ավտոմեքենան, իջնելով վերցնում մի քարի կտոր և ցուցանակի վրայից սկսում քերել «լու» վերջածանցը` ասելով. «Ես պետք է մաքրեմ բոլոր այս «լու»-երը»: Գրչակից ընկերներից մեկը, որն ներկա էր գտնվել այդ պահին, հետագայում պատմելիս ավելացրեց. «Տղան ասաց ու արեց»: Դա պատմում էր Արցախյան պատերազմի հաղթանակից հետո:

- Ո՞րն է Ձեր խրատը կամ խորհուրդն այսօրվա երիտասարդությանը.

- Թանգարան այցելած բոլոր աշակերտական և ուսանողական խմբերին ուղղված հրաժեշտի իմ խորհուրդը այս է` եթե յուրաքանչյուրը թանգարանից իր հետ մեկ կաթիլ Վազգեն տանի, մեր երկիրն անպաշտպան չի մնա:

Գարիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ