Երբ քաղաքականության մեջ օտարվում է բարոյականությունը


ԱԺ հերթական քառօրյայում քննարկվեց «ՀՀ զինանշանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը: Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Թուրքիայի հավաքականի հետ խաղից ընդամենը 1-2 օր առաջ թիմի տարբերանշանից թեթև ձեռքով հանել էր Արարատի խորհրդանիշը: ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը պնդում է, որ ՀՀ զինանշանը պետք է պաշտպանված լինի ամեն տեսակ ձևախեղումներից: - Անընդունելի է, երբ քաղաքականության մեջ օտարվում է բարոյականությունը: Մեր ազգային նկարագիրը, մեր ինքնությունը հաստատող առավել բացառիկ խորհրդանիշ քան Արարատն է, մենք չունենք: Ցանկացած կառույց և օղակ պետք է հպարտորեն կրի այն: Հասարակությունն ընդվզեց, երբ Ֆուտբոլի ֆեդերացիան Արարատի խորհրդանիշը օտարեց իր տարբերանշանից: Բայց չէ՞ որ բիբլիական մեր լեռը խորհրդանշում է վեհություն, հաղթանակ, հպարտություն: Եվ, ի վերջո, դարավոր երազանք: Եվ պղծելով այդ բոլոր վեհ արժեքները, բնականաբար, հաղթանակների մասին խոսելն ավելորդ է դառնում: ՀՅԴ խմբակցությունում քննարկումների ընթացքում մենք հանդես եկանք նախաձեռնությամբ, ըստ որի` ՀՀ զինանշանը այնքան պետք է պաշտպանված լինի իր ամբողջականության մեջ, որ ում խելքին փչի` չկարողանա խեղաձևել այն: Իսկ այդ խեղաձևումը, կարծում եմ, խեղված մտքի «արգասիք է»: Ուրախ եմ, որ Ֆուտբոլի ֆեդերացիայի տարբերանշանի վրա կրկին վերականգնվելու է Արարատի խորհրդանիշը: Հուսով եմ, որ դա կզորակցի մեր ֆուտբոլիստներին` հաղթանակներ նվաճել:

Մ. ԾԱՌՈՒԿՅԱՆ