Կարևոր է Մինսկի խմբի ռազմավարությունը


Ղարաբաղյան հակամարտությունում և հակամարտության գոտում իրավիճակը զգալի սրվել է: Դավադիր թշնամին նենգաբար խոցում է ոչ միայն սահմանը հսկող հայ զինվորներին, այլև խաղաղ բնակիչներին: Հակահարվածն, իհարկե, չի ուշանում, սակայն ադրբեջանցիների սանձարձակությունը պետք է որ միայն հայկական կողմի մտահոգությունը չլիներ: Մինչդեռ միջազգային դիտորդների ներկայությունն անգամ չի սաստում հափրած մեր հարևաններին...

Ինչո՞վ է պայմանավորված հակամարտ կողմերի շփման գոտում Ադրբեջանի ակտիվացումը, և արդյո՞ք պատերազմի վերսկսման հավանականությունը մեծացել է: Այս հարցերի շուրջ է զրույցը վերլուծաբան, փորձագետ Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆԻ հետ:

- Այսօրվա վիճակը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կարելի է բնորոշել լարված և ինչ-որ տեղ նաև` անորոշ: Դրա պատճառը բազմագործոն է: Դրանցից կարևորը Արևմուտք-Ռուսաստան դիմակայության խորացումն է, Ադրբեջանում Ալիևի ռեժիմի ավելի ընդգծված տոտոլիտար բնույթն է: Ալիևը ներքին քաղաքական լարվածությունը փորձում է պարպել` արտաքին թշնամու կերպար ստեղծելու: Բայց այս ամենը տեղի չէր ունենա, եթե Ռուսաստանը ինտենսիվորոն չզիներ Ալիևի ռեժիմին և բարոյապես ու քաղաքականապես չխրախուսեր նրա նման քաղաքական վարքը: Խնդիրն այն է, որ որպես Պուտինի ռեժիմի գլխավոր պաշտպան` եվրոպական հարթակներում հանդես է գալիս Ալիևի ռեժիմը, ինչին ականատես եղանք վերջերս Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում քվեարկության ժամանակ: Արևմուտքն էլ իր հերթին Ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հստակ ռազմավարություն չունի, որը կկարողանա հակադրվել Ռուսաստանի այս դեստրուկտիվ մոտեցումներին:

- Բայց Մինսկի խմբի համանախագահները կոշտ դիրքորոշում ցուցաբերեցին Ադրբեջանի հանդեպ` բառացիորեն մեղադրելով նրան ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ: Մինսկի խմբի պատմության մեջ նման հասցեականացված մեղադրանք երբևէ չէր հնչել:

- Մինսկի խմբի այդ հայտարարությունն աննախադեպ էր: Չմոռանանք, որ Մինսկի խումբ ասվածը երկու երրորդով Արևմուտքն է, միայն մեկ երրորդով` Ռուսաստանը: Հայտարարությունը եղավ, երբ Ռուսաստանն աննախադեպ ու անիմաստ դաժան ռմբակոծման ենթարկեց ուկրաինական Մարիոպոլ քաղաքը, և Արևմուտքը հարց բարձրացրեց պատժամիջոցներն ավելի խստացնելու: Զուգահեռ, երբ մեր տարածաշրջանում սրվեց իրավիճակը, Արևմուտքը կարողացավ ստիպել Ռուսաստանին գալ կառուցողական դաշտ և Արևմուտքի հետ միասին հանգել նույն դիրքորոշմանը: Արդյունքում ունեցանք Մինսկի խմբի այդ հայտարարությունը: Մենք տեսնում ենք, որ հակամարտության իբրև թե սառեցված վիճակը հղի է անկանխատեսելի հետևանքներով, քանի որ գործ ունենք անկում ապրող նավթային մակաբույծ երկու ռեժիմների հետ, որոնք իրենց անկման ընթացքում կարող են կատարել անկանխատեսելի ցանկացած հակատրամաբանական քայլեր:

Մինսկի խմբի այդ հայտարարությանից հետո մենք կարծես սպասում էինք դրան համարժեք կոնկրետ քայլերի: Իսկ որքանո՞վ կարող են արդարացված լինել մեր այդ սպասումները:

Եթե գործը հասնի լայնամասշտաբ պատերազմի, դա ոչ մեկին ձեռնտու չի. այդ թվում նաև Ռուսաստանին: Այդպիսի պատերազմը ուղղակի կպայթեցնի տարածաշր ջանը, նաև հարակից տարածաշրջանները և այդ թվում այն շրջանները, որոնք հենց ինքը` Ռուսաստանն է: Ռուսաստանի այսօրվա իրավիճակում նման գլխացավանքն ամենևին էլ տեղին չի լինի: Ես կարծում եմ` միջազգային հանրությունն այնուամենայնիվ կդիմի Ադրբեջանին զսպման կոշտ քայլերի:

Փետրվարի 5-ին սկսվեց Մյունխենի անվտանգության կոնֆերանսը: Հետաքրքրիր է` այդտեղ Հայաստանին ի՞նչ են հորդորել:

Մինսկի խմբի հայտարարության մեջ նշված են մեսիջներ և´ Ադրբեջանին, և´ Հայաստանին: Հայաստանին` միջոցներ ձեռնարկել, որպեսզի սրացումներ թույլ չտրվեն: Կարծում եմ` դա նշանակում է չգնալ այնպիսի քայլերի, որոնք կարող են սադրել հակառակ կողմին: Հայաստանին ձեռնտու էլ չէ նման քայլերի դիմելը: Չեմ բացառում, որ Հայաստանի կողմից առաջարկություն լինի գործուն քայլերի դիմել` շփման գծում կառավարելիությունը մեծացնելու ուղղությամբ:

ՀՀ նախագահը և պաշտպանության նախարարը հայտարարել են, որ Հայաստանը այսուհետ ասիմետրիկ գործողություններ կձեռնարկի հակառակորդին զսպելու առումով: Գիտենք, որ մեր զինուժը կարողացել է նոր դիրքեր գրավել: Հնարավոր համարո՞ւմ եք, որ հարց բարձրացվի այդ դիրքերը վերադարձնելու կամ դրա նման մի բան:

- Դրանք տեխնիկական վարկածներ են, և որևէ բան բացառել պետք չի: Սկզբունքայինը դա չէ, այլ` թե որքանով գործուն կլինի այն ռազմավարությունը, որ կստանձնեն միջնորդները, որպեսզի թույլ չտրվի անկառավարելիության վիճակ դիմակայության այս գծի վրա: Ռուս-թուրքական մերձեցումը էապես մեծացնում է վտանգները տարածաշրջանում:

- Ռուս-թուրքական մերձեցմանը արդյո՞ք չի հակակշռում Իրանի ազդեցութունը:

- Անշուշտ: Իրանը Ղարաբաղյան հարցում կատարել և կատարում է շատ դրական, կայունացնող դեր: Տարածաշրջանում անմիջական հարևան լինելով, Իրանը չունի կայսերապաշտական նկրտումներ` ի տարբերություն Ռուսաստանի և Թուրքիայի: Կարծում եմ` Հայաստանի և Իրանի շահերի համընկման մեծ դաշտ և առաջիկայի համար մեծ աշխատանքի տեղ կա:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ