Օրենք եմ ասել «Իշատիրոջն» են պատժելու


Մինչ քաղաքական ուժերը փորձում են իշխանություններից երկրում կոռուպցիան արմատախիլ անելու խոստումներ ու երաշխիքներ կորզել, պետավտոտեսչությունն անցնում է հակակոռուպ ցիոն օրենքի կիրառմանը: Սույն օրենքը գալիս է սահմանելու, որ այսուհետ ավտոտրանսպորտի միջոցների խախտումները կարձանագրեն ոչ թե ավտոտեսուչները, այլ տեսանկարահանող սարքերը: Խախտումների համար պատասխանատվություն կկրի այն անձը, ում անունով ամրագրված է ավտոտրանսպորտային միջոցը: Այնպես որ, հարգարժան փողատերեր, ձեր չգիտեմ որերորդ «Համմեր»-ը, «Ջիփ»-ը կամ «Պրադո»-ն ձեր ընկերո՞ջը պատիվ կանեք, ձեր զարմիկի կամ սանիկի սիրտը կառնե՞ք, թե «մուրազով սիրած կնոջ» տակին կդնեք, ովքեր վարել կամ գիտեն, կամ չգիտեն, դո°ւք եք լինելու պատասխան տվողը, Դո°ւք: Համ էլ հին իմաստնությունը հիշեք. «Ուրիշի չեն տալիս մեկ սեփական կնոջը, մեկ էլ սեփական ավտոմեքենան»: Էսքանն, իհարկե, կոռուպցիային չի վերաբերում: Օրենքը հակակառուպցիոն մի շարք առանձնահատկություններ ունի. նվազում են ոստիկան-քաղաքացի շփումները, իսկ խախտումների համար օրենքի առաջ բոլորը հավասար են: Ավտոտեսուչների հետ քիչ շփվելու համար, իհարկե, կարելի է շնորհավորել վարորդներին: Թեև նրանց մեջ էլ քիչ չեն կարգազանցները, բայց դե ով էլ ավտոտեսուչի ձեռին ընկներ, գլուխը ցավելու էր: Ճանապարհային ոստիկանները, մեղմ ասած, չափն անցնում էին իրենց կամայականությունների մեջ: Օրենքը գալիս է վարորդներին իսպառ փրկելու դրանց գերին լինելուց. տեսանկարահանող սարքերը հսկելու և արձանագրելու են ոչ միայն ճանապարհային երթևեկության խախտումները, այլ նաև ոստիկան-վարորդ շփումները: Հայի երևակայությամբ կարելի է պատկերացնել սարքը շրջանցելու ձևերը նույնպես: Հիշո՞ւմ եք, երբ ավտոտեսուչներն այլևս իրավունք չունեին փողոցներում կանգնել, ավտոմեքենաները կանգնեցնել, կարճ ժամանակ անց արդեն խոսվում էր այն մասին, որ ավտոտեսուչ-վարորդ հանդիպումները տեղի են ունենում շենքերի բակերում, անկյուններում` աչքից հեռու: Արարատ Մահտեսյանն ասում է. թե ըստ տեսանյութի` վարչական տույժի են ենթարկում բոլոր նրանց, ովքեր խախտում են թույլ տվել, անկախ դիրքից և զբաղեցրած պաշտոնից: Այսպիսի հավաստիացումներ ևս մեկ անգամ չէ, որ լսում ենք: Բայց երբեք չենք լսել, թե քանի¯ պաշտոնյայի` նախարարի, այսինչ ու այնինչ պետերի ու ղեկավարների մեքենաներ են մինչև այժմ տարվել տուգանային հրապարակ և ենթարկվել վարչական տույժի: Չենք լսել ու վախենամ թե` ոչ էլ լսենք: Հակառակի համար անչափ ուրախ կլինեինք:

Ս. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ