Ինքնարձակ պաշտոնյան


Համբերատար է Հնդկաստանի կառավարությունը: Դժվար է ասել, թե քանի ղեկավարներ են փոխվել այնտեղ 24 տարվա ընթացքում, բայց ճիշտ այդքան տարիներ պաշտոնյաներից մեկը աշխատանքի չի ներկայացել:

Օրերս երկրի կառավարական դեպարտամենտը վճռականություն է հանդես բերել և որոշում է կայացրել աշխատանքից ազատել ամբողջ 24 տարի աշխատավայրում երբևէ չհայտնված աշխատակցին (տեղեկացրել է «Ուկռոպ» կայքը):

Պաշտոնյան աշխատել է հասարակական աշխատանքների կենտրոնական գերատեսչությունում: 1990 թ. վերջին նա արձակուրդ է ձևակերպել և, ինչպես սովորաբար նշվում է անհետ կորածների պարագայում` այլևս չի վերադարձել: Առժամանակ անց, հավանաբար արձակուրդը սպառելուց հետո, նա մեկ այլ դիմումով խնդրել է երկարացնել արձակուրդը, բայց նախարարությունը մերժել է: Ու դրանից հետո նրան աշխատանքից ազատելու բոլոր փորձերը ձախողվել են:

Ասում են, որ այդչափ բացակայությունը ռեկորդային է Հնդկաստանում: Բայց ինչո՞ւ միայն Հնդկաստանում: Գինեսի արտառոցությունների գրքում գրանցելու փաստ է: Սակայն Հնդկաստանի համար կարծես այնքան էլ եզակի չէ այն: Նախկինում նահանգներից մեկում էլ աշխատանքից ազատել են մի ուսուցչուհու, ով աշխատանքից բացակայել էր շուրջ 23 տարի...