ՀԱՅՈՑ ՄՇՏԱՄՈՐՄՈՔ 100-ԱՄՅԱ ՑԱՎԸ


Ըստ Լևոն-Զավեն Սյուրմելյանի «Ձեզ եմ դիմում, տիկնայք և պարոնայք...» վեպի,

ՀՀ վաստակավոր արտիստ, տասնյակ միջազգային թատերափառատոների մրցանակակիր Ռոբերտ ՀԱԿՈԲՅԱՆԻ հեղինակած «Ձեզ եմ դիմում...» մենաներկայացումը հրատապ ուղերձ է ապրողներին ու նաև` նրա քաղաքացիական-հայրենասիրական թատերաողջակեզը` Մեծ Եղեռնի միլիոնավոր նահատակների հիշատակին:

«Զտարյուն» ամերիկացի դարձած տրապիզոնցի հայը

... Կամերային թատերասրահի ճնշող խավարն անմիջապես զվարթանում է, երբ անցյալ դարասկզբի երաժշտալեգենդ Գլեն Միլլերի «Չատանուգա չու-չու» հանրահայտ երգի պարային ռիթմերին համահունչ աշխուժությամբ Նյու Յորքի երկնաքերներից մեկում գտնվող իր համեստ կացարանում հայտնվում է «զտարյուն» ամերիկացի դարձած Ռոբերտ Հակոբյան - տրապիզոնցի հայը: Հայրենակիցներից շատերի նման ամերիկյան մայրցամաքում երանավետ կենսակերպ գտնելու նրա երազանքը, կարծես, լիովին իրականացել էր: Տարեմուտին գինովցած նախապատրաստությունը, ազատ ու բարեկեցիկ ամերիկյան կյանքի խորհրդանիշերից դարձած «պճնամոլների հիմնի» արթնացրած բարձր տրամադրությունը հօդս են ցնդում վայրկենապես, երբ Հակոբյանի հերոսը հանդիսատեսի հետ մտերմիկ զրույցին անակնկալ ընթացք է տալիս` բացելով անհոգ ներկայի վարագույրը, որից անդին կորսված ծննդավայրի` կարմիր տանիքներով ճերմակ ծովափնյա քաղաքի գունագեղ պատկերն է (բեմանկարիչ` Արթուր Հարությունյան): Երբ բեմի վարպետը ութնամյա մանկան անմիջականությամբ կենդանացնում է նորափթիթ կյանքի անմոռաց պատառիկները, ակնթարթորեն ներգրավվում ես անչար ու անկեղծ վերհուշի տիրույթում: Խորունկ բանաստեղծականությամբ, բայց չգունազարդված եղեռնապատումն անամոք մնացած գենետիկ վերքիդ մրմուռն է տեսարանից տեսարան սաստկացնում: Առանց ծեքծեքուն հայրենասիրական ճառերի, անհարկի հռետորաբանության, զուսպ ու ներգործուն հարափոփոխ արտահայտչամիջոցներով առաջ է տանում իր կենսապատումը Ռոբերտ Հակոբյանը: Ճիշտ և ճիշտ` Սյուրմելյանի ոգով վերապրելով մոլի որսորդ, աննկուն ռազմիկ ու խորագետ մտավորական (այսպիսին էին ազգասեր դաշնակցականները...) քեռի Լևոնի հերոսական նկարագիրն ուղեցույց աստղ դարձրած փոքրիկ Զավենի մանկությունը: Զավեշտախառն իրադրություններից (ամենաբնութագրականը «ոտնալվայի» դրվագն է)` գրաբար քրիստոնեական պատարագներով ու շքեղաշուք ծիսական արարողություններով մինչև ողբերգականները: Ուրախ ու տխուր պատկերներն ասես ակամա սերտաճում են իրապատում այս հեքիաթում: Հընթացս, հեռավոր ժամանակներում ու հեռու ափերում բացված պատուհանից երևացող կյանքի զարկերակի տրոփյունով, յուրաքանչյուր նովելային դրվագի ավարտվելուն պես նյույորքյան արծաթավուն տոնածառը զարդարվում է հայկական խորհրդանիշ-խաղալիքներով (նուռ, շվի, Կոմիտասի երգի կոտրված ձայնապնակ, հայատարազ տիկնիկ...): «Արևոտ հովտի սերենադի» ուրախ հնչյուններն ինքնաբուխ խզվում են հայկական հոգևոր երաժշտությունից, պարեղանակներից, Խաչատրյանից ու Բաբաջանյանից ռեժիսորի օգնական և հնչյունային ձևավորող Արման Միրիջանյանի համագործակցությամբ արված ծաղկաքաղով: Սև շղարշով է պարուրվում երբեմնի ձիթենու մեծ ճյուղի ոսկեշող, բայցև Ամանորի ուրախությունից զերծ ծառը:

Հայ մանչուկի առինքնող կերպարն ամբողջանում է իր ազգին բաժին ընկած անմարդկային փորձությունների պարզ ու պատկերավոր, անկողմնակալ նկարագրութ յամբ: Որքան թանձր է արնածորում ի ծնե «անճոռնի ճուտիկի» համարում ունեցող չարաճճի տղայի վաղաժամ խզված մանկության արնածոր նախերգանքը, այնքան հուզառատ է ընկալվում անաչառ ականատեսի ներկայացրած պատմական ճշմարտությունը: Միաժամանակ լավատեսական հավատով է գոտեպնդում` քաջարի ու բարեգութ Զավենի վտանգավոր արկածներով լի փրկության ճանապարհով ուղեկցելիս, խրոխտ քոչարիով, տերևաթափ ու ճղակոտոր տոհմածառի ներթաքույց անհավանական կենսուժը վեր հանելով:

Եվ միանգամայն արժանահավատ է դառնում «Ձեզ եմ դիմում, տիկնայք և պարոնայք» վեպի առաջին ամբողջական հրատարակության (1945 թ., Նյու Յորք) առաջաբանում գրչակից ընկերոջ` Վիլյամ Սարոյանի տված բարձր գնահատականը.

- Լևոն Զավեն Սյուրմելյանը մեկն է պատերազմական տարիների բազմաթիվ հայ մանուկներից, որոնց հաջողվել է խորամանկությամբ գերազանցել թշնամուն և զոհ չդառնալ: Հիմա նրանք հայտնի են ամենքին: Մասամբ նրանց նկարագրել են Ֆրանց Վերֆելը` «Մուսա լեռան 40 օրը», Էլջին Գրոուսկլոուսը` «Արարատ» վեպերում: Այդուհանդերձ միայն այս գրքում է առաջին անգամ այդ երեխաների պատմությունը մատուցվում հենց նրանցից մեկի ապրածով ու զգացածով... Նրանց թշնամին որևէ կոնկրետ ազգ կամ ժողովուրդ չէր: Նրանց թշնամին Չարն էր, նույնքան վերացական, որքան Չարի հասկացությունն է առասպելում: Սա մեկն է երբևէ իմ կարդացած հրաշալի ու հետաքրքրաշարժ, ազնվացնող ու կենսահաստատ պատմություններից:

Զգացմունքառատ, բայց ուժեղ մարդու տրամաբանությամբ բեմականացնելով Սյուրմելյանի կորսված մանկության ու մեր ազգային ամենամեծ ողբերգության պատմությունը, Ռոբերտ Հակոբյանն արևմտահայության անհետացած կյանքի իր մեկնաբանությամբ զգաստացնում է` մերօրյա հետագայում քանիցս կրկնված ու անպատիժ մնացած կարմիր ու սպիտակ ջարդերի մասին հիշեցնելով: Կրակոտ պոռթկումով դրդում է համապատասխան հետևություններ անել համաշխար-հային պատմության դասերից, որոնցով, ցավոք, հարուստ են բոլոր ազգերի ու ժողովուրդների տարեգրությունները:

- Հիշեցե´ք մեզ,- աղաղակում են մահվան երթում գլխիկոր մորթված հայերը, հույները, հրեաները, ասորիները, նույնիսկ` թուրքերը:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ