Տարածաշրջան
r ԲԱՔՈՒ. Ղարաբաղյան հակամարտությունը շատ կարեւոր խնդիր է Թուրքիայի համար: Այս մասին, ինչպես հաղորդում է «Թրենդը», հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուսեյն Ավնի Կարսլըօղլուն: «Ղարաբաղյան խնդիրը շատ սրտամոտ է մեզ: Եվ մենք կուզենայինք այդ խնդիրը քննարկել ձմեռային նստաշրջանում»,- ասել է նա: rՆՅՈՒ ՅՈՐՔ. ՎՈՒԱՄ-ի երկրները (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան եւ Մոլդավիա) ՄԱԿ են ներկայացրել «սառեցված հակամարտությունների» մասին Գլխավոր վեհաժողովի բանաձեւի նախագիծ, հաղորդում է «Նովոստի» գործակալությունը: «Քառյակը» ազգերին կոչ է անում «հաստատել այն պետությունների տարածքային ամբողջականությունը, որոնց տարածքում ԽՍՀՄ ժամանակներից պահպանվել են անջատողականորեն տրամադրված էթնիկական խմբեր` Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանում, Վրաստանի Աբխազական եւ Ցխինվալի տարածաշրջանները եւ մոլդավական Մերձդնեստրը»: Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդավիան եւ Ուկրաինան բանաձեւի նախագծում ասում են, որ ձգձգված հակամարտությունները շարունակում են սպառնալ տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը` կոչ անելով պետություններին եւ միջազգային կազմակերպություններին աջակցել ՎՈՒԱՄ-ի տարածքի հակամարտությունների կարգավորման գործընթացներին: rԱՆԿԱՐԱ. Մերսինում թուրքական անվտանգության ծառայության աշխատակիցների իրականացրած գործողության ընթացքում ձերբակալվել են անօրինական ճանապարհով երկիր մուտք գործած շարք օտարերկրացիներ: Ինչպես հաղորդում է «Ջիհան» գործակալությունը, գործողության ընթացքում ձերբակալվել է ընդհանուր առմամբ 35 անօրինական ներգաղթյալ` 23 Սիրիայի, 11 Վրաստանի, եւ մեկ ՀՀ քաղաքացիներ: Ըստ տեղեկությունների, բոլոր ձերբակալվածները ծրագրում էին Թուրքիայից մեկնել եվրոպական երկրներ: ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ