Երբ քանակը որակի չի փոխվում
Երկրիս թիվ 1 աթոռին հավակնողների թիվը հասավ 9-ի: Այսպիսի առատությունը, ըստ իս, բացարձակ զրոյի է հավասարեցնում ընդդիմադիր որևէ գործչի ոչ միայն հաղթանակի, այլև նույնիսկ երկրորդ փուլ դուրս գալու հնարավորությունը: Ինչու՞: Որովհետև ընդդիմադիր թեկնածուները, պարզից էլ պարզ է, ձայներ են փախցնելու մեկը մյուսից, և ոչ թե իշխանության թեկնածուից: Ում ուզում է դուր գա-չգա, իշխանության թեկնածուն, տվյալ դեպքում գործող Վարչապետ Սերժ Սարգսյանը, ունի և չէր էլ կարող չունենալ իր կայուն ընտրազանգվածը, որը նրա գլխավորած «Հանրապետական» կուսակցությանը բացարձակ վստահություն հայտնեց ընդամենը մի քանի ամիս առաջ տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում: Ուստի միանգամայն իրատեսական եմ համարում ընդդիմադիր գործիչ Շավարշ Քոչարյանի այն հայտարարությունը, թե «առաջիկա նախագահական ընտրություններում Հայաստանում իշխանափոխություն չի լինի»: Ընդսմին, Շավարշ Քոչարյանը նշում էր, թե իշխանափոխություն չի լինի նույնիսկ այն պարագայում, եթե հաղթանակի իր կողմից սատարվող թեկնածուն` ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը: Շավարշ Քոչարյանի այս մտքի հետ լիովին համաձայն եմ, քանզի ես նույնպես չեմ տեսնում իշխանափոխության հասարակական պահանջ: Առավել ևս` չեմ տեսնում երկրի կառավարման բուրգը վերից վար կազմաքանդելո°ւ հասարակական պահանջ: Կազմաքանդելը, որով հանդես է գալիս նախագահության թեկնածուներից առնվազն մեկը` նախկին նախագահ Լ. Տեր-Պետրոս յանը, հեղափոխական գործելակերպ է, իսկ մեր ժողովուրդը, որ մեկ անգամ արդեն ճաշակել է ՀՀՇ-ական հեղափոխության բոլոր չակերտյալ «հրաշալիքները», ըստ իս, մինչև կոկորդը կուշտ է նոր հեղափոխությունից ու նոր քանդարարություններից: Նման քանդարարությունը մերժելի և անընդունելի են համարում նաև նախագահության մյուս ընդդիմադիր թեկնածուները, կոնկրետ, օրինակ, Արթուր Բաղդասարյանը, ով իր կուսակցության համագումարում հստակորեն սահմանազատվեց նախկին նախագահից` նրա հետ հեռակա բանավեճում հայտարարելով, թե իր համար մտահոգիչ ու անընդունելի է, երբ, իր բառերով, «չարութ յունը դառնում է իրական ուժ մեր քաղաքական կյանքում, Հայաստանում հաստատուն դիրքերով ամրապնդվում են ներքաղաքական անհանդուրժողականությունն ու ատելությունը»: Կարծում եմ, սակայն, Արթուր Բաղդասարյանի այս մտահոգությունը չափազանցված է` անհանդուրժողականությունն ու ատելությունը ամենևին էլ «իրական քաղաքական ուժ չեն» դարձել մեր կյանքում և Աստված տա` այլևս երբեք չդառնան: Լևոն Տեր-Պետրոսյանն, այո, մեկ անգամ արդեն իշխանության է եկել կոմունիստական իշխանությունների նկատմամբ ատելություն ու անհանդուրժողականություն բորբոքելու, հին, իսկապես բորբոսնած հասարակարգը կազմաքանդելու ալիքի վրա: Այդպիսի ուժգնության ալիք կրկին բարձրացնել այլևս ոչ մեկին, այդ թվում իրեն` Լևոն Տեր-Պետրոսյանին, հազիվ թե հաջողվի: Ամեն դեպքում, այժմ հստակ է, որ մենք ունենք երկրի քաղաքական դաշտի իշխանական թևը ներկայացնող 1 և ընդդիմադիր 8 թեկնածու: Բայց սա, թերևս, այն դեպքերից մեկն է, երբ, հակառակ դիալեկտիկայի օրենքի, քանակը որակի չի փոխվում: Ինչու՞: Որովհետև 1-ը հաղթողն է լինելու, իսկ 8-ը` պարտվողները: Ամենաուղղակի իմաստով: Այդ 8-ից մի երկուսը ընդհանրապես նախորդ խորհրդարանական ընտրություններին չեն մասնակցել, մյուսները դուրս են մնացել և նույնիսկ Ազգային ժողով չեն մտել, իսկ երկուսը, որ հաղթահարել են 5 տոկոսի արգելապատնեշը, միևնույն է` շատ նկատելի զիջել են իրենց այսօրվա մրցակցին: Իմ դիտումներով` խորհրդարանական ընտրություններից հետո հասարակական հոգեբանության մեջ որևէ բան չի փոխվել, և այդ հանգամանքը անվերապահորեն իր ազդեցությունն է թողնելու նաև Նախագահի առաջիկա ընտրությունների արդյունքների վրա: