Նոր ձեռնարկումներ


«Գրանդ Հոլդինգի» տնօրեն Հրանտ Վարդանյանը հերթական տարեմուտին վերահաստատում է, որ հայ գործարարի հաջողությունների գրավականը տանտիրոջ սրտացավությամբ երկրին ու հայրենիքին տեր լինելն է: - Քաղաքականությունը, պաշտոնները կգան ու կգնան, բայց ի վերջո կմնա թափված քրտինքը` աշխատանքը: Ես դարձյալ մնում եմ իմ տեսակետին. կունենա՞նք տեղական արտադրություն, տեղական գյուղատնտեսություն` վերամշակման արտադրության հետ միասին, ուրեմն անկախ Հայաստանը ապագա կունենա: Չե՞նք ունենա` կլինենք ինչ-որ առևտրական, սերվիսային-բիզնե սային երկիր, ուրեմն անկախ այն հանգամանքից, թե ովքեր կլինեն երկրի ղեկավարները, ոչինչ չենք կարող անել: Պետք է ունենալ տեղական արտադրություն, ավելացնել աշխատատեղերը: - Այս տարի ի՞նչ ծրագրեր կենսակոչեց «Գրանդ հոլդինգը» և ի՞նչ անելիքներ ունի 2008-ին: - Չնայած երկիրը թևակոխել է նախընտրական փուլ և ներքաղաքական կյանքում փոքր-ինչ լարվածություն է նկատվում, սակայն Ընկերության ձեռնարկությունները շարունակում են բնականոն աշխատանքը: «Գրանդ Հոլդինգը» շարունակում է նախանշված ծրագրերի ուղղությամբ իրականացվող աշխատանքները, արդեն հիմնել է թղթի արտադրամաս` ներդնելով 3 միլիոն ԱՄՆ դոլար: Թեև ուշացումով, սակայն արդեն իրականություն է դառնում հաջորդ նախագիծը: Շուտով կգործի Ընկերության տպարանը, ինչն ապահովված է լինելու արդիական սարքավորումներով: Մինչև 2008-ի հունվար ամիսը նախատեսվում է բացել սուրճի արտադրամաս, ուր արտադրվելու է սուրճի հարուստ տեսականի` միջինից ամենաբարձր որակի, տարբեր գնային նիշերով: Ծրագրել ենք ևս մի քանի արտադրություններ հիմնել, սակայն պահպանելով կոմերցիոն գաղտնիքը, առայժմ գերադասում ենք չբացահայտել, թե արտադրանքի ինչ նոր տեսականի է սպասվում մեր սպառողին: - Ինչպե՞ս եք վերաբերվում հարկային քաղաքականությանը և տնտեսության մեջ ստվերի նվազեցմանը: - Ես դրական եմ գնահատում հարկային քաղաքականությունը: Կարծում եմ` անկախություն ստանալուց հետո հայ չինովնիկը, հայ գործարարը, հայ մարդը պետք է գիտակցի, որ Հայաստանն իր տունն է և առաջնորդվի այդ կարգախոսով: Եթե Հայաստանն իմ տունն է, ուրեմն երկրի բյուջեն իմ տան բյուջեն է: Կարծում եմ` որևէ մեկս իր տնից փող չի գողանում: Իսկ ինչու պետք է երկրից գողանանք:

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ