ՀԱ՞ ՈՐ...


ԱՌԱՋԻԿԱ տարեսկզբից մեզ սպասվող է°լ ավելի հոգսաշատ կյանքի գլխավոր ուղեկիցը, ըստ ամենայնի, միայն գնաճը չի լինելու և ոչ էլ նախորդ փորձերից վերցված այն կանխատեսումը, թե, միևնույն է, բարձրացվելիք աշխատավարձերը հազիվ թե կարողանան թռչող գների հետևից հասնել: Ու նման հեռանկարի համայնապատկերում, որքան էլ անհավանական լինի, Ագարակի պղձնամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունը պատրաստվում է իր մի քանի հարյուր աշխատակիցների հարկադիր պարապուրդի փաստի առաջ կանգնեցնել, մյուսների աշխատավարձերն էլ ամբողջ 30 տոկոսով իջեցնել: Այն, որ հանածո-երկաթեղենի գների շուրջ միջազգային շուկայում տեղի ունեցող գործընթացները (որոնք տվյալ դեպքում խիստ ընդհանրական ու քիչ հավատընծա պատճառաբանություններ ունեն) մարդկանց քիչ են հետաքրքրում, անվիճելի է: Բացի այդ, կոմբինատում աշխատող բանվորներին զայրացրել ու գործադուլ անելու քայլին է մղել նաև այն խտրականությունը, երբ հայտնի է դարձել, որ իրենց գործընկեր օտարերկրացի աշխատակիցները նույն աշխատանքի դիմաց իրենցից զգալիորեն բարձր են վարձատրվում: Արդյունքում ստացվել է այնպես, որ բանվորական գործադուլին ու ծայր առած մյուս իրադարձություններին Սյունիքի մարզպետն անձամբ է ստիպված եղել միջամտել: Թե ինչ կլինի հետո, եթե կոմբինատի ղեկավարությունն իր որոշումները չվերանայի, դժվար է ասել: Բայց որ մարզպետ Ս. Խաչատրյանն ավելի ճիշտ կվարվի, եթե կոմբինատի անունից բանվորներին խոստումներ տալու փոխարեն նախ և առաջ «սեփական աչքի գերանը հանի»` մտահոգվելով իր իսկ կողմից թույլ տրված չարաշահումների վնասները փոխհատուցելու խնդիրներով, դարձյալ անվիճելի է: ՎԵՐԱՀՍԿԻՉ պալատն այս մարզում կատարած ուսումնասիրությունների արդյունքում ապշեցնող ապօրինություններ է հայտնաբերել: Այս մասին անհրաժեշտ ծավալով ասվեց ու գրվեց, բայց հաջորդող շրջանում կարծեք թե ոչինչ էլ չի փոխվել: Ուստիև, եթե բացահայտումները միայն փաստերի արձանագրման նպատակը ունեին, ուրեմն ներկա բազմանշանակ լռությունը միանգամայն օրինաչափ է… Բայց մյուս կողմից էլ Սյունիքում թե այլուր միայն արձանագրային համեստ առաքելությունն իրականացրած լինելու համար երկար չարչարվելու անհրաժեշտությունը չկար: Վաղուց է հայտնի, որ որտեղ և ինչ էլ տնտղենք, մեծ թե փոքր չարաշահումներ հաստատ կգտնվեն: Այնպես, ինչպես Հրազդան գետում կառուցված հենապատնեշների դեպքում, երբ գոյության 15 տարվա երաշխիքով «կյանք մտած» նորակառույցները փլվել են հենց ուսումնասիրության պահին, հենց տեղանքը չափագրող աշխատակիցների աչքի առաջ (բարեբախտաբար` ոչ նրանց գլխին): Իսկ թե ինչ խոստումներով են փոշիացվել պետական բյուջեից այս նպատակին հատկացված միջոցները, դժվար չէ պատկերացնել: Ավելին, այդ պատկերն է°լ ավելի կամբողջանա, եթե ասվածին ավելացվի, որ այդչափ «երկարակյաց» պատնեշներ կառուցելու գործը վստահված է եղել մեր երկրի հանրահայտ Հակոբ Հակոբյաններից մեկին` նախկին պատգամավոր և Էջմիածնի քաղաքապետ չդարձած Ճոյտին: ԻՆՉ արած, այս մարդիկ ոչ լրագրողների սրատեսությունից, ոչ էլ իրավապահներից չեն զգոնանում: Մինչդեռ, եթե ոստիկանների անգործությունը հաճախ բոլոր սահմանները գերազանցում է, ապա լրագրողներից զգուշանալ այնուամենայնիվ արժե: Այսպես, մոսկվայաբնակ մի լարգրող օրերս կրակել է Հայաստանից ժամանած մի քաղաքացու վրա: Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց, վտանգավոր լրագրողը ձերբակալված է: Հայկական ԶԼՄ-ները գրչով են առայժմ կրակում: Այլ հարց է, որ այդ կրակոցները ոչ միշտ են թիրախին դիպչում: Գ. Սահակյանը` ՀՀԿ խմբակցության նոր ղեկավար Չնայած վերջին շրջանում տարածված ամենատարբեր վարկածներին, ՀՀԿ ղեկավարությունն երկուշաբթի որոշում կայացրեց` ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավարի պաշտոնում նախապատվությունը տալով Գալուստ Սահակյանին: Հիշեցնենք, որ այդ պաշտոնը թափուր է այն պահից, երբ ՀՀԿ խմբակցության ղեկավար Կարեն Կարապետյանը նշանակվեց նախագահի աշխատակազմի ղեկավար` այդ պաշտոնում փոխարինելով Հովիկ Աբրահամյանին: Գ. Սահակյանը ընտրվել է միաձայն. այլ թեկնածուներ չեն եղել: