Եռամյա ազատազրկում` Կիրկորովի ժամացույցը հափշտակող գնչուհուն
33-ամյա Լիլիա Մուհոմադեևային Նովոսիբիրսկի Ժելեզնոդորոժնի շրջանի դատարանը մեղավոր է ճանաչել «Խոշոր չափի հափշտակում» հոդվածով` դատապարտելով նրան երեք տարվա ազատազրկման: Ինչպես արդեն տեղեկացրել էինք մեր ընթերցողին, նովոսիբիրսկցի գնչուհին Կիրկորովից հափշտակել էր Breguet մակնիշի ոսկյա ժամացույցը, բջջային հեռախոսը` mp3 փլեերը և շուրջ 2000 դոլար գումար: Մուհոմադեևան, իհարկե, իրեն մեղավոր չի ճանաչել: - Ես չէի կարող նման հանցանք գործել: Առավել ևս, ես չէի կարող չարիք գործել իմ կուռքի` իմ սիրելի երգչի հանդեպ,- ասել է ամբաստանյալը` պնդելով, որ 2006 թ. նոյեմբերին համերգի ժամանակ արտիստի գրիմարանում ինքն հայտնվել է պատահաբար` զուգարան որոնելիս: Իսկ գրիմարանում նրան նկատել է հայր Կիրկորովը, ով էլ հետո նկարագրել է կնոջ արտաքինը` ոստիկանությանն օգնելով հաջորդ օրը գտնել գողին: Ֆիլիպի խնդրանքով դատավարությունը կայացել է առանց տուժողի ու առանց նրա փաստաբանի մասնակցության: Իսկ դատաքննությամբ պարզվել է, որ գողացված ժամացույցը շուրջ 6 անգամ ավելի էժան է, քան երգչի նշած 98 հազար եվրո արժեքը` 511-530 հազար ռուբլի: Դա, ինչ խոսք, վրդովեցրել է Կիրկորովին. նա վստահ է, որ այդ ժամացույցն իրեն նվիրող անձը չէր կարող այդքան էժանագին նվեր տալ: Ի ցավ երգչի, գողոնն ամբողջությամբ չի հայտնաբերվել. այդ թվում և Ֆիլիպի համար ամենամեծ կորուստը` իռլանդական U2 ռոք խմբի երաժիշտների նվիրած mp3 փլեերը, որի վրա պահպանվում էին ապագա երգերի նախնական մշակումները: