Նոր տարի է, նոր տարի Տոնական վաճառքը` տոնավաճառներում


Նախատոնական առևտուրը գուցեև արդեն սկսվել է, բայց դեռ նոր պիտի թափ առնի: Փակեք ձեր աչքերը և մտովի պատկերացրեք նախատոնական Երևանը. քաղաքը, հար և նման բոլոր տարիներին, դառնում է բաց շուկա: Փողոցները մեքենաներն են փակում, մայթերը` առևտուրը: Կարողացիր մի ոտնատեղ գտնել ու ճեղքել-անցնել տրանսպորտային և առևտրա-ապրանքային խցանումները (վա¯յ էն անցնելուն): Վա՞յ, թե՞ երանի. սեղանը պիտի լցվի, ու` առաջ դեպի գնումներ: Քաղաքապետարանը փողոցային առևտրի խառնաշփոթը կանխե՞լ, թե՞ մեղմել է ուզում: Եվ տեսեք, թե ինչպես: Փողոցն ի վեր, փողոցն ի վար ձգվող առևտրի ցաքուցրիվ կետերը հավաքելու-խմբավորելու է ժամանակավոր տոնավաճառներում, որոնք կգործեն դեկտեմբերի 15-ից մինչև հունվարի 10-ը: Առևտրաշատ ամեն մի վայրում գտնելու են տոնավաճառահարմար տարածքներ և անհատ առևտրականներին համոզելու են իրենց գործունեությունը այս ժամանակահատվածում տեղափոխել տոնավաճառներ: Քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչութ յան պետ Կարեն Գևորգյանի կարծիքով, դա կլինի օրինական ու քաղաքակիրթ առևտուր: Առևտրականները պիտի անցնեն թաղային իշխանությունների «թրի» տակով` նրանցից ստանալով առևտուր իրականացնելու իրավունք: Ինչպե՞ս կարձագանքեն հիմնական և կայուն կետեր ու կանգնելատեղեր ունեցող առևտրականները իրենց քաղաքակրթելու և օրենքի դուռը տանելու առաջարկին: Ոլորտի պատասխանատուն հույս է փայփայում, որ մարդիկ կհամոզվեն, թե որքան բարի գործ են անում քաղաքային իշխանությունները և կտեսնեն, թե որքան ավելի լավ կընթանա խմբավորված առևտուրը: Թե ինչ կստացվի տոնական առևտուրը կանոնակարգելու այս ոչ այնքան հաջող փորձից, հետո կերևա: Նախնական պատկերացումներում համենայն դեպս տեսանելի չէ, թե, օրինակ, ուր են տեղափոխվելու-տեղավորվելու Գարեգին Նժդեհի հրապարակի շրջակա փողոցներում բոյն ի վեր անպատկերացնելի խտությամբ շարված անհատ առևտրականները: Կամ մի պուլիկ թթու դրած որթատերև վաճառող տատիկին ինչո՞վ է հարմար խմբավորվելն ու իր առևտուր կոչվածն օրինականացնելը: «Փորձելու ենք»,- մեր մտահոգությունն այսպես է արձագանքում Կ. Գևորգյանը: Թող փորձեն, կարգուկանոնին, քաղաքակիրթ առևտրին` լինի դա նախատոնական, տոնական թե սովորական, ոչ ոք դեմ չէ: Միայն թե դա, ինչպես լինում է այդ օրերին, օրենքի անունից, ավելի ճիշտ` օրենքի շահարկմամբ գործի չդրվեն ոստիկանների բիրտ հետապնդումները` անհարգալից վերաբերմունքից սկսած, մինչև մարդկային արժանապատվության ոտնահարման դրսևորումներ: Եվ ինչպես միշտ, չլինեն խեղճ ու կրակ տեղահանվողներ և իրենց տեղերից քշվողների կողքին` արտոնյալներ: Արտոնյալներ` հասկանալի է, ինչի դիմաց: Թե չէ մի պուլիկ խաղողի վազան տերև վաճառող տատիկին քշելը ո°չ քաղաքակիրթ առևտրի պայման է, ո°չ էլ (առավել ևս) քաղաքակրթություն:

Ս. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ