Աբռակադաբռա
- Կախարդական բառ է, մոգական խոսք,- կտարակուսեն շատերը:
Եվ իսկապես, այդ բառը հաճախ են արտասանում մոգերն ու աճպարարները, նրանց ընդօրինակող երեխաները` կախարդի, հրաշագործի դեր կատարելիս: Նաև` մեծահասակները կամ կարդացածը չընկալող ուսանողները: Սակայն քչերին է հայտնի, որ այս արտահայտությունը հին արմատներ ունի` առնվազն մի քանի հազարամյակի պատմություն: Այն առաջին անգամ հիշատակվել է մեր թվարկությունից առաջ երկրորդ դարում և ոչ այլուր, քան կայսրական բժշկի բուժձեռնարկում: «Աբռակադաբռա» խոսքն օգտագործվել է որպես կախարդական բառ` խոտատենդի և այլ հիվանդությունների բուժման համար:
Ամոքիչ համարվող բառը պետք է գործածվեր այսպես. այն 11 անգամ անընդմեջ գրվում էր գրատախտակին (սյունակով), և ամեն անգամ դրա վերջին տառը հանվում էր: Ստացվում էր եռանկյունաձև պատկեր: Բժիշկը հավաստիացնում էր, որ այդ բառը զրոյացնում է հիվանդի վրա չար ոգու ազդեցությունը: Իսկ եթե հիվանդը դրանից բացի նաև համայիլ կրի իր մարմնին, ապա անպայման առողջ կլինի:
Այսուհանդերձ, «աբռակադաբռա»-ի ծագման մասին հստակ ոչինչ չի ասվում, թեև կան տարբեր ու հետաքրքիր վարկածներ:
Ηif-fΖcts.coΗ.uΖ-ն առանձնացրել է առավել հետաքրքիր ու ճշմարտանման մի քանի մեկնաբանություններ:
1. Ասում են, որ հին արամեական լեզվում «աբռակադաբռա» նշանակում էր` «ինչ ասվել է, այն էլ արվել է»:
2. Այն բաղկացած է կելտական 2 արմատներից. «աբռա»` աստված և «կադ»` սուրբ:
3. Հին շումերներն այդ բառը վանկարկել են կրոնական հատուկ ծեսերի ժամանակ:
4. Հին եգիպտացիներն իբր «աբռակադաբռա» են անվանել կենդանակերպի Ցուլ նշանը կամ Աբրակսաս աստծուն, որը նրանց երկնքի տերն էր:
5. Մոգական դարձած այս բառը նաև շատ նման է հրեական դարձվածին, որը թարգմանվում է «շանթերդ արձակիր նույնիսկ մեռնելիս» կամ խալդերի` «անհետացիր` ինչպես խոսքը» նզովքին: