Չինաստանի սրտով չէ


Պաշտոնական Պեկինը բացահայտ և ծայրահեղ դժգոհությամբ արձագանքեց ամերիկյան նախագահ Բարաք Օբամայի և դալայ-լամա XIV-ի առաջին հանրային հանդիպմանը (տեղեկացրել է gΖzetΖ.ru-ն):

- Մենք դեմ ենք Չինաստանի ներքին գործերին արտասահմանյան երկրների միջամտությանը` Տիբեթին առնչվող հարցերի առիթով,- լրագրողներին ասել է ՉԺՀ արտասահմանյան գործերի նախարարության ներկայացուցիչ Հոնգ Լեյը (նրա խոսքերը մեջբերել է AFP-ն):

- Դալայ-լաման ձգտում է աջակցություն ստանալ արտասահմանից, բայց նա չի կարող հաջողության հասնել,- ասել է պաշտոնյան` արտաքսված տիբեթյան հոգևոր առաջնորդին անվանելով «քաղաքական աքսորյալ, ով արդեն վաղուց կրոնի պատրվակով զբաղվում է հակաչինական անջատողական գործունեությամբ:

Նախօրյակին Օբաման իսկապես հանդիպել էր դալայ-լամային: Սա նրանց չորրորդ հանդիպումն էր, բայց առաջին անգամ այն փակ դռների ետևում չէր: Վաշինգտոնում «Աղոթքի նախաճաշի» ժամանակ ամերիկյան առաջնորդն իր հյուրին անվանել է «լավ բարեկամ»: Բնականաբար, Օբամայի այդ վերաբերմունքը դուր չի գալիս Չինաստանին: Պատճառը պարզ է ու հին պատմություն ունի:

Դալայ-լամա XIV-ը Տիբեթից փախել է 1959 թվականին` չինական կառավարման դեմ անհաջող ապստամբությունից հետո և մինչ օրս բնակվում է Հնդկաստանում: Պեկինը նրան մեղադրում է Տիբեթը Չինաստանից անջատելու ձգտման համար և տիբեթյան հոգևոր առաջնորդին անվանում է «գառան մորթիով գայլ»: