«Գրքի մահվան մասին բոլոր կարգի խոսակցությունները չափազանցված են»


Ինչ-որ պահի նույնիսկ չարախնդացողներ եղան` համակարգիչը ձեռնոց կնետի գրքին, տպագիր լրատվամիջոցներին: Այդպես կարծել կամ ցանկանալ կարող էին երևի միայն սահմանափակ մտածողության տեր մարդիկ: Առնվազն նրանք, ում համար գիրք կարդալը տառապանք է եղել: Տառապանք է եղել, որովհետև հավանաբար դժվարացել են ընկալել կարդացածը: Նմաններն այսօր համակարգիչներով էլ չեն կարդում: Մինչդեռ մարդկային մտքի ու զգացմունքների առավել առողջ սնունդ, քան ընթերցանությունն է` չկա´: Կարդալ չսիրելը մտքի ծուլություն է: Ու որքան էլ մի պահ շատերը որոշեցին, որ գրքերն այլևս իրենց բնակարանների շքեղաշուք կահույքներին չեն վայելում ու դրանք հարմար-էժան գներով վաճառքի հանձնեցին, միևնույն է` գնորդներ եղան: Թեկուզ` վերավաճառելու համար: Վերավաճառողն էլ գնորդ ունի...

Այս առումով ուրախալի մի իրողություն կա մեզանում. գործող գրադարանները համր ու լուռ գրապահոցների չվերածվեցին: Ճիշտ հակառակը, տեխնոլոգիաների բուռն զարգացման մեր ժամանակներում հարեհաս համակարգիչը որպես «կույրի ձեռնափայտ» օգտագործող երիտասարդները ևս գրադարաններ ու ընթերցասրահներ են գնում: Ու ո´չ պարտադրաբար: Մարդկային գործոն է (գուցեև` առողջ բնազդ). ծանոթությունը մտերմության է վերածվում ընկերանալու ընթացքում: Եվ նրանք, ովքեր թեկուզ դիպվածի բերումով 1-2 անգամ իրենց հետաքրքրություններին հագուրդ են տալիս ընթերցանությամբ, գիրքը նրանց համար շիտակ բարեկամ է դառնում, չմոլորեցնող ուղեկից:

Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի տնօրեն Տիգրան ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ հետ մեր զրույցը բուհի ուսանող-գրա դարանի կապի մասին էր: Ի դեպ, Մանկավարժականի գրադարանն իր այցելուների թվով, ընթերցված գրականության քանակով 4-րդ անգամ առաջին հորիզոնականն է զբաղեցնում. այստեղ տարեկան 3 մլն տպագիր նյութի ընթերցանություն է գրանցվում:

- Ես մի համոզմունք ունեմ ու պիտի հիշատակեմ Բեռնարդ Շոուի խոսքերը` «Գրքի մահվան մասին բոլոր կարգի խոսակցությունները չափազանցված են»: Գիրքը կա, գիրքը ապրում է, և առանց գրքի հնարավոր չէ պատկերացնել ո´չ այսօրը, ո´չ վաղը, ո´չ միլիոն տարի հետո: Եվ գիրքը միակն է, որ կարող է ապրել և ապրեցնել: Դու չես կարող համակարգի էկրանին մեկ ժամից ավելի կարդալ. հնարավո´ր չէ: Համակարգիչը, տեխնիկայի զարգացումը անհրաժեշտություն են. դրանց շնորհիվ հնարավոր է ինչ-որ ժամանակ նույնիսկ դու օդի մեջ էլ տեսնես այն ամենը, ինչ այսօր փնտրում ես համակարգչային էկրանին... Բայց տեխնիկայի որևէ միջոց չի կարող փոխարինել գրքին: Գիրքը միշտ ուղեկցելու է մարդ արարածին և միշտ լինելու է: Դա իմ խորին համոզմունքն է: Երբ ինձ ասում են, որ մեր ժամանակներում գիրք չեն կարդում, ես առաջարկում եմ ցանկացած պահի գալ մեր գրադարան: Օրվա բոլոր ժամերին` վաղ առավոտից մինչ ուշ երեկո, ուսանողներ են նստած գրքերի առջև: Արգելել եմ պատճենահանել, արգելել եմ գրքի էջ նկարելը: Գիրք կարդում է թե´ ուսանողը, թե´ դասախոսը: Հասել ենք նրան, որ տարեկան 3 մլն տպագիր նյութի ընթերցանություն ունենք: Այդպիսի ցուցանիշ մեր հանրապետության բոլոր բուհական գրադարանները միասին չունեն: 14 հազար ուսանող ամեն օր օգտվում է գրադարանից: Ամենամեծ խնդիրն այն է, որ մենք չգնացինք հին, տրորված ճանապարհով: Գիրքը իր ուրույն տեղն ունի, տեխնիկական միջոցներն` իրենց: Մենք երկու մոտեցումը միավորեցինք: Եվ ստացանք ցանկալի արդյունքը` գիրքը հասցրեցինք ֆակուլտետներ: Չորս ընդարձակ ու հագեցած ընթերցասրահներ ունենք. պատմության ֆակուլտետում, բանասիրականում, կուլտուրայի ֆակուլտետում և կենտրոնական մասնաշենքում` երկուսը:

Այսպես կոնկրետ գիրքը հասավ ուսանողին: Այսինքն, բանասիրական գրականությունը ամբողջովին հավաքել ենք բանասիրականի ընթերցասրահում, պատմականը` պատմության ֆակուլտետի և այլն: Մեր գրադարանն` իր բոլոր ընթերցասրահներով այսօր Ամերիկյան համալսարանից հետո եզակի է իր տեխնիկական հնարավորություն ներով: Ու նաև դրանով պիտի պայմանավորել, որ օրինակ միայն ընթերցասրահները բերում են 2000-4000, առանձին օրերի` մինչև 8000 ընթերցող: Այդպիսի ցուցանիշ այսօր Հայաստանում դժվար թե գտնեք: Ուսանողը օգտվում է գրքից, իսկ երբ խնդիր է առաջանում, անմիջապես տեխնիկական միջոցն է օգնում: Մենք հնարավորություն ենք ընձեռել` առարկայական տեսքով երկուսն էլ ունենալ կողք-կողքի: Եվ դրա արդյունքն է, որ արդեն 4-րդ տարին գրադարանը առաջին տեղում է ընթերցանության չափանիշով` հանրապետության թե´ բուհական, թե´ հասարակական գրադարանային համակարգում:

- Գրքի ապագայի հանդեպ հոռետեսները նաև հիմնավորում ունեն. ասում են` ժամանակները փոխվել են: Անչափ տհաճ ու ցավալի է այն գովազդը, որով իբր փորձում են որպես նորաձևություն ներկայացնել` «Գիրք կարդալը նորաձև է»: Կամ, կուրսային, դիպլոմային, ընդհուպ մինչև գիտական աշխատություններ գրելու համար մարդիկ ունեն կարճ ճանապարհ` վճարել ու պատվիրել: Եվ դա` անթաքույց, ի տես, ի ցույց բոլորի:

- Ե՞րբ այդպես չի եղել:

- Բայց այս բացահայտությունը... Կուրսային ու դիպլոմային հանձնարարելը չի՞ դառնում ավելորդ, ինքնանպատակ:

- Մենք 14 հազար ուսանող ունենք: 14 հազար ուսանողի ես տեսնում եմ` նստած աշխատում է: Ինչպե՞ս կարող եմ մտածել, թե նա ինչ-որ տեղ աշխատանք է պատվիրել կամ ստացել: Նույն ուսանողը, եթե ներկայացնում է 4 ռեֆերատ, 16 այլ աշխատանք, մոտ 20 աշխատանք է ներկայացնում և 20-ն էլ գրում է հենց իմ աչքի առաջ... Պատվիրողներ էլ կան և միշտ եղել են, բոլոր ժամանակներում: Ես վատատես չեմ, ոչ էլ մեծ լավատես, ես իրականությունը նայում եմ ամեն օր: Մենք ունենք շատ լավ երիտասարդություն, կարդացո´ղ: Ասեմ ավելին: Մի փոքրիկ հաշվարկ կատարենք. ուսումնառության ընթացքում ուսանողը հարյուրից ավելի մասնագիտական գիրք է կարդում: Բացի այդ, իրենց ազատ ժամերին շատերը գրադարան են գալիս: Շրջաններից եկող ուսանողները (Մանկավարժականում շուրջ 70 տոկոսը շրջաններից եկող ուսանողներ են) առավոտյան ժամը 8.30-ից ընթերցասրահում են. գեղարվեստական գրականություն են կարդում մինչև դասի սկսվելը:

- ժամանակակից գրականություն կարդո՞ւմ են:

- Այո: Հիմա իմ սեղանին տեսնում եք նոր տպագրված գրքեր: Իմ բոլոր ընկերները, ով գիրք է տպագրում, ում որտեղ գիրք է հանդիպում, բերում են մեզ: 6-րդ տարին է, որ ես այստեղ տնօրեն են, և իմ ընկերներն արդեն 20 հազար միավոր գիրք են նվիրել` ժամանակակից գրականություն: Գրադարանը որևէ գրքի խնդիր չունի: Ընդհակառակը, գրապահոցները կպայթեն, եթե մի գրքից 3 օրինակից ավելի լինի:

- Շատ հուսադրող բաներ եք ասում: Այսինքն, այսօրվա ուսանողը կրթվում է, բուհն ավարտում է որպես լիարժեք մտավորական...

- Այո: Ես նկատի ունեմ մանկավարժական համալսարանի ուսանողությանը: Եվ ուզում եմ կրկնել, որ ամեն ինչ կախված է մեզանից: Երբ մեզանից հետո եկողների մտածողությունը մենք սահմանափակում ենք մեր տեսադաշտում, հենց ինքներս էլ սկսում ենք վատ մտածել եկող սերնդի մասին: Մենք պետք է նրանց ընտրություն կատարելու հնարավորություն տանք:

- Ձեր ստեղծած «Չորեքշաբթի» գրական ակումբի համբավը բուհից դուրս էլ է տարածված: Տեղյակ եմ, որ նաև ակումբի անդամ ուսանողների արձակ և չափածո ստեղծագործությունների ժողովածու եք հրատարակել:

- Այո, ակումբի առաջին գիրքը, որը մեծ արձագանք գտավ սովորողների շրջանում, ակումբի անդամ 50 ուսանողների ստեղծագործություններն է ընդգրկում: Ընդ որում` հանրապետության 11 բուհերի ուսանողներ են նրանք` ամենատարբեր ֆակուլտետներից. և նրանցից ոչ մեկը բանասեր չէ. ապագա նկարիչներ են, հոգեբաններ...

- Ստացվում է, որ բանասերները չեն ստեղծագործում: Տարօրինակ է... Իսկ ինչո՞ւ «Չորեքշաբթի»:

- Ակումբը ստեղծվել է չորեքշաբթի օրը: Ու թեև հիմա մեր նիստերն ու հանդիպումները շաբաթվա այլ օրերին էլ են տեղի ունենում, բայց անվանումն անփոփոխ է:

- Նաև մրցույթներ եք կազմակերպում:

- Արդեն 5-րդ տարին անընդմեջ գրադարանում անցկացնում ենք «Լավագույն ընթերցող» մրցույթը, և ամեն տարի տպագրվում է լավագույններին ներկայացնող գրքույկ:

- Ի՞նչ չափանիշով եք ընտրում լավագույն ընթերցողին:

- Լավագույն ընթերցողներն ընտրվում են յուրաքանչյուր ֆակուլտետից. նրանց, ովքեր 3 հարյուրից ավելի տպագիր նյութի հետ են գործ ունենում մեր գրադարանում: Բայց ովքեր հավաստագիր են բերում, որ Ազգային կամ այլ գրադարանում 50-ից ավել գիրք են վերցրել, դա ևս հավելում է:

- Այլ խրախուսանքներ կիրառո՞ւմ եք:

- Ամենաշատ ընթերցող ճանաչված ֆակուլտետը թանկարժեք համակարգիչ է ստացել բուհի կողմից: Ռեկտոր Ռ. Միրզախանյանը բացառիկ վերաբերմունք ունի այս խնդրի հանդեպ: Օրինակ, լավագույն ուսանողներին ուղարկել է 5-օրյա հանգստի: Բացի այդ, առաջին տեղը գրավողը ստացել է այնքան նվերներ, որ նրա ծնողները հազիվ թե կարողանային ավելի շռայլ գտնվել:

- Մնում է շնորհակալություն հայտնել` ոչ միայն Ձեր ծավալած գործունեության, այլ վաղվա մասնագետների ինտելեկտի մասին մեր լավատեսությունն ամրապնդելու համար:

Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆ