Եվս երկու ամիս


Չնայած միմյանց հաջորդող միջկուսակցական բանակցություններին ու քաղաքական խորհրդատվություններին, հայոց ընդդիմադիրներն այդպես էլ չհաջողեցին երկրի Նախագահի ընտրութ յուններին միասնական թեկնածու առաջադրել: Քաղաքական արենա առաջին նախագահի` Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձը ոմանց մեջ ինչ-ինչ հույսեր արթնացրեց: Ոմանք, հիմնականում քաղաքական անհաջողակները, շտապեցին պատսպարվել նրա հովանու ներքո: Դա էլ, ըստ երևույթին, ընտրություներում իրենց պարտությունն արդեն այսօր զգալու, դրա արդյունքում քաղաքական փոշիացումից ու հայ քաղաքական նորագույն պատմության արխիվի դարակներում մակուլատուրայի վերածվելու վտանգից խուսափելու ակնկալիքով: Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքներում նրանց կոչերն ու հայտարարությունները, ըստ էության, մինչ այդ եղած գրեթե բոլոր հանրահավաքներում ասվածի կրկնությունն են` «հեռացնենք հանցավոր վարչախմբին»: Ասենք` հեռացրինք, իսկ ի՞նչ է լինելու հետո, ի՞նչ է առաջարկվում: Այս մասին հայրենի ընդդիմադիրները համառորեն լռում են: Իսկ վերջին հանրահավաքների` համեմատաբար բազմամարդ լինելը, թերևս, բացատրվում է մի իրողությամբ: Այն է` իշխանությունը որքան էլ լավ, որքան էլ երկրի ու ժողովրդի ներկայով ու ապագայով մտահոգ, այնուամենայ նիվ, մարդիկ, հասարակությունը մի որոշ ժամանակ անց բողոքում են` իշխանությունից ակնկալելով ու նաև պահանջելով ավելին: Սա բոլոր ժամանակներին, բոլոր երկրներին բնորոշ յուրահատ կություն է. այսպիսին է մարդկային էությունը. միշտ ձգտում է ավելի լավին ու նորին: Ինչևէ: Այսօր էլ, երբ ընդդիմության միասնական թեկնածու ունենալու մասին հույսերը չիրականացան, ընդդիմադիրները խոսում են ընտրություններում երկրորդ փուլի հնարավորության, հաճախ նաև անխուսափելիության ու այդ Ժամանակ իշխանության թեկնածուի` Սերժ Սարգսյանի մրցակցին սատարելու մասին: Իրենց անպտուղ գործողություններով, հեղափոխական բոցաշունչ, սակայն ոչինչ չտվող ելույթներով ծապլվարյան հայտնի հերոսին` Փանջունուն հիշեցնող հայրենի ընդդիմադիրների այս ինքնամխիթարանք, թե՞ ինքնախաբեություն-հայտարարությունը քաղաքական հարուստ փորձառություն ունեցող Պարույր Հայրիկյանի դառը քմծիծաղն է հարուցում: ԱԻՄ նախագահն ընդդիմադիրներին համեմատում է հովվին կորցրած ոչխարների հետ, որոնք այծին են փնտրում, որպեսզի գնան նրա հետևից… Վերջերս կայացած ԱԺՄ համագումարում Վազգեն Մանուկյանն ասաց, թե իր ղեկավարած կուսակցությունն ընդհանրություններ ունի ազգային հարցերում ՀՅԴ, ժողովրդավարության հարցերում ՕԵԿ-ի հետ, իսկ թե «Ժառանգությունից» ԱԺՄ-ն ինչով է տարբերվում, ինքն էլ չգիտի: Ստացվում է` կոնկրետ ՀՅԴ-ի, ՕԵԿ-ի, «Ժառանգության» ու ԱԺՄ-ի պարագայում համագործակցության և ընդհանրապես ընդհանուր շատ եզրեր կան: Թերևս, վստահ կարող ենք ասել` ցանկության դեպքում մյուս կուսակցությունների միջև նույնպես կարելի է ընդհանրություններ գտնել: Այդ դեպքում հարց է առաջանում` ինչը խանգարեց ընդդիմությանը` միասնական թեկնածու «գտնելու»: Անձնական ամբիցիանե՞րը: Ստիպված ենք հիշել խորհրդարանական ընտրությունների նախօրեին դարձյալ Պ. Հայրիկյանի` ընդդիմության չմիավորվելու առնչությամբ ապրած հիասթափությունը: «Նրանք (ընդդիմա դիրները-Տ. Մ.) բոլորը սեփական հավակնությունների ու նպատակների ձեռքում խամաճիկներ են»,- վշտացել էր ԱԻՄ նախագահը: Նախորդ հրապարակումներում ասել ենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանի մասնակցությունը հավելյալ լարում կարող է առաջացնել ընտրություններում: Այսօր ստիպված ենք ավելացնել` ոչ միայն ընտրություններում: Ցավոք, կարծես իրականանում է երկրի ղեկավարի մտահոգությունը առաջին նախագահի մի հայտարարության առնչությամբ: «Մեզ օգտագործեք` ներկա վարչախմբից ազատվելու համար»,- հայտարարել էր Լ. Տեր-Պետրոսյանը: Միայն ենթադրել կարելի է, թե ինչպես կփորձեն նրան օգտագործել դրսի ուժերը. այսպես էր մեկնաբանել այս հայտարարությունը Ռ. Քոչարյանը: Իսկ այսօր արդեն կասկածներ կան, որ նոյեմբերի 24-25-ին արտարժույթի փոխարժեքի կտրուկ անկումը փոխանակման կետերում Թուրքիայից Հայաստան մեծ քանակությամբ ԱՄՆ դոլարի ներմուծման հետևանք էր: Ըստ մասնագետների, դա որևէ երկրում հեղափոխություն առաջացնելու համար տնտեսությունը խաթարելու փորձված մեթոդ է: Իսկ գաղտնիք չէ, որ Թուրքիայում ոգևորությամբ էին ընդունել Լ. Տեր-Պետրոսյանի վերադարձը Հայաստանի քաղաքական ասպարեզ… Այս ողջ ողբերգա-կատակերգական դրամայում, թերևս, արդարացված ինքնավստահություն ու լավատեսություն է հորդում Վարչապետի հանգստությունից: Նա բնական է համարում կառավարության հասցեին կոալիցիայի հետ համագործակցող ՀՅԴ քննադատությունը և ընդհանրապես մյուս բոլոր քաղաքական ուժերի հավակնոտ հայտարարությունները: Քաղաքական պայքար է, ամեն ինչ նորմալ է, ասում է վարչապետը ու հորդորում` համբերենք, երկու ամսից էլ քիչ ժամանակ է մնացել…

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ