ԱՊՕՐԻՆԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ


 

Հայաստանյան օրենքները հաստատում են, որ ԾԻԳ-երի և ՊՈԱԿ-ների տնօրեններ ոչ թե նշանակվում, այլ` ընտրվում են մրցույթով: Սակայն տարօրինակ է, որ բացահայտորեն ոտնահարվում և խախտվում են օրենքները` այլևս դուրս մղելով մեր կարևոր ձեռքբերումներից մեկը` մրցութային կարգով պաշտոնի նշանակումը:

Ինչպես գիտենք, Առողջապահության նախարարության համակարգում գտնվող ԾԻԳ-ի տնօրեն է նշանակվել ՕԵԿ անդամ Նելսոն Զուլոյանը: Այս նշանակումը, բնականաբար, օրենքի կոպիտ խախտում է, սակայն նշանակողները չեն կամենում մեկնաբանել ու բացատրել: Այսպես` ոչ ոք չի ուզում պատասխան տալ այն բանի համար, որ միայն 2010-2012 թվականներին մրցութային համարվող ավելի քան 100 պաշտոն բաշխվել է ուղղակի նշանակումների ճանապարհով: Նման նշանակումները հիմնականում տեղի են ունեցել Կրթության և գիտության, մշակույթի, Առողջապահության նախարարություններում: Իհարկե, որոշ դեպքերում, ձևականորեն, նշանակում են ժամանակավոր պաշտոնակատարի, իսկ հետո արդեն, ծածուկ ու անաղմուկ` ԺՊ-ին հաստատում են հիմնական պաշտոնում: Նման բազմաթիվ դեպքեր կան: Այս ամենի մասին ևս մենք բազմիցս ահազանգել ենք, գրել, բայց պետական շատ պաշտոնյաներ լավ են հասկացել, որ կարելի է արհամարհել մամուլի ահազանգերն ու առաջ տանել իրենց «քաղաքականությունը»: