... Քանի դեռ չի առերեսվել իր պատմության հետ


 

Երկու կոնգրեսականներ պայքարում են ամերիկահայերի ձայների համար

Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ   «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Հատված` երկու դեմոկրատ կոնգրեսականներ Հովարդ Բերմանի և Բրեդ Շերմանի միջև ծավալված բանավեճից, որը կայացել էր Էնսինո քաղաքի Ֆերահյան դպրոցի Ավետիսյան դահլիճում: Բանավեճը կազմակերպել էր Արևմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Կոնգրեսական Շերման.

- Մենք պետք է ճանաչենք Ցեղասպանությունը ոչ միայն Հայաստանի համար, ոչ միայն Ամերիկայի համար, այլև թուրքական պետության համար, որը երբեք ժամանակակից պետություն չի դառնա, քանի դեռ չի առերեսվել իր սեփական պատմության հետ:

Դատապարտելով Միացյալ Նահանգների կառավարությանը` Հայոց ցեղասպանություն եզրույթը դժկամորեն կիրառելու համար, կոնգրեսական Շերմանն ասաց.

- Սա ի՞նչ գերտերություն է, որ դողդողում է պատմության առաջ: Սա ի՞նչ գերտերություն է, որ անհանգստանում է Թուրքիայի սպառնալիքներից: Ամբողջ աշխարհում տասնյակ խորհրդարաններ են ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ճիշտ ժամանակն է, որ Կոնգրեսը նույնչափ քաջություն ցուցաբերի:

Ի պատասխան այն հարցին, թե ինչ կանեն երկու կոնգրեսականները Իսրայելի նման Ամերիկայի դաշնակիցներին քաջալերելու համար, որպեսզի նրանք ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, կոնգրեսական Բերմանը հայտարարեց, որ «հանդգնություն է մի պետության համար, որը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սկսել թելադրել այլ պետությունների, թե նրանք ինչ պետք է անեն: Ուստի, նախ` պետք է այս (Ցեղասպանության) բանաձևը անցկացնել, և մղել ու համոզել գործադիր իշխանությանը` նեցուկ կանգնել նրան, ինչ Կոնգրեսն է ընդունել, և հետո, դուք ցանկանում եք այն վերածել միջազգային համաձայնության: Սակայն, մենք լրջորեն չենք կարող մի այլ կառավարության ասել, թե նրանք պետք է որևէ բան անեն, որը մենք դեռևս չենք արել...»:

Կոնգրեսական Շերման.

- Ես հպարտանում եմ, որ Երուսաղեմի Հոլոքոստի «Յադ Վաշեմ» թանգարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը. հպարտանում եմ, որ Վաշինգտոնի Հոլոքոստի թանգարանը ևս նույնն է արել: Մենք պետք է ճանաչենք Հայոց ցեղասպանությունը Միացյալ Նահանգների կառավարության մակարդակով, սակայն ես համարձակվում եմ իմ իսրայելցի ընկերներին կոչ անել ավելի շուտ ճանաչել այն. նույնիսկ` մինչև մենք դա կանենք: Նաև, Իսրայելի քաղաքականությունը մի փոքր տարբեր է: Այստեղ դեռևս պատրանքներ են տածում, որ Թուրքիան ամերիկյան կարևոր դաշնակից է: Իսրայելում այդ պատրանքները քիչ թե շատ վերջերս փշրվեցին, այդ իսկ պատճառով մի օր կհայտնաբերենք, որ Իսրայելը կարող է կանխել Միացյալ Նահանգներին` 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը ճանաչելու հարցում: Եվ, հաշվի առնելով Իսրայելի պատմությունը, ինչպես նաև հրեա ժողովրդի պատմությունը, կարծում եմ, որ շատ կարևոր է դա անել: Ուստի, ես օրինակ, չեմ համարում, թե մենք պետք է սպասենք` Իսրայելին կոչ անելու համար, որպեսզի մեզանից առաջ անցնի. այլ պետք է ինքներս մեզ ոգևորենք` հնարավորինս արագ առաջ շարժվելու համար:

Բանավեճը վարող Հարութ Սասունյան.

- Ի գիտություն, կցանականայի որոշ պարզաբանումներ անել ձեր երկուսի տված պատասխանների առնչությամբ: Նախքան Իսրայելին խուսավարելու հնարավորություն ընձեռելը, որ սպասի այս հարցի վերաբերյալ մեր որոշում կայացնելուն, կարծում եմ, լավ կլինի հիշել, որ երկու անգամ` 1975 և 1984 թվականներին, Ներկայացուցիչների պալատը` լիագումար նիստերում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևեր է ընդունել: Ուստի, Իսրայելը ստիպված չէ սպասել, որ Ամերիկան դա առաջինը կանի: Մենք երկու անգամ արդեն ճանաչել ենք, այնպես որ այդ ընթացքում նրանք կարող են առնվազն մեկ անգամ անել դա:

Կոնգրեսական Բերման.

- Պատմական նկատառումներից ելնելով` Իսրայելը պետք է ճանաչի, հատկապես Իսրայելը պետք է դա անի:

Կոնգրեսական Շերման.

- Իսրայելը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, որովհետև դա բարոյական է ու ճիշտ. նաև` քանի որ առկա է պատմական փաստը:

Այն հարցին, թե արդյո՞ք Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի վարձակալության համար վճարել թուրքական կառավարությանը` բռնազավթված հայկական տարածքների վրա տեղակայված Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաօդային բազայի համար, այլ այդ գումարները վճարի հայազգի սեփականատերերի ժառանգներին, կոնգրեսական Շերմանը հայտարարեց.

- Ես անհամբեր սպասում եմ այնպիսի արտաքին քաղաքականության մշակման, որտեղ մենք ավելի քիչ կախվածություն ունենանք Թուրքիայում տեղակայված բազաներից, որովհետև տեսնում եմ, որ նրանք փորձում են քարոզչություն ծավալել Պենտագոնում և Կոնգրեսում` Ցեղասպանությունը չճանաչելու համար` հիմնվելով այն տեսության վրա, որ «Օ˜, դուք մեր բազաների կարիքն ունեք: Մենք կարող ենք և պետք է աշխատենք Հարավարևելյան Ասիայի, ՆԱՏՕ-ի մեր այլ դաշնակիցների հետ` այնպիսի բազային կառուցվածք ունենալու համար, որը չի պահանջում վարձակալության գումարներ վճարել թուրքական պետությանը»... Սակայն, քանի դեռ մեր բազան այդ հողերի վրա է, այն դառնում է մի հիանալի փաստարկ` հայկական պետությանը լրացուցիչ օգնություն ցուցաբերելու համար, քանի որ մենք այդ տարածքների վրա ենք:

Կոնգրեսական Բերման.

-Ընդդեմ Ցեղասպանության բանաձևի` Կոնգրե-սում հնչած հայտարարություններից մեկն հետևյալն է. «Օ˜հ, թուրքերը մեզ դուրս կքշեն Ինջիրլիքից»: Թուրքերը մեզ Ինջիրլիքից վռնդելու մտադրություն չունեն: Նրանք ուզում են, որ մենք այնտեղ լինենք, նրանք բուռն փափագ ունեն, որ մենք այնտեղ լինենք: Սա մի ծխածածկույթ է: Սա մի առարկություն է, որով թուրքական դիրքորոշումը սատարող մարդիկ վախեցնում են Կոնգրեսին` մտածել տալով, որ մեծ վտանգներ կլինեն մեր ազգային անվտանգության համար:

Թարգմանիչ`

Ռուզաննա ԱՎԱԳՅԱՆ