ՅՈ՞  ԵՐԹԱՆՔ


Մի պահ թվում էր, թե հստակ գիտենք` ով ենք մենք, որտեղից ենք գալիս և ուր ենք գնում: Այսօր սակայն հանրածանոթ երգի տողի նման, երբեմն գլխահակ մրմնջում ենք` «Առաջ գիտեի, հիմա չգիտեմ»: Եթե նույնիսկ մոռացել ենք մեր ով լինելն ու որտեղից գալը, կարող էինք վերականգնել գենետիկ հիշողությունը, եթե իմանայինք, թե ո՞ւր ենք գնում` յո՞ երթանք:

Հո՞ երթաս, հայ մարդ: Այսօրվա քո նկարագրով ո՞ւր կարող ես գնալ: Մի ձեռքով դատարակ գրպանումդ մկնածափ ես տալիս, մյուս ձեռքով անբավ հարստության խառնարանում փողի նոր դեզեր ավելացնում: Ու լավ գիտես, որ առաջին ձեռքդ մե˜ծ է շատ, երկրորդը` փոքրիկ: Մի աչքով համբերահատ արցունքդ սրբելով` փորձում ես հույսի շողեր տեսնել, մյուս աչքդ (դարձյալ` փոքր-փոքր) անհագեցումի արյամբ լցված` կուրացել է արդեն: Մի ոտքով ամուր կառչել ես հայրենի հողին, մյուսը գայթակղում է, թե` հեռացիր «ավետյաց» օտարություն...

Այս ի˜նչ ենք անում. օտարանում ենք իրար ու ինքներս մեզ, ատելության որոմն է հուռթիանում մարդկային հոգիներում: Մինչև ե՞րբ: Ախր թշնամու ուզածը հենց այդ է: Երկիր պահող զինվորներ են սահմանին զոհվում անարգ քոչվորի գնդակներից, նրանց կյանքի գնով մայրաքաղաքում խաղաղությունը վայելող ապագա զինվորական ները իրենց ընկերոջն են խոշտանգում: Երեկ-մեկել օրվա խաշնարածները փափախ--տրեխները մոռացած` «ֆրակով» քաղաքակրթություն են կապկում, իսկ մենք` թույլին, անպաշտպանին հոշոտելու գայլային բնազդնե՞ր ենք ձեռք բերում... Սահմանադրական իրավունքով արտոնված` ակտիվիստներն ընդվզում են իրենց վաստակն ու աշխատանքը վտանգող օրենքի դեմ, կառավարությունն էլ փորձում է ինչ-որ «ոսկե միջին» գտնել` քաղաքակիրթ բանակցությունների միջոցով, բայց ինչ-որ փտած ուղեղ որոշում է կինտոյական ծեծ տալ նրանցից մեկին: Այն էլ` առևանգելով, հետո ուշակորույս երիտասարդի խոշտանգված մարմինը հասցնել նրանց տան բակ: Սարսա՞փ են տարածում: Այ, եթե այդ չարագործության հեղինակը մի դասագիրք ավել կարդացած ու ընկալած լիներ, կհիշեր, որ ազդեցությունը հակազդեցություն է ծնում: Ու իր մոգոնած «քյալլագյոզությունը» (բառը կարծեմ թուրքերեն է` հայամորթ թուրքին վայել մտածողությամբ այս արարքին բնորոշ) «ստրախ գանյատ անելու» փոխարեն կարող է է´լ ավելի խորացնել սոցիալական լարվածությունը: Արջի ծառայություն չէ՞: Ու ճիշտ կլինի, որպեսզի իրավապահներն այդ ու նախկինում էլ ուրիշ ակտիվիստների, նաև` համոթ մեզ` ԱԺ պատգամավորին մութ անկյուններում ծեծողների փոխարեն քստմնելի նման ծրագրի հեղինակին գտնեն ու պատժեն: Ծեծողներն ի՞˜նչ. վայրագ կամակատարներ են, «30 արծաթով» ծախվող խամաճիկներ: Ինչո՞ւ օրինակ բողոքի ակցիաների պահին չեն հարձակվում: Զգուշանո˜ւմ են: Ոչ թե կամակատարները, այլ նրանց տիկնիկավարը, ով հետո հավանաբար մարդասիրական ճառեր պիտի արտասանի: Ու նա (կամ նրանք) հաստա´տ այս պետության և իշխանությունների բարեկամը չէ (չեն):

Հայոց Եղեռնի մեկդարյա տարելիցն է մոտենում. համախմբվելու, բռունցքվելու և աշխարհի կիսաբաց աչք ու ականջին փաստեր ներկայացնելու պատեհ ժամանակը: Բայց արի ու տես, որ հենց ա´յդ օրը այսպես կոչված իշխանափոխության իրենց մարմաջին հագուրդ տալ ցանկացողներ կան: Իշխանություններին քննադատելն ու իշխանափոխություն պահանջելը մեր օրերում վաղուց արդեն ինքնատիպ չէ. խոսքի, խղճի ու ամեն ինչի ազատությո˜ւն: Բայց ինչո՞ւ հատկապես նահատակաց հիշատակի խնկարկումի, համազգային ցավի խորհրդանիշ դարձած այդ օրը: Լուրջ չէ: Ու դա քիչ է, «ծեծող» մի «բրիգադ» էլ այս խմբի ճամփան է կտրում` Արցախի մատույցներում: Այն էլ` հայի արյան ծարավ թշնամու դիրքապահներին ի տես: Որ ի՞նչ: Օրհասի պահին մարդը տաքուկ արտերկրից է եկել` ոսոխից պաշտպանելու հող հայրենին ու այսօր իր որդու հետ այնտեղ գնալու իրավունք չունի՞...

Ճշմարիտ Աստծուն չճանաչող աղանդավորների նման բաժան-բաժան ենք լինում` ինքներս մեր ներսում: Ինչպես Կտակարանն է ասում` ինքն իր մեջ բաժանված ամեն տուն կործանվում է (Ղուկաս. ԺԱ-17): Բայց ամեն ինչ դեռ կորած չէ: Կանգ առ, հա´յ մարդ. շտկիր մեջքդ, հայացքդ դեպի քո հոգին շրջիր` այն դեռ ավերված չէ: Հիշիր, թե ո´վ ես դու, որտեղից ես գալիս և ուր էիր որոշել գնալ: Գնում էիր դեպի հավերժություն (և անցել ես արդեն ամբողջ մի հավերժություն): Պիտի շարունակես ընթացքդ` ինքնամաքրումով, քո դեմքը վերագտնելով: Նախճրված նախնիներիդ հիշատակը` քեզ ուղեցույց: Մոլորեցնող գայթակղությունների այս կանգառում քո նմանի հանդեպ սե´րդ պիտի վերագտնես ու չխճճվես չարի որոգայթում: Փշրի´ր մոլորություններիդ շղթան և գայթակղություններին մի´ տրվիր: Հիշի´ր Մարդու Որդու պատվիրանը` «Վա´յ աշխարհքիս` գայթակղությունների համար. որովհետև պետք է որ գայթակղությունները գան, սակայն վա˜յ այն մարդին, որի ձեռով կգա գայթակղությունը» (Ավետարան ըստ Մատթեոսի. գլուխ 18-7):