Չորրորդ «Կին»¬ը
Անհամեմատ լայն էին նախորդներից «Կին» միջազգային IV կինոփառատոնի (տնօրեն` Մարիամ Օհանյան) աշխարհագրական, թեմատիկ և ժանրային ընդգրկման շրջանակները£ Հնգօրյա հագեցած աշխատանքային ռիթմի լարվածությունը ուրախ հոգնությամբ պահպանում էին մասնակից 17 երկրների կինոգործիչներ, որոնց ներկայացրած 39 վավերագրական, անիմացիոն, կարճամետրաժ ու լիամետրաժ ժապավեններից շատերի ցուցադրությունը ուղեկցվում էր աշխույժ քննարկումներով£ Ավաղ, հիմնականում կիսաթափուր դահլիճում£ Տարօրինակ է, որ հարկավոր զանգվածայնություն չեն վայելում ոչ կոմերցիոն բնույթի, ճանաչողական նշանակություն ունեցող տարատեսակ մշակութային միջոցառումներից շատերը£ Տեղեկատվության անլիարժեքությո՞ւնն է պատճառը, թե՞ հոգևոր բազմազան լիցքերով հարստանալու պահանջարկի կտրուկ նվազումը£ Մինչդեռ, կոնկրետ այս դեպքում, կարելի էր որոշակի գաղափար կազմել արևմտյան կինոսիրողի ճաշակի ու հետաքրքրությունների, կինոշուկայում մրցունակ արտադրանքի, համաշխարհային կինոգեղագիտության միտումների մասին£ Մրցույթին մասնակցող 23 ֆիլմերից 6¬ը արժանացան փառատոնի կազմակերպիչների, հովանավորների և ժյուրիի չափորոշիչների բազմապլանությունը (տղամարդ և կին հարաբերությունների, համամարդկային ու արդիական թեմաների արծարծում, ուրույն գեղագիտություն, անմիջական հայացք…) հավաստող մի շարք մրցանակների ու պարգևների: Ալյոնա Պոլունինան և Տատյանա Դանելյանցը (ՌԴ) կրկնակի գնահատվեցին իրենց ասելիքով ու թեմատիկ բացահայտման տեսակետից միանգամայն տարբեր վավերագրական կինոֆիլմերի համար£ Չնայած գլխավոր մրցանակը շնորհվեց առաջինի «Փառատոն» վիճահարույց աշխատանքին, հանդիսատեսների մեծամասնությանը հմայեց Դանելյանցի «Այգին, որը թաքցված է» ժապավենի խորախորհուրդ մարդկայնությունը, որ վենետիկյան հրաշագեղ տեսարանների աչք շոյող հենքի վրա ներկայացվում էր իրենց ծննդավայրի ինքնատիպությամբ երջանիկ զգացող տարբեր զբաղմունքի տեր բնակիչների անմիջական պատմությունների համատեղությամբ£ Հոգեբանական ապրեցնող լիցքերի հեղեղ էր հորդում էկրանից կանադացի օսկարակիր վավերագրող Բևերլի Շաֆերի ֆիլմերի հետահայաց ցուցադրության ժամանակ, բարությամբ ու ակնածանքով համակում կյանքի համար համառորեն պայքարող մարդկանց: Ուշագրավ էին փառատոնի հյուրերի` Պասկալ Ֆերանի, Խոսե Էնրիկե Մարչի, Տանյա Դետկինայի, Դեն Վոլմանի, Սուման Հեյրափրիայի, Վեյթ Հելմերի կինոպատումները£ Հատկապես ուրախալի էր հայ կինոգործիչների` Աննա Գասպարյանի, Աննե Սարգսյանի, Մարիանա Վարդանյանի, Մարիամ Օհանյանի ստեղծագործական ձեռագիրը£ Էկրանային և ժամանակային փոքր տարածքում որքան կյանք ու հույզ, մարդկային բացառիկ ճակատագրեր, հայրենակարոտ ընդգրկումներ… Միով բանիվ` չորրորդ «Կին»¬ը կայացման լուրջ հայտ էր վերջին շրջանում առավել խայտաբղետ դարձած փառատոնային շրջապտույտում£