«Արցախը նաև իմ հայրենիքն է»


Մեծագույն հարգանքի են արժանի բոլոր նրանք, ովքեր ազատամարտի օրերի քուրայով անցել, իրենց կյանքն են նվիրաբերել հայրենիքի պաշտպանությանը: Նրանցից շատերն այսօր էլ շարքում են, մարդիկ, ովքեր հաղթանակով են տուն վերադարձել, իրենց ճակատագիրն ընդմիշտ կապել Հայոց բանակի հետ, ամբողջովին նվիրվել զինվորական գործունեությանը: Գնդապետ, մարտական շքանշանների ասպետ Ֆելիքս Պողոսյանը մեկն է նրանցից: Երբ իմացա, որ Սալվարդ գյուղն է Ֆելիքսի ծննդավայրը, մտքով սլացա դեպի սիսական լեռները, որոնց փեշերին Սալվարդն է ծվարել: Աղբյուրներ կան այնտեղ, արցունքի պես վճիտ ջուրն ասես աստղալույս է քարի խորքերից բխող: Ես ծնկաչոք խմել եմ այդ աղբյուրներից, թաթախվել այնտեղ բացվող լեռնային առավոտների կապույտով: Ոգեշնչանքի պահեր են եղել դրանք, որ սուրբ են ինձ համար: Սահմանամերձ գյուղ է Սալվարդը, Նախիջևանին է սահմանակից: Սալվարդցիները պատերազմի ամենածանր օրերին անգամ չեն կորցրել ոգու արիությունը, հավատը հաղթանակի նկատմամբ: Իսկ հավատում ես այն դեպքում, երբ գիտակցում ես, որ քո գործը, քո մղած կռիվն արդարացի է, որ դու պաշտպանում ես քո օջախը, դարեր ի վեր պապերիդ մշակած հողն ու ծնողներիդ պատիվն ես պաշտպանում: Երբ թերթում էի Ֆելիքսի ռազմաճակատային օրագրի էջերը, այսպիսի բառերի հանդիպեցի. «Արժանի լինենք մեր պապերի ու հայրերի փառքին»: Այս գրառումն արվել է 1992-ին` Գանձասարում, մարտից երկու օր առաջ: Այդ ժամանակ պահեստի կապիտան Ֆելիքս Պողոսյանը սպարապետ Վազգեն Սարգսյանի կոչով հավաքագրված մահապարտ ների գումարտակի դասակի հրամանատար էր: Ես տեսել եմ մարտական փառապանծ ուղի անցած մահապարտների կուռ, ձգված ու հպարտ շարքերը, տեսել եմ Երևանում` տղաների ռազմաճակատ մեկնելուց առաջ: Հավանաբար Ֆելիքսին եմ նաև տեսել շարքում, այդ ժամանակ նրան դեռ չէի ճանաչում: Ես նայում էի մարտիկների կրակոտ աչքերին ու մտածում` կարո՞ղ է այնպես պատահել, որ մահացու գնդակը շանթի նրանց ու մի ակնթարթում ամեն ինչ սուզվի խավարի մեջ, կարող է ... Ի¯նչ իմանաս, նենգ է թշնամին: Խիզախություն և ուժ կար նրանց աչքերում, նրանց դեմքերին` նախնիների հողը խլել փորձող ոսոխի դեմ կռվելու կատաղի մոլուցք: Մահապարտները... Այդ նրանք էին, որ կամավորական մյուս ջոկատների հետ մեկտեղ իրենց ուսերին արժանապատվորեն տարան պատերազմի առաջին հարվածների ծանրությունը: Արիության օրեր էին դրանք: Դեռ մինչև մահապարտների գումարտակին անդամագրվելը, Ֆելիքսն իր ընկերների հետ եռանդուն աշխատանքներ էր ծավալում Սիսիանի շրջանի սահմանամերձ գյուղերի պաշտպանունակության ամրապնդման ուղղությամբ: Երևանից սննդամթերք էին հասցնում դիրքերում հերթապահող ազատամարտիկներին, զենք ու զինամթերք, երևանաբնակ նախկին սիսիանցիներին հավաքագրում, ստեղծում էին ինքնապաշտպանական ջոկատներ: Այդ ժամանակ Ֆելիքս Պողոսյանը «Սիսական» հայրենակցական միության նախագահի տեղակալն էր: 1991-ին ստեղծված այդ միության գործունեության նպատակը սիսական աշխարհի սահմանամերձ բնակավայրերին օգնություն հասցնելն էր: Ֆելիքսի հետ մեր զրույցը անկեղծ ու անմիջական էր: Մանրամասներ պատմեց այն օրերի մարտերից, երբ ինքը դեռ «Գարեգին Նժդեհ» կամավորական ջոկատի, ապա մահապարտների շարքերում էր կռվում, ասես կինոֆիլմերի ժապավեններ էին սահում աչքերիդ առջևով: Եվ դա պատերազմի զարհուրելի առօրյան ապրած, պատերազմի դաժան դպրոցը մինչև վերջ պատվով անցած հայ քաջամարտիկի ռազմաճակատային կյանքն էր: Ֆելիքսի պատմածները վերստին վկայում են, որ մահապարտները խիստ անհավասար մարտերում անգամ հողը չէին զիջում թշնամուն, քանզի նրանց թիկունքում լեռներն էին, դարերի հոլովույթի մեջ շանթ ու կայծակի բազում հարվածներ ընդունած հայոց լեռները, որոնք կռվել գիտեն, գիտեն հրամայել, իսկ երբ լեռներն են հրամայում, ներքին մղումով գնում ես ինքնազոհաբերության` հանուն հայրենիքի: 1992-ի օգոստոսին էր: Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղի մոտ դիրքավորված մահապարտները, որոնց շարքերում նաև Ֆելիքսն էր կռվում իր դասակով, մարտական առաջադրանք ստացան` ամեն գնով կասեցնել թշնամու առաջխաղացումը: Հրետանային նախապատրաստությունից հետո հակառակորդն անցավ հարձակման` մարտի նետելով թարմ ուժեր, այդ թվում` զրահատեխնիկա: Ազերիները տանկերի հրանոթային ուղիղ կրակոցով փորձում էին ճնշել խրամատավորված մեր դասակներին: Սակայն մարտիկները չերերացին, ոսոխի գնդակից խոցվող քաջերի կողքին նորերն էին կանգնում: Պայթող արկերից այրվում, բզկտվում էր հողը: Հակառակորդի մահ սփռող առաջին զրահապատն արդեն շատ մոտ էր մեր դիրքերին, երբ տղաների դիպուկ կրակից բոցավառվեց ու կանգնեց տեղում: Մարտը ծանր էր, կատաղի: Ամեն ինչ վճռեցին մահապարտների տոկունությունն ու հմուտ մարտավարությունը£ Այդ օրը ոչ միայն հաջողվեց կասեցնել ազերիների հարձակումը, հակառակորդը ջախջախվեց ու հետ շպրտվեց կրելով կենդանի ուժի և տեխնիկայի մեծ կորուստներ£ Տղաների անձնուրացության շնորհիվ մինչև վերջ անառիկ մնացին Գանձասարն ու Վանք գյուղը£ Տղաները... Մեխակը, Մկրտիչը, Արմենը, Գրիգորը... Եղել են պահեր, երբ թվացել է, թե իրենց կյանքի վերջին ակնթարթներն են ապրում, թվացել է վերջացած է ամեն ինչ, սակայն ամեն անգամ հաղթել է` հայրենի հողը հերոսաբար պաշտպանող ազատամարտիկի ոգու արիությունը: 1992-ի դեկտեմբերին Ֆելիքս Պողոսյանն արդեն նոր կազմավորվող 5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադի շարքերում էր կռվում, որի առաջին հրամանատարը գնդապետ Ռեմիկ Մարդանյանն էր: Օպերատիվ բաժնի պետի պարտականություններն էր կատարում Ֆելիքսը, երբ 1993-ի մայիսին նշանակվեց բրիգադի հրամանատարի տեղակալ: Արցախյան պատերազմի տարիներին ավելի քան 50 բնակավայր է ազատագրել իր անունը փառքով պսակած բրիգադը, որի մարտիկների ռազմերթի ճանապարհը Մարտակերտի ու Հադրութի լեռներով ձգվել, հասել է մինչև Հորադիս: «5-րդ բրիգադը եղել է այն ստորաբաժանումներից մեկը, որի վրա մենք միշտ մեծ հույս ենք ունեցել և որին միշտ էլ կարելի էր հանձնարարել ամենից դժվար առաջադրանքները»,- Սերժ Աարգսյանի խոսքերն են: Եվ այդ դժվարին մարտական առաջադրանքների կատարման գործում մեծ էր Ֆելիքս Պողոսյանի ներդրումը: Ռազմական պլաններն ամեն անգամ մշակվում էին նրա անմիջական մասնակցությամբ և հաջողությամբ իրականացվում: Որպես զինվորական լրագրող, հրադադարից հետո Ֆելիքսին հաճախ էի հանդիպում` գործուղումների ժամանակ, երբ ինքն արդեն հանրապետության Զինված ուժերի բանակային զորամիավորումներից մեկի հրամանատարի տեղակալն էր: Հիշողությանս մեջ մեխվել է մի մանրամաս: Զորամիավորման շտաբից երկուսով մեկնել էինք առաջին գիծ: Քայլում էինք խրամատների երկայնքով: Ֆելիքսը մանրազնին պաշտպանության համակարգն էր ստուգում: Գնդապետը մոտենում էր զինվորներին, հետաքրքրվում նրանց առօրյայով, հրամանատարների հետ խոսում էր զուսպ արժանապատվությամբ, որ վայել է բարձրակիրթ զինվորականին: Ինձ միշտ հիացմունք են պատճառել նրա բարոյական բարձր կեցվածքն ու շարային ձգվածության պահվածքը: Ես ամեն անգամ համոզվում էի, որ Ֆելիքսը բնավորությամբ վճռական մարդ է, կամային, խստապահանջ, բանակային կարգ ու կանոնին նվիրված մարդ: Եվ այդ ամենը զուգորդվում էր զինվորի ճակատագրի նկատմամբ բարձր պատասխանատվության հետ: Մասնագիտությամբ պատմաբան է ՀՀ պաշտպանության նախարարության կոլեգիայի քարտուղարության պետ, Երկրապահ կամավորականների միության վարչության անդամ Ֆելիքս Պողոսյանը, Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետն է ավարտել: Հրաշալի գիտի նաև Արցախի դարավոր պատմությունը: Երբ զրուցում էինք, ասաց. «Արցախը նաև իմ հայրենիքն է, իմ պապերի երկիրը», և սա հազար մահ ու կրակների միջով անցած հին զինվորի անկեղծ խոստովանանքն է: Ըստ արժանվույն են գնահատվել գնդապետ Ֆելիքս Պողոսյանի ծառայությունները: Նա պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, «Արիության համար» մեդալով, «Արծիվ-Մահապարտ» կրծքանշանով, պատվոգրերով ու շնորհակալագրերով: Որտե՞ղ եմ կարդացել. «Ազգն իր դրոշները խոնարհում է միայն նրանց առաջ, ովքեր պատրաստ են մեռնելու հանուն ազգի»: Այո, ազգն իր դրոշները խոնարհում է միայն իր նվիրյալների առաջ, որոնց շնորհիվ ամուր ու կանգուն է մնում տունը հայրենյաց, կանգուն է մնում Ֆելիքսի պես մարդկանց շնորհիվ...