Հոկտեմբերյան հեղաշրջման ամենամեծ դասը


Նոյեմբերի 7-ին ռուս կոմունիստների հոծախումբ զանգվածները դարձյալ կարմիր դրոշներով դուրս էին եկել Մոսկվայի փողոցները` երթով, բոցաշունչ ճառերով նշելու իրենց համար դեռևս մեծ խորհուրդ պարունակող հոկտեմբերյան հեղաշրջման 91-րդ տարեդարձը: Ավանդաբար այդ օրը նշեցին նաև հայ կոմունիստները` Երևանում ծաղիկներ դնելով Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանին, հիշելով ու հարգելով հանուն հոկտեմբերի գաղափարների զոհված հայ գործիչներին, այպանելով հետխորհրդային իրականությունը… Սա այն է, ինչ հակակոմունիստներն անվանում են «կարոտախտի դրսևորում» և հեգնանքով նշում, թե «կարոտախտով տառապողները երանությամբ են հիշում խորհրդային տարիները»: Նույն ծաղրով ու հեգնանքով մեր էլեկտրոնային տեղեկատվական միջոցներից մի քանիսը «լուսաբանեցին» հայ կոմունիստների նոյեմբերի 7-ի միջոցառումը: Եվ այդ ծաղրն ու հեգնանքը ինձ անկեղծ ցավ պատճառեց: Ինչու՞: Որովհետև այդքան աննրբանկատորեն չի կարելի վիրավորել ավագ սերնդի ներկայացուցիչներին: Եթե այդ ծերունազարդ, վաստակյալ մարդկանց համար Հոկտեմբերի գաղափարները դեռ կենդանի են, եթե նրանց համար երբեմնի Խորհրդային Միության 70-ամյա գոյության տարիները դեռ երանելի են, ապա դրա ամենամեծ մեղավորը …իրենք չեն, իրենց անդառնալիորեն հեռացած, կորած երիտասարդությունն է: Ավագ սերնդի կարոտախտը շատ ավելի հոգեբանական, քան գաղափարական բացատրություն ունի: Մարդիկ կարոտում են ոչ միայն ու ոչ այնքան այն իրականությունը, որի մեջ ապրել են տասնյակ տարիներ, այլ` իրենց երիտասարդական անցյալը: Դա շատ բնական, շատ մարդկային զգացում է: Եվ հարկավոր է հասկանալ ու հարգանքով վերաբերվել դրան: Որևէ տարակույս չի կարող լինել, որ մեր հարգարժան պապիկներն ու տատիկները, բոլորը, ովքեր իրենց կյանքի մեծ մասն ապրել են խորհրդային իրականության մեջ, շատ ավելի լավ են պատկերացնում, թե ի՞նչ արատներ ուներ այդ հասարակությունը, որքա¯ն անարդարություններ, անիրավություններ, անմարդկային դաժանություններ կային անցյալ կյանքում: Մանկամտություն է նրանց «քաղգրագիտության դասեր» տալը: Շատ մեծահասակներ մեր ամենամոլեռանդ հակակոմունիստներից ավելի անողոքաբար են հետադարձ հայացքով գնահատում իրենց իսկ ապրած տարիները: Ծերունազարդ մարդիկ իրենց մաշկի վրա են կրել անցյալի դժվարությունները, շատերի հոգիների մեջ դեռ մինչև հիմա էլ մխում է դառնությունների չսպիացող ցավը, իսկ սրանք եկել` փորձում են ծերունիներին «խելք սովորեցնել», հասկացնել, թե դուք ապրել եք ոչ ազատ, ոչ ժողովրդավարական երկրում, երկրպագել եք սուտ կուռքերի, հավատացել եք դատարկ ցնորքների… Չի կարելի այդքան աննրբանկատորեն վիրավորել ճերմակահեր մարդկանց` նրանց ներշնչելով, թե իզուր եք ապրել ձեր կյանքը, իզուր եք տառապել, իզուր եք երազել…Նախ, դա դաժան և անարդար բան է: Երկրորդ, եթե մենք այժմ ապրում ենք ազատության, մարդու իրավունքների հարգման արժեքային համակարգի նոր երազներով, ուրեմն պիտի հանդուրժող լինենք բոլոր նրանց հանդեպ, ովքեր դեռ ուզում են…ծաղիկ դնել իրենց չիրականացված երազների և խորտակված պատրանքների գերեզմանին: Հարկավոր է մեր քաղաքական բառապաշարից իսպառ վտարել «անցյալի կարոտախտ» բառակապակցությունը: Այդ կարոտախտը եղել և լինելու է միշտ` բոլոր անցյալ ու գալիք ժամանակներում: Ուղեկցել և ուղեկցելու է անցյալ ու գալիք բոլոր սերունդներին: Տարիների հեռվից բոլորն էլ երանությամբ են հիշում այն ժամանակները, երբ առույգ էին, հույսերով ու ծրագրերով լի, երբ ակտիվ մասնակցություն էին բերում երկրի ու ժողովրդի կյանքին: Եվ մեր ներկա օրն էլ, որից շատ-շատերը հիմա էլ ամենևին գոհ չեն, մեր աչքին նույնպես երևալու է վարդագույն երանգներով: Մարդուն հոգեբանորեն միշտ հատուկ է եղել իր ապրածի իդեալականացումը: Երբ այս ճշմարտությունը հասկանանք` շատ ավելի ներողամիտ կլինենք հատկապես ավագ սերնդի նկատմամբ: Չենք ենթադրի, թե նրանք, իբր, «կարոտում են խորհրդային ժամանակներում գրեթե բոլորին մատչելի մեկ կիլոգրամ երշիկը»: Դա պարզամիտ ու գռեհիկ մոտեցում է: Եթե ուզում ենք, որ մեր ծերունազարդ պապիկներն ու տատիկները այդքան խորությամբ չապրեն իրենց իսկ անցյալի կարոտով, ապա պիտի պայմաններ ստեղծենք, որ նրանք այսօր ապրեն ավելի արժանապատիվ ու բարեկեցիկ կյանքով: Պիտի ջանանք, որ նրանք իրենց դուրս չհամարեն ներկա անցուդարձերից, իրենց ավելորդ, մոռացված ու մերժված չզգան թե° ընտանիքներում, թե° հասարակության մեջ: Ավագների նկատմամբ ընդգծված հարգանքը բնորոշ է եղել մեր ժողովրդին: Դա մեր ազգային նկարագրի սքանչելի հատկանիշներից մեկն է: Ավաղ, նոր ժամանակները շատ բան են փոխել մեր հոգեկերտվածքում: Մենք դարձել ու դառնում ենք ավելի ու ավելի նյութապաշտ, մեր հասարակական գիտակցության մեջ աստիճանաբար հետին պլան են մղվում շատ և շատ բարոյական արժեքներ: Ամենազարհուրելին այն իրողությունն է, որ Հոկտեմբերյան հեղաշրջումը այդքան ջանադրորեն այպանող մեր շատ երիտասարդներ իրենց վարքագծում և գիտակցության մեջ դեռ պահում են…նոր հեղափոխություն անելու, հասարակական կյանքի բոլոր արատները կրկին «մեկ հարվածով մաքրելու» զառանցանքը: Չեմ հիշում իմաստուններից ո՞վ է ասել, թե «մարդկային պատմության ամենամեծ դասն այն է, որ նա երբեք դաս չի քաղում իր անցյալից»: Հոկտեմբերյան հեղափոխությունը ծաղրելով նոր հեղափոխություն քարոզողներին կուզենայի հարց ուղղել` անցյալի այդ ո՞ր հեղափոխությունն է երջանկություն բերել որևէ ժողովրդի, որևէ շարքային մարդու, որ ձեր երազած նոր` «թավշյա», «գունավոր» կամ այլ հեղափոխությունը բերի: Մենք էլ ազգովի ապրեցինք ՀՀՇ-ական «թավշյա հեղափոխության» ժամանակաշրջանը: Ի՞նչ շահեց մեր ժողովրդի բացարձակ մեծամասնությունն այդ հեղափոխությունից: ՀՀՇ-ականները գնացին այն նույն ճանապարհով, որով գնացել էին բոլոր նախորդ հեղափոխությունները` իրենց բռնազավթած քաղաքական իշխանությունը ծառայեցրին հասարակական ունեցվածքի վերաբաշխմանը: 1917-ի հոկտեմբերին ռուս բոլշևիկները հասարակական ունեցվածքի համընդհանուր թալանն անվանելով «ունեզրկողների ունեզրկում»` իբրև թե վերացնում էին մարդու կողմից մարդու շահագործում ծնող մասնավոր սեփականությունը, փոխարենը ստեղծելով այսպես կոչված «հանրային կամ պետական սեփականություն»: ՀՀՇ-ականները հակառակն էին անում` իբրև թե մասնավորեցնում, իսկ իրականում սեփականացնում էին պետական ու հանրային ունեցվածքը: Թե ինչպե՞ս և որքանո՞վ արդար էին «մասնավորեցնում»` բոլորս գիտեք, բոլորս տեսել ենք: Նոր հեղափոխությ ան ջատագովները, Աստված մի արասցե, եթե հաջողության հասնեն, ոչինչ նոր բան չեն հորինելու: Դարձյալ վերաբաշխելու են սեփականությունը: Պողոսից խլելու են` Պետրոսին տան: Մաթոսներին, կիրակոսնե րին, փիլիպոսներին դարձյալ ոչինչ չի հասնելու: Մեր կյանքում անարդարություններ շատ կան, արատներ, մերժելի երևույթներ, հասարակական լայն շրջանների արդարացի դժգոհությունները հարուցող այլանդակութ յուններ` որքա¯ն ասես: Մենք պետք է անդադրում պայքարենք դրանց դեմ, ձգտենք նպաստել դրանց վերացմանը, քաղաքակրթել մեր պետությունը ամեն կերպ, սակայն ոչ երբեք` հեղափոխական ճանապարհով: Մեզ հարկավոր է համբերություն ու ազգային համախմբում, սակայն ոչ երբեք` նոր հասարակական պառակտում ու նոր հեղափոխություններ: Հոկտեմբերյան հեղաշրջման ամենամեծ դասը դա է:

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ