Անթույլատրելի խախտումներ


Հայաստանում ցորենի գնի համաշխարհային վայրիվերումներին զուգահեռ պարտադիր քննարկման անհրաժեշտություն է թելադրում հացի ինքնարժեքը: Առաջին անհրաժեշտության սննդամթերքներից կարևորագույնի արտադրությունը միշտ էլ գերշահույթի աղբյուր է եղել, քանի որ անգամ սոցիալապես անապահով խավն է ստիպված հացամթերք գնել: Իսկ մեր գործարարները, որպես կանոն, շատ մեծ դժվարությամբ, նույնիսկ կարելի է ասել ծայրահեղ դեպքերում են ստիպվում նվազեցնել «առողջ» բիզնեսի` տրամաբանության շրջանակներում չտեղավորվող իրենց գերեկամուտները: Այսպես. ցորենի, հետևաբար և ալյուրի թանկացման պարագայում նրանք գնաճին հետևելու պարտաճանաչ պատրաստակամություն են ցուցաբերում: Սակայն, երբ նրանց արտադրատեսակի ներմուծվող հումքը էժանանում է, պետական օղակների հորդորներն անգամ չեն սաստում ձեռներեցների շահամոլուցքը: Վառ օրինակն է այն, որ հաց արտադրողներից մի քանիսը միայն 10 կամ 20 դրամով իջեցրին գինը: Դա ընդամենը 10-15 % է, իսկ ալյուրը գրեթե 50 %-ով է էժանացել: Սա դեմ է քաղաքակիրթ առևտրի սկզբունքներին: Իհարկե, չի գտնվի մեկը, ով կասի, թե իրեն փող հարկավոր չէ, բայց մի՞թե կարելի է այդ «կարիքը» հասարակության գրպանները մերկացնելու հաշվին լրացնել: Պատկերացնո՞ւմ եք, թե 2009 թ. ապրիլին սպասվող` գազի սակագնի ոչ ավել, ոչ պակաս 40 %-անոց աճից հետո հացի ինքնարժեքը բնական և արհեստական պատճառներով որքան կդառնա, և որպիսին կլինի սոցիալապես անապահով խավի ընտանեկան բյուջեի «վայնասունը»: Բացի այդ, վերը նշված գնային չնչին նահանջն էլ կասկածի տեղիք է տալիս. հացը թերակշռելով այնպես են անում, որ իրենց եկամուտի կողքով քամի անգամ չանցնի: Կամ էլ առավոտյան գնածդ հացը, նույն օրը երեկոյան տարօրինակ, արդյունաբերական դառնահամ է ստանում: Ահավասիկ, տնային տնտեսուհիները կհաստատեն, որ հին ալյուրով թխված սննդամթերքն է դառը համ ունենում, իսկ որ ոչ թարմ ալյուրը շատ ավելի էժան գնով է ձեռք բերվում, պարզից պարզ է: Փաստորեն մեր հնարամիտ ձեռներեցները յուրաքանչյուր իրավիճակում կարողանում են գտնել սողանցքները, և այս առումով` գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական տեսուչության պետ` Գրիշա Բաղիյանն էլ նշեց. «Ցավոք, մեր գործարարներն ամեն ինչի կդիմեն, որ երկու կոպեկ ավել աշխատեն»: Իսկ հին հումքով թխված մթերքն արդյոք չի՞ վտանգում մարդկանց առողջությանը: Ավելին, հացի իրացման ընթացքում սանիտարահիգիենիկ տարրական նորմերն էլ չեն պահպանվում: Արտադրամասից մարդատար ավտոմեքենայով վաճառակետ հասցնելով` առաքիչը, ձեռքից ձեռք անցած թղթադրամները հաշվելուց հետո, առանց հատուկ ձեռնոցների հացը փոխանցում է խանութի աշխատակցին: Ապա այդ վաճառողն էլ խանութի պահեստից փոշոտ արկղեր բերելուց հետո, բնականաբար, առանց լվացվելու, առանց ձեռնոցների հացը տալիս է գնորդին: Ու այդ հացը ուտելիս` թե որքան մանրէներ են ներս թափանցում, Աստծուն է հայտնի: Հետո էլ խոսում ենք քաղաքակրթության մասին: Հուսանք, որ մեր երկրի ղեկավարությունը գոնե այս հույժ կարևոր հարցում հետևողականություն կցուցաբերի և օրինազանցներին ամենախիստ տուգանքներով կպատժի, որովհետև գործարարական հարթակում «սրբության սրբոցը» սեփական գրպանն անձեռնմխելի պահելն է:

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ