ԱԶՆԻՎԸ

(Սկիզբը` նախորդ համարում)

Ես աղիողորմ լացով խնդրեցի, որ խնայի ինձ, չսպանի, ես կդառնամ նրա հարճը, աղախինը: Ես կպա նրա կրծքին, սկսեցի համբուրել տհաճ քրտնքահոտ արձակող վիզը, կուրծքը, հագուստը: Հավանաբար նրան դուր եկան իմ համբույրները: Ատրճանակով ձեռքը իջեցրեց: Ես ընդարձակեցի իմ համբույրների տարածքը, մինչև արդեն հայտնվեցինք անկողնում:

Առավոտյան շատ վաղ Զաիրը գնաց: Քունս չէր տանում: Սենյակից դուրս եկա, անցա խոհանոց: Թուրք կինը` Ասյան, դեռ չէր արթնացել: Շրջեցի տան մեջ, նայեցի քունջ ու պուճախը, անաղմուկ բարձրացա երկրորդ հարկ: Ասյայի ննջարանի դուռը կիսաբաց էր, իսկ ինքը արթուն էր, բայց դեռ անկողնում, աչքերն անթարթ հառած` նայում էր առաստաղին: Հետո կամացուկ վեր կացավ, սպիտակ շապիկի տակից ուրվագծվեց նրա ոսկրոտ մարմինը: Առանց հագնվելու, բարձի տակից մի լուսանկար հանեց, համբուրեց և օ˜, զարմանք, հայերեն մրմնջաց.

- Տեր Աստված, աչքդ իմ բալաների վրա լինի:

Անսպասելիությունից քարացա: Զգույշ, անաղմուկ ու լուռ հեռացա:

Երբ Ասյան իջավ խոհանոց, ես արդեն հանգիստ նստած էի, զարմացավ, որ այդքան վաղ եմ արթնացել:

Մի քանի օրից Զաիրի վարորդը Ասյային հանձնարարեց Բաքվից եկող բարձրաստիճան հյուրի համար սենյակ պատրաստել, ճաշի պատրաստություն տեսնել: Հյուրը իսկապես բարձրաստիճան էր` գեներալ-մայոր, թե ինչ էր կորցրել կրակի տակ գտնվող այդ գյուղում` չհասկացա: Զաիրը նրա մոտ քութիկի պես էր իրեն պահում:

Ասյան ճաշի լավ պատրաստություն էր տեսել: Ես արձակել էի հավաքած մազերս, դեմքիս անհոգ ուրախություն նկարել ու ինձ պահում էի համարյա թեթևաբարո կնոջ պես: Սեղանի մոտ օգնում էի Ասյային, գինու դատարկված շշերը արագ փոխարինում նորերով: Երբ երկուսն էլ այլևս ի վիճակի չէին հոդաբաշխ խոսք ասելու, ճարպոտ գեներալին ուղեկցեցի իր համար նախատեսված սենյակը, որտեղ նա հենց հագուստով փռվեց մահճակալին ու սկսեց խռմփացնել: Ես վերադարձա Զաիրի մոտ: Վերջինս նույնպես արդեն խռմփացնում էր: Նստեցի աթոռին ու չէի կողմնորոշվում` ինչ անել: Մահճակալի ոտքի մոտ նկատեցի գեներալի կաշվե պայուսակը, որ փոխանցել էր Զաիրին: Զգույշ վերցրեցի, բաց արեցի: Փաստաթղթեր էին, նշումներով քարտեզներ: Մերոնց դրանք շատ պետք կգային: Հանկարծ քարտեզների արանքից սահեցին ու գետնին թափվեցին մի քանի լուսանկարներ: Արագ հավաքեցի, աչքի անցկացրի: Բայց հաջորդ պահին ավելի ուշադիր նայեցի: Ցնցվեցի: Զաիրն էր, նրա դիմաց` ծնկաչոք, շղթայակապ մի տղամարդ: Հաջորդ նկարում տղամարդու` արդեն գլխատված մարմինն էր, մյուսում` մարմինն էր` կրծքին դրած գլխով:

ԳԼԽԱՏՎԱԾ ՏՂԱՄԱՐԴԸ ՀԱՅՐՍ ԷՐ:

Խորը քնի մեջ գտնվող հարբած տղամարդուն այնքան էլ դժվար չէր բարձով խեղդելը: Հետո, որքան էլ ջանում, չէի կարողանում հիշել, թե այդ որոշումն ինչպես կայացրեցի, կարծես մի գերբնական ուժ էր եկել վրաս: Երբ ուշքի եկա, անաղմուկ բարձրացա Ասյայի ննջարանը: Հավանաբար ծանր, անհանգիստ շնչառությունիցս իսկույն արթնացավ: Մատս շուրթերիս տարա, որ սուս մնա ու ականջին հայերեն շշնջացի:

- Դու ինձ պետք է օգնես:

- Ի՞նչ է պատահել:

- Զաիրին սպանել եմ, գեներալին պետք է կենդանի հասցնել մերոնց:

Նա արագ սկսեց հագնվել ` առանց ավելորդ հարցերի:

Երկու առողջ կնոջ համար հարբած գեներալին ապահով կապկպելը նույնպես դժվար չէր:

Բայց ես մի այլ, ավելի սոսկալի պլան նույնպես ունեի` Զաիրի գլուխը պետք է տանեի: Ասյան սոսկաց: Ես նրան ուղարկեցի հարմար պարկ կամ տոպրակ բերելու: Երբ վերադարձավ, հենց Զաիրի սեփական սվին-դանակը սառնասրտորեն իր գործն արել-վերջացրել էր: Ես այն ժամանակ դեռ չգիտեի, որ այդ դանակն էլի գործ ուներ անելու:

Մութ կեսգիշեր էր: Տան ետնաբակով դուրս եկանք: Ասյան գնում էր առջևից` պարկը շալակած: Նա համարձակ, անվախ կին էր: Ամբողջ ընթացքում նրա բերանից ոչ մի տրտունջ չլսվեց: Մութը չէր խանգարում, նա անգիր գիտեր տեղանքի քար ու թուփը: Լուսանում էր, մոտեցել էինք արդեն մեր դիրքերին: բայց այստեղ խնդիր ծագեց` ինչպես մոտենալ մերոնց, որ կրակի տակ չընկնեինք: Ես հանել տվեցի Ասյայի սպիտակ շապիկը, կապեցի մի ճյուղի: Սպասեցինք, որ լավ լուսանար: Սպիտակ դրոշը թափահարելով ` մոտեցանք դիրքին: Դեպի օդ կրակոցներ արձակվեցին: Ես բղավելով` վազեցի առաջ:

- Մի կրակեք, մի կրակեք…

Միայն երեք օր անց ուշքի եկա Ստեփանակերտի հոսպիտալում: Երեք օր պառկած եմ եղել բաց աչքերով, բայց ոչ տեսել եմ, ոչ` լսել, ոչ` խոսել: ԵՎ երեք օր շարունակ Ասյան կողքիս է եղել:

Մի քանի օրից Ասյան գնաց Երևան, որտեղ օգնել էին` գնար-հասներ Մոսկվայում գտնվող իր զավակներին: Նկատի ունենալով մոր հայուհի լինելու հանգամանքը, նրանք ժամանակին հեռացել էին երկրից: Հիվանդ ամուսնուն թաղելուց հետո Ասյան նույնպես պատրաստվել է միանալ որդիներին, բայց վախեցել էր, որ հանկարծ օդանավակայանում կբացահայտվի իր հայուհի լինելը ու մնացել էր դատարկված գյուղում:

Ասյան գնաց Մոսկվա, իսկ ես վերադարձա կռվող ազատամարտիկների մոտ:

Սկսվեց իմ մարտական ուղին: Դաժան էր: Այդ կարող է հասկանալ միայն այնտեղ եղած մարդը: Ես տեսա Հայրենիքի, ընտանիքի, իր կնոջ, իր երեխայի համար կռվող Հայ տղամարդուն, Ազատամարտիկին: Տեսա նրան սոված, տեսա նրան վիրավոր, տեսա նրան մեռնելիս, բարձրաձայն, գոռալով լացելիս, տեսա նրա արցունքները, բայց նրան երբեք չտեսա ընկճված: Դուք դա չեք կարող պատկերացնել: Ազերին էլ, թուրքն էլ, ռուսն էլ, ոչ ոք դա չեն կարող հասկանալ:

Հենց դա էլ բերեց ՀԱՂԹԱՆԱԿԸ:

Բանտախցի փոքրիկ պատուհանի չխկոցի վրա ութ կանայք հետ նայեցին: Երևաց բանտապահ կնոջ դեմքը:

- Այս ի՞նչ է, Ազգային ժողովի նիստն այսօր այստե՞ղ է անցկացվում,- հեգնանքով նետեց նա:

Ոչ ոք չպատասխանեց: Մի ընդհանուր հայացք նետելուց հետո` նա փակեց պատուհանիկը:

Կանայք լուռ շարունակում էին նստած մնալ: Ոչ ոք չէր համարձակվում խնդրել Ազնիվին, որ շարունակի, բայց բոլորն էլ ուզում էին, սպասում էին:

- Ազնիվ, շարունակիր: Հետո՞, ինչ եղավ հետո՞,- վերջապես խոսեց Արաքսին:

- Շարունակիր,- ոգևորվեցին նաև մյուսները:

Իսկ Ազնիվն արդեն հասել էր այնտեղ. դիրքերում էր: Մեկի գլուխն էր վիրակապում, մյուսին փամփուշտ հասցնում, երրորդի կտրված կոճակը կարում: Ահա, Համիկին էլ մի «տեսակ», բայց սառը բարևեց ու ասաց` սեր-սեր խաղալու ժամանակը չի:

- Ազնիվ, շարունակիր,- Արաքսու ձայնը սթափեցրեց:

- Աղջիկներ, հայ տղամարդը հերոս է, հայ Ազատամարտիկը հերոս է, աղջիկներ:-ասաց ու փղձկաց:

Մի քանի րոպե նրա հեկեկոցը խփվում էր բանտախցի խուլ պատերին, տակնուվրա անում բանտարկյալ կանանց սիրտն ու հոգին, հետո այն դարձավ վարակիչ, ու բանտախուցը լցվեց խմբակային լացով: Բայց հանկարծ կանանցից մեկի խուլ ձայնը սառեցրեց նրանց.

- Դե, լավ, վերջացրեք, հերիք էդ խեղճերին կերակրեք սուտ բառերով: Հերո´ս է: Ապա մի գնացեք , տեսեք, ոնց է ապրում էդ հերոսը: Ո՞վ է գոնե մի անգամ բացում հերոսի դուռը, տեսնի` սա՞ղ է, թե մեռած:

- Ճիշտ է ասում Թագուշը:-տեղից բարձրացավ մյուս կինը,- հրեն, եղբայրս առաջին օրից Ղարաբաղում է եղել, հիմա կիսամարդ տանը ընկած է, ո՞վ է հիշում էդ հերոսին: Լույսի մարդն էլ էն տարի վերցրել , ասել էր` ո՞վ էր քեզ խնդրել, որ գնայիր, կռվեիր:

Ու առանց իրար հերթ տալու կանայք սկսեցին հիշել իրենց հարազատ-բարեկամ-հարևան ազատամարտիկներին, որոնք ապրում էին չունևորության, կարիքի մեջ: Հետո սկսվեցին մեղադրանքները իշխանությունների անտարբերության հասցեին:Իսկ Ազնիվը դիրքերում էր, չէր լսում նրանց խուլ բողոքն ու հեկեկոցները:

Քիչ-քիչ խաղաղվեցին: Ամեն մեկը քաշվեց իր մահճակալը` գլուխը բարձի տակ թաղած` շարունակելու կիսատ թողած լացը: Կանայք էին, կապ չունի, հանցագործ էին-հանցագործ չէին, կանայք էին:

Հաջորդ առավոտյան Ազնիվը ավելի հանգիստ էր: Լվացվելուց հետո դիմեց մյուսներին.

- Ես պետք է շարունակեմ:

Նախ երկար լռեց, բայց կանայք համբերատար սպասում էին` առանց շարժում իսկ անելու:

- 1994-ին կնքվեց հրադադարի պայմանագիրը, և ես վերադարձա Երևան: ՈՒրախ էի, երջանիկ: Վերադառնում էի հաղթանակած ու հորս վրեժը լուծած: Կարոտել էի, շատ էի կարոտել մորս ու քրոջս: Ես նրանց այնքա˜ն բան ունեի պատմելու: Մեր տղաներից մի քանիսը ինձ ուղեկցեցին մինչև մեր տուն: Մեր տուն: Բայց ցավոք, այն արդեն իմ տունը չէր: Մայրս դուռը չբացեց իմ առջև: Մարտական ընկերներիս հորդորներն անգամ չօգնեցին, դեռ մի բան էլ ավելի վատացրին իրավիճակը: Չար, բանսարկու մեկի կողմից տարածած կեղծ, սուտ լուրերը իրենց սև գործն արել էին: Մայրս չներեց ու երդվեց երբեք չներել ինձ` տանից փախչելու, Ղարաբաղում իբրև թե անբարո կյանքով ապրելու, հորս հիշատակը պղծելու համար:

Քույրս ամուսնացել, ընտանիք էր կազմել: Ինձ արգելվեց անգամ մոտենալ քրոջս ընտանիքին:

ԵՍ ՀԱՅՏՆՎԵՑԻ ՓՈՂՈՑՈՒՄ:

Հենց այսպիսի ժամանակներում, երբ մերժված ես, հուսալքված, դառնացած, հիասթափված, երբ շոկի մեջ ես ու չես հասկանում, չես կարողանում կողմնորոշվել, թե ինչ պետք է անես, երբ անզոր ու թևաթափ կանգնած ես, որպես մի դիակ, միշտ էլ հայտնվում են մարդիկ, ովքեր էլ դնում են ապագայիդ հիմնաքարը: Իսկ ես արդեն ուժեղ չէի: Ես ինձ տվեցի նրանց, ովքեր ինձ կերակրեցին, ցույց տվեցին, թե իբրև կարեկցում են, իբրև գնահատում են իմ անցած ճանապարհը... Անկյուն տվեցին ու մի գեղեցիկ օր էլ… տարան Երևանյան լճի տարածք:

Եվ…ՍԿՍՎԵՑ:

Վերջերս շատ քիչ էի գնում այնտեղ: Մի տարօրինակ, վախի՞, թե անհանգստության զգացում ունեի: Անգամ փողոցում քայլելիս` կողքերս էի նայում, ստուգում: Թե ինչի կամ ում էի սպասում, ումից էի զգուշանում, ինքս էլ չէի հասկանում: Այդ օրն էլ գնացի Երևանյան լիճ` նույն զգացումով: Գնացել էի աղջիկներին հրաժեշտ տալու: Դեռ մի քանի րոպե էր, որ աղջիկներին բարևում էի, երբ մայթեզրին մեքենա կանգնեց, դուռը բացվեց: Ներսի տղամարդը մի ոտքը դուրս դրեց ու ձայնեց.

- Էյ, դու, արի:

- Էդ դու ի՞նձ հետ ես,- հարցրի:

- Հա, հա , հենց քո հետ եմ, Ազնիվ,- արհամարհանքով շարունակեց նա:

Զգացի, որ արյունը գլխիս է խփում:

- Դու արի, տեսնեմ, ասածդ ի՞նչ է:

Մեքենայի միջից հայհոյանքներ լսվեցին: Տղամարդը դանդաղ, ծանրորեն իջավ, կաղալով մոտեցավ:

- Այ պոռնիկ, հիմա ի՞նչ ես ասում, էս բոլորի մոտ ասե՞մ, իմանա՞ն ու էս ջրի մեջ քեզ խեղդե՞ն, սատկացնե՞ն:

Առաջին պահ տեղը չբերեցի: Հաջորդ պահին հիշեցի Ղարաբաղում եռամսյա հավաքներով բերած մի ճիճվի, , որ հենց աչքիս առաջ կրակեց սեփական ոտքին, իբրև թե թշնամու գնդակն եկավ, կպավ: Ես էլ, առանց նայելու արնածոր վերքին, բռունցքով հարվածեցի քիթ ու մռութին, ասելով, որ հիմա բոլորին կպատմեմ ճիշտ եղելությունը, թող այդպես բաց վերքով մնա ու սատկի: Օ˜, ես այդ ճիճվին երկար էի փնտրել: Վերջապես, ահա նա, ինքն իր ոտքով եկավ:

Հաջորդ պահին կաղացող տղամարդը ձեռքը գցեց մազերիս ու բղավեց.

- ժողովուրդ, իմացեք, էս պոռնիկը Ղարաբաղում պատերազմի ժամանակ անցել էր ազերիների կողմը, քարշ էր գալիս, կայֆավատ էր լինում նրանց հետ: Գիտե՞ք, քանի հայ տղու գլուխ է կերել, տվել ազերու ձեռը: Սատկացրեք սրան, գցեք լիճը խեղդեք:

Զաիրից մնացած սվին-դանակը միշտ մոտս էի պահում: Ոչ, ինձ չկորցրեցի: Գիտակցությունս տեղն էր, աչքերիս դեմն էլ չէր մթնել: Եվ այն, ինչ չէի արել տարիներ առաջ, այդ պահին արեցի:

Չեմ հիշում թիվը, բայց բազմաթիվ հարվածներով սատկացրի այդ շանը, որն էլ հենց մորս կեղծ, սուտ լուրերը հասցնողն էր եղել, որպես իբրև վկա, իբրև ականատես` իմ անբարո կյանքի:

…Բանտախցում երկար ժամանակ լռություն էր: Հետո կանայք կամաց-կամաց քաշվեցին իրենց մահճակալները:

….Հաջորդ օրը ճաշից առաջ բանտապահուհին բացեց խցի մետաղյա դուռն ու ձայնեց.

- Ազնիվ, պետի մոտ: Մոսկվայից մորաքույրդ է եկել, ինչ-որ Ասյա:

Մելանյա ՊԵՏՐՈՍՅԱՆՑ